Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոպիրկինը կարծես բարի ոստիկանի դերի մեջ է մտել եւ փորձում է մեղմել Մոսկվայից հնչող հայտարարությունները»․ Ռոբերտ Ղեւոնդյան

Դեկտեմբեր 31,2023 14:10

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով հարցին, որ Ռուսաստանը չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները, ասել էր․ «Ասել, որ Ռուսաստանը չի պաշտպանել Հայաստանին, ենթադրում եք, որ պետք է Ռուսաստանը ուղիղ հակահարվա՞ծ տար»:  Նա նաեւ ասել էր, որ ՌԴ-ն անտարբեր չէ, բարձրագույն մակարդակով քայլեր ձեռնարկվել ու ձեռնարկվում են՝ ուղղված հետագա լարման կանխարգելմանը, որպեսզի իրավիճակը խաղաղ կարգավորվի։  «Ես չեմ լսել գեթ մեկ հայտարարություն, որը կարող էր դիտվել որպես ազդակ, որը կասեր, որ Ռուսաստանը հրաժարվում է Հայաստանի հետ իր դաշնակցային հարաբերություններից»,- նշել է նա։

«Ուղիղ հակահարվածը եւս տարբերակ էր, բայց մենք ոչ ուղիղ հակահարվածներ էլ չենք տեսել։ Օրինակ՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից պահանջում էր առաջին հերթին քաղաքական գնահատական, բայց քաղաքական գնահատական եւս չի հնչել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղեւոնդյանը՝ անդրադառնալով ՌԴ դեսպանի հայտարարություններին։

Քաղաքագետի խոսքով՝ Կոպիրկինի հայտարարությունները չեն համընկնում այն գործողությունների հետ, որոնք անում է Ռուսաստանի ղեկավարությունը։ «Քանի որ Կոպիրկինը Երեւանում է, կարծես թե ավելի