Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 10-ին մարդու իրավունքների պաշտպանության թեմայով համաժողովի ժամանակ իր ելույթում ասել էր․ «Ինձ համար անհասկանալի է, թե շատ ավելի խորը պատմական հավակնությունների մասին վկայող «Գարդման-Շիրվան-Նախիջեւան» միություն ստեղծող եւ դրա միջոցով քարոզչական ծրագրեր իրականացնող իշխանության ներկայացուցիչներն ինչպե՞ս են հիմնավորում Արցախի ինքնության պահպանման վտանգավորությունը։ Սա պարզապես անհավատալի է։ Ամենախորը հարգանքով այս միության առանձին անդամների նկատմամբ, բայց դա շատ ավելի խորը պատմական, շատ ավելի խորքային հավակնությունների մասին է, իսկ այն, ինչ վերաբերում է Արցախին, դա մեր թարմ վերքն է»։ Նշենք, որ «Գարդման-Շիրվան-Նախիջեւան» համահայկական միության համահիմնադիրներից է նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։
Մյուս համահիմնադիրը Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանն է, որը «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով Աշոտ Ղուլյանի այս հայտարարությանը, ասաց․ «Ես դեռեւս 2013-2014 թվականներից իմ համախոհերի հետ շրջանառության մեջ եմ դրել Գարդման-Շիրվան-Նախիջեւանի թանգարանի ստեղծման նախագիծը, եւ այդ անվանումը նոր չէ, որ մենք շրջանառում ենք»։
Մարիամ Ավագյանը նշեց, որ իրենք` որպես հանրային դիվանագիտական դաշտ, փորձել են բոլոր իշխանությունների հետ հնարավորինս համագործակցել։ «Բազմիցս կոչեր ենք հղել դեպի Ստեփանակերտ, նաեւ Երեւանի Հանրապետության հրապարակ ու Բաղրամյան 26՝ հանրային դիվանագիտությունն ի նպաստ երկրի արդյունավետ օգտագործելու համար։ Բայց մենք որեւէ համագործակցություն չենք տեսել ու մինչ օրս չենք տեսնում։ Այո, պետությունը պարտավոր էր եւ այսօր էլ պարտավոր է համադրել պետական ու հանրային դիվանագիտությունները: Ես թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի իշխանությունների կողմից երբեւէ չեմ տեսել պատրաստակամություն, քաղաքական կամք ու կարողություն հանրային դիվանագիտության ներուժը կիրառելու համար։ Եթե կիրառել են, ապա կիրառել են բացառապես իրենց նեղ անձնային, թիմային շահերը պաշտպանելու համար։ «Գարդման-Շիրվան-Նախիջեւան» համահայկական միավորում ՀԿ-ն նոր է ձեւավորվել։ Երեք համահիմնադիրներ ենք, եւ մենք միմյանց հետ չենք շփվում որեւէ քաղաքական կուսակցության դաշտում։ Ես երբեք չեմ հարել որեւէ կուսակցության։ Թվում է, թե մեծ տեմպերով պետք է աշխատեինք, բայց տեմպերը մեծ չեն։ Ինչ-որ քայլեր արվում են, անձամբ ես դժգոհ եմ, բայց լիահույս եմ, որ դա հնարավորություն կդառնա համադրելու Գարդման-Շիրվանի եւ Նախիջեւանի հայության ուժերը, որպեսզի կարողանանք Արեւելյան Հայաստանի այս բեկորի խնդիրը հայանպաստ լուծել: Բացի այդ, անձամբ ես այս կառույցը ընկալում եմ որպես հանրային դիվանագիտության եւ պետության միջեւ միջանկյալ մի օղակ: Օրինակ, վերջերս Երեւանի պատմության թանգարանում բացվեց Գարդման-Շիրվանի եւ Նախիջեւանի պահպանված մասունքների ցուցադրությունը: Նման ցուցադրության համար մենք 2013 թվականից բազմիցս ենք դիմել ՀՀ իշխանություններին ու ստացել ամենախեղված պատասխաններ: Իսկ այսօր ցուցադրությունը իրողություն է, եւ էլի նախագծեր կան վաղուց մշակված, որոնք նույնպես պարտավոր են կյանքի կոչվել»,- ասաց Մարիամ Ավագյանը։
