Լրահոս
Օրվա լրահոսը

Ապտակով սթափվենք ապտակից…

Դեկտեմբեր 31,2023 13:45

ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ

ԱՄԱՆՈՐԻ ՊԱՏԳԱՄԸ 

                                                                                «Եթէ մէկը քո աջ ծնօտին ապտակ տայ, նրան միւսն էլ դարձրո՛ւ»:

Մինչեւ անցած մի քանի ամիսներին ապրած, կամ դեռ կենդանի հա­յերից շատերի վկա­յութիւնը մէջբերած կը լինենք, եթէ ասենք, որ 2023-ի նման տարւայ չէինք հան­դիպել մեր ժո­­ղո­վր­դի ժա­մա­նակակից պատմութ­եան ընթացքում: Փաս­­­տօ­րէն այլեւս չմնացին հայոց ցե­ղասպանութիւնից վե­րապրած մեր ա­ւագ սերնդի պատ­կանող թանկա­գին զաւակ­ները, որոնք իրենց կեանքի ընթացքին տեսել էին ա­ւելի՛ սոս­կալի դէպքեր քան 2023 թւին մեր տե­սա­­ծը, ի­րենց հարազատ բնօրրանից զրկ­ւած լինելուց բացի, եւ աք­սորի ու սպանդի ենթարկ­ւած լինելով:

Նորօրեայ միջավայրի նորատեսակ անորոշութ­իւնների գրկում, աշխարհաքաղաքական կեղտոտ խա­ղերի հարթակի վրայ մենակ մնացած լինելու մեր ազ­գային դժբախ­տութիւնը մեզ դրեց մի մութ սենեակում: Ո՛չ ոք­ից սպա­սում ու ակնկալիք չունեցողի մեր ցեղա­յին հպար­տութ­իւնը թոյլ չտւեց նոյնիսկ լացելու, ո՛չ իսկ ողորմութ­եան ափ բա­­ցելու մայթերի վրայ ծնրադիր. սա­կայն այդ մութ սենեակում մեզ հետ նստող մարդ եւս չգտնւեց, որի հետ զրուցէինք անցնող երեսուն եւ աւելի տարիների ընթաց­քում: Կոյր զկու­րայն յար­դարեցինք մեր մութ սենեակը, տօնածառեր դրեցինք հրա­պարակներում, կարծեց­եալ վայելքի խաբ­կանքով հիփնո­սացած:

Անցեալով յուշերով հարբեցող ժողովուրդ լինելու փաստը մեր դէպքում, հա­րուստ է պատ­մութեան օրինակներով: Սոյն յուշերը մեզ ցարդ պահում են աւա­րայրեան գինարբուքի դաշտում, նոյնիսկ 1500 տա­րիներ առաջ լցւած բաժակների թունդ գինու ազդեցութեան ներ­քոյ արտասան­ւող լորձնա­շուր­թն բաժակաճա­ռերով ու երգւող երգերով, որոնք ա­մէն ժա­մանակներում նե­ցուկ են կանգնելու բարոյա­կան յաղթանակի վեհ գաղա­փա­րին:

Իրար յաջորդող երկարաձիգ դարերում շառաչիւն ապտակներ էինք ստացել մեր երե­սին, բայց չէինք սթափւել: Վերապրելու մեր հզօր կամքին ապաւինած, միշտ վեր­յառնել էինք գերեզմանից, դուրս էինք եկել անյուսութեան անդունդից, փա­րա­տել էինք խաւա­րը, մերժել անարդարութիւ­նը եւ վերջապէս՝ պայքարել յանուն ա­զատութեան: Մեր այս ճիգի մէջ, միշտ հաւատացել էինք կեանքի վերսկսման, ո՛չ թէ անպայման նախօրօք ծրագրելով ապագան, այլ ճանապարհի ընթացքին գոր­ծե­լով վասն յա­ջողութեան:

Այո՛, ապտակւեցինք: Աւագ սերնդի պատկանողները դեռեւս յիշում են այն օ­րերը, երբ դաստիարակները յանկարծակի եւ ուժգին ապտակով ուշքի էին հրաւի­րում անուղղայ աշակերտներին: Ներկայ մանկավարժութեան մեր­ժած սոյն ձեւը, անցեալում շատ յաճախ նոր ուղղութիւն էր բացում իրենց ճանապարհը կորցրած աշա­կերտների առջեւ, որոնցից շատերը հետագայում յաջողակ անձեր են դարձել իրենց կեան­­­քում:

Օտար ազգեր ու պետութիւններ եւս ապտակի ուժգնութիւնից ցնցւած ու սթափւած լինելու պատմական փորձեր ունեն, որոնք ցաւի ազդեցութեան ներքոյ վերագտել են իրենց ինքնութիւնը: Նրանց ղեկավարները չեն վախեցել նոյնիսկ իրենց հայ­րե­նա­կիցներից յիմար կոչւելուց, սակայն հաւատացել, որ այն ինչ ցան­կանում են ի­րենց ազգի ու հայրենիքի համար, անպայման կա­րող են ձեռք բերել:

Ժամանակակից պատմութիւնը գունաւոր ամենաարդիական տեսաերիզն է վերոյիշեալների, որտեղ երեւում է թէ ինչպէս յաղթանակներով եւ ոսկեջուր մա­կագ­րութիւններով էջեր են կտա­կում մեզ մեր հե­­րոսները: Մեր նահատակները գեր­մարդկային կերպարներ չէին, ո՛չ էլ երե­ւակայական էակներ. այլ իրական, եւ իրենց առօրեայ կեան­քով մեր կեանքին միա­խառնւած մարդիկ:

