Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության խոսքը Ամանորի առիթով
Հայ ժողովուրդը բոլորեց ևս մի տարի, որի ընթացքում նա ապրեց իր պատմության ամենածանր և ճակատագրական ժամանակաշրջաններից մեկը: Ամիսներ շարունակ շրջափակման տակ գտնվող Արցախը հարձակման ենթարկվեց և հայաթափվեց՝ համաշխարհային ընտանիքի լուռ ու մեղսակից հայացքի ներքո, առանց իսկ դույզն միջամտության կամ կանխման փորձի: Իսկ այսօր Հայաստանի Հանրապետության հողային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը դարձել են մեր առջև ծառացած գլխավոր մարտահրավերը:
Այստեղ ուզում ենք գնահատանքով արձանագրել՝ բռնի տեղահանված արցախահայ մեր քույրերին և եղբայրներին ցուցաբերված պետական օժանդակությունը, որի շնորհիվ կարելի եղավ արդյունավետ կերպով ապաստան և անհրաժեշտ միջոցներ ապահովել նրանց համար, հակառակ բռնագաղթածների անսպասելի մեծ հոսքին: Հատուկ գնահատանքի արժանի է նաև Հայաստանի քաղաքացին, որ սրտբաց և ջերմությամբ ընդունեց և աջակցեց իր հայրենակիցներին: Անշուշտ կասկածից վեր է, որ տեղահանված մեր քույրերն ու եղբայրները սոսկ պետական օժանդակության պիտի չապավինեն, այլ համայն հայությունը պետք է շարունակի նեցուկ կանգնել նրանց՝ նյութապես ու բարոյապես:
Անցնող տարվա իրադարձությունները եկան վերջնականապես ցույց տալու նաև, որ այն պաշտպանության համակարգը, որին ապավինել էինք տասնամյակներից ի վեր, գոյություն ուներ միայն թղթի վրա՝ անհետաձգելի դարձնելով երկրի անվտանգությունը սեփական նախաձեռնությամբ և ուժերով ապահովելու հրամայականը:
Կարդացեք նաև
Վերջին ամիսներին ժողովրդավար Հայաստանի նկատմամբ ցուցաբերվող միջազգային հետաքրքրությունը և ռազմական օժանդակություն տրամադրելու պատրաստակամությունը գալիս են հաստատելու այն փաստը, որ հայրենի կառավարության վարած բազմաբևեռ արտաքին քաղաքականությունը սկսել է տալ իր դրական արդյունքները: Նոր դաշնակիցներ գալիս են լցնելու այն բացը, որ 2020-ից այս կողմ ստեղծվել է Հայաստանի պաշտպանական համակարգում:
Դժվարությունների կողքին, ականատես ենք դառնում նաև դրական երևույթների: Հայաստանի տնտեսությունում արձանագրվող հաջողությունները մեզ հուսադրում են: Շնորհիվ փտածության, մենաշնորհների և ստվերային տնտեսության դեմ մղվող պայքարին՝ պետական բյուջեն տարվեց տարի ուռճանում է, հնարավոր դարձնելով ոչ միայն Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակի բարելավման ծրագրերը, այլ նաև հայոց բանակը արդիական սպառազինությամբ օժտելու հույժ կարևոր գործը:
Մյուս կողմից, Միջին Արևելքի հայության վիճակը շարունակում է մնալ անմխիթար՝ տարածաշրջանից ներս տնտեսական ու քաղաքական ծանր և անկայուն պայմանների ներքո: Անհուսալի և անորոշ այս վիճակը ստիպում է շատերին բռնել արտագաղթի ճամբան՝ հաճախ հայտնվելով օտար ափերում: Մեր մաղթանքն է, որ նրանք իրենց հայացքը կուղղեն դեպի հայրենիք, և այդ առումով կարևորում ենք շուտափույթ կերպով համապարփակ ներգաղթի մի ծրագիր կյանքի կոչելու անհրաժեշտությունը:
Նոր տարին թևակոխում ենք լավատեսությամբ, մանավանդ ի տես 32 հայ ռազմագերիների տուն վերադարձի բերկրալի փաստին, և հուսով ենք, որ 2024-ը իսկապես դառնա խաղաղության տարի:
Ամանորի և Ս. Ծննդյան տոների առիթով մեր հայրենիքին մաղթում ենք հարատև բարեբերություն ու վերելք, իսկ մեր հայրենակիցներին՝ առողջություն, երջանկություն և նորանոր յաջողություններ:
ՍԴՀԿ Կենտրոնական Վարչություն