Ըստ նրա՝ հայկական բոլոր իշխանական թեւերը՝ նախկին ու ներկա, իրենց թիմերով պարտավոր էին համադրել իրենց ուժերը, որ այս նեղ, ճակատագրական պահին փորձեինք փոսից դուրս գալ։ Իշխանությունները, նրա խոսքով, շատ անելիքներ ունեն․ «Սպառնալիքները մեծ են, իշխանությունների գործողությունները միտված պետք է լինեն միաբանմանն ու դիմադրողականության կերտմանը, անհեռատես քայլերը առիթ կդառնան նոր սպառնալիքների»:
Կարդացեք նաև
«Հայկական իշխանությունները երբեւէ չհիշեցին ո՛չ Սումգայիթի, ո՛չ Բաքվի, ո՛չ Կիրովաբադի ջարդերը։ Եթե հիշել են, ապա շատ փնթի ձեւով, առիթից առիթ, դա չի եղել ռազմավարական նպատակ ու երկրի պաշտպանության միջոց։ Գիտական մակարդակով չկան լուրջ ուսումնասիրություններ, տպավորություն կա, որ ինչ-որ արտաքին ձեռք հետ է պահել կենսական անհրաժեշտ քայլերից, կամ էլ անձնային ու թիմային խնդիրներն էին առաջնահերթ: Հիշում եմ, որ Բաքվի հայերի 1990 թվականի հունվարի ցեղասպանության 30-ամյա տարելիցը ՀՀ ԱԺ-ում նշելիս մեր իշխանական այրերի կողմից զոհված հայերի ամենատարբեր թվեր էին հրապարակվել։ Ահա ընդհանուր տխուր պատկերից մի դրվագ։ Արցախի նախկին իշխանություններին ես բազմիցս հիշեցրել եմ, որ Սումգայիթում ԼՂԻՄ-ի նախկին բնակիչներն էին ապրում, որ Բաքվի մեծ մասը արցախյան արմատներով հայեր էին։ Բայց թե՛ Երեւանում ու թե՛ Ստեփանակերտում բացարձակ անհաղորդ էին մեր բարձրացրած հարցերին ու նամակներին: Երբ կողքի ռասիստական, ցեղասպան համակարգը ամեն օր ողջ աշխարհով մեկ ինչ-որ հորինած «Խոջալուի ցեղասպանություն» էր քարոզում, երբ դրա ողջ հանրությունը պատրաստի քարոզչական համակարգ էր կիրառում իր «կորուսյալ» Շուշի վերադարձի մասին, ի՞նչ քարոզչական աշխատանք տարվեց հայկական քաղաքական դաշտի կողմից: Պատասխանեմ` ոչինչ, դեռ մեզ էլ սաստում էին, որ քիչ խոսենք «սաֆարով» երեւույթի մասին: Մեր փախստականների քաղաքի նախագծի համար մեր այցելությունը Հակարի գետի հովիտ մնաց չլուսաբանված, ու դա այն դեպքում, երբ մեր այցելությանը հետեւած միջոցառմանը ոչ պաշտոնական մասնակցեցին ԵՄ երեւանյան գրասենյակի եւ Իրանի դեսպանատան ներկայացուցիչները, իսկ հայկական իշխանություններից ոչինչ, երեւի Բաքվի տրամադրությունը չփչացնելու համար»,- ասաց նա։
Ըստ Մարիամ Ավագյանի՝ 2020 թվականի պարտությունն ու 2023 թվականին Արցախի հայաթափումը կանխելու համար ոչինչ չենք արել, մեր գոյության, երիտասարդ սերնդի պահպանման համար նույնպես ոչինչ չէինք արել։
«Մենք շատ նեղ օրեր ենք ապրում, ու պարտավոր ենք այսօր էլ խոսել Սումգայիթի, Շիրվանի, Գարդմանի, Նախիջեւանի մասին, որովհետեւ այն, ինչ կատարվեց Արցախի Հանրապետության հետ դա առնվազն 1905 թվականից ընթացող գործընթացների հետեւանք է, մի հաջորդ դրվագ։ Մեր կենսատարածքից մի մեծ բեկոր կրկին խլեցին: Մեզանից հող են խլել եւ ուզում են մարսել: Եթե մենք այսօր ընդունենք Արցախի ցեղասպանական բռնազավթումը, վաղը հերթը Հայաստանինն է: Արցախը կորցնելու իրավունք մեզ չի տրված. դա գոյաբանական սպառնալիք է հայ ժողովրդի համար»,- հավելեց Մարիամ Ավագյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