Երանի՜ նրանց, ովքեր յաղթանակի տեսիլքով փակեցին իրենց աչքերը, եւ հայ­­րենիքի դրօշով պատանքւած իջան գերեզման, նոյնիսկ եթէ այսօր սրբապղծ­ւում են նրանց գերեզմանները եւ ոտքի կոխան լինում նրանց աճիւնները: Երա­նի՜ նրանց, ովքեր մինչեւ իրենց վերջին շունչը ազատ ու անկախ հայրենիքի հարա­զատ օդը շնչեցին: Վեր­ջապէս երանի՜ բոլոր նրանց, ովքեր յաղթանակած սրտի ուրախութեամբ ննջեցին ու չտեսան 2023 տարեթիւը եւ չզգացին դրա դառն ապ­տակին ուժգնութիւնը…:

Ապտակւեցինք, այո՛, բայց սթափւե՞լ ենք: Սոյն հարցի պատասխանը միա­նշանակ «ո՛չ» է, որովհետեւ դեռեւս հարբածի տեսքով, եւ ապտակի ուժգ­նու­թիւնից մեր հաւասարակշռութիւնը կորցրած, ու անսովոր պար պարելիս, փողոցի առւի մէջ ենք ընկել եւ անցորդների քրքջախառն ծիծաղին ու ծաղր ու ծանակին ենք ա­ռարկայ դարձել:

Այո՛, դեռեւս չենք սթափւել ամաչեցնող ապտակից. դրա փաստը, մեր կոր­ցրած արժանապատւութեան անգիտակից լինելու պարզ երեւոյթն է: Թշնամու դէմ մեր անզօր հնամեայ զէնքերը վար դրած, մեր իրար ատեցողութիւնը զարգացնում ենք լեզւի ամենասրածայր զէնքով, պղծելով հայի մեր օրհնաբուխ շրթները:

Այո՛, ապտակը դաս չի՛ եղել, եւ ո՛չ էլ առիթ համազգային միաւորման: Պար­տութիւնը կրկնակի պարտութեամբ նւիրագործելու տկարութիւնը մասնագիտութ­եան վերածած յառաջ ենք ընթանում, պարծենալով մեր նահատակների եւ ան­մահ հերոս­ների բոսոր ու անգին արեամբ:

Արդեօ՞ք Յիսուսի պատգամը՝ «Եթէ մէկը քո աջ ծնօտին ապտակ տայ, նրան միւսն էլ դարձրո՛ւ»-ն սխալ ենք ըմբռնել…: Տառապանքի բովից անցած ժողովրդի զաւակ լինելնուս, իրաւունք չունենք յատկապէս այս խօսքի իմաստային շատ հա­տու սրութիւնը անգի­տանալու:

Ոմանց կարծիքով Յիսուսի խօսքը պարտւողա­կանութեան համազօր է, թու­լութիւն է, նոյնիսկ խեղճու­թիւն է. մինչդեռ նոյն այս խօսքը գիտակից հզօրու­թիւնն է մարդ էա­կի, եւ որը խոնարհութեան ծածկոյթով պատւած իսկական արհամար­հանք է, ուղղւած աշխարհում ինքն իրեն ուժ համարող բոլոր ժամանակաւոր ու­ժերին: Մի խօսքով, դա բարձրից դիտւած փիլիսոփայական մօտեցում է, կեանքի ճղճիմ ու­ժերի վրայ նետւած վեհ ու յաղթական հայեացքով:

Նորագոյն ժամանակներին, իրար ծնօտին ապտակելու վարժութիւնը ձեռք բերած եւ իրար սթափեցնելու կեղծ քաջութիւն ցուցադրելու մարմաջով տարւած, չենք գիտակցում, որ ապտա­կից սթափւելու լաւագոյն ձեւը, ինքնապտակումն է: Իւրաքանչիւրս մեր իսկ ձեռ­­քով մեր երեսին ենք ապտակելու…: Ա՛յս է մեր ստացած ահաւոր ապտակից սթափւելու եւ ինքնաճանաչողութեան գիտակցութեան հաս­նե­լու ամէնից ազդու միջոցը:

Յոյսը նման է գեղեցիկ թղթերով փաթաթւած նւէրի տուփին: Տօնական առիթ­ներով նւէրներ փոխանակելու սովորութիւնը ուրախութիւն է պատճառում բոլորին, ան­կախ տարիքից եւ հանգամանքից: Ինչքա՜ն հետաքրքիր է իրեն յանձնւած նւէրի տուփը բացող մարդու սպասողական յուսալից վիճակը, թէ ի՞նչ է նախատեսւել ի­րեն հա­մար այդ տուփի մէջ:

Ամանորի առիթով սպասւած նւէրը, յատկապէս ներկայ ժամանակների մեր կեանքում պատահած դէպքերի լոյսի տակ, ո՛չ մեզ հովանաւորող եւ ո՛չ էլ մեզ բա­րեկամ համարւող ազգերից ու պետութիւններից չի՛ տրւելու մեզ: Լաւագոյն նւէրը մենք մեր ձեռքով յանձնենք մեզ՝ ապտակելով մեր զոյգ երեսները, վերջնականա­պէս սթափւելու համար մեր ստացած աններելի եւ կսկծեցնող ապտակի ցաւից:

ՇՆՈՐՀԱՒՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՒ ԲԱՐԻ ԿԱՂԱՆԴ

Աղօթաձայն օրհնութեամբ՝

 

ԳՐԻԳՈՐ ԱՐՔ. ՉԻՖԹՃԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Նոր՝ 2024 տարի,

Ազգային Առաջնորդարան, Թաւրիզ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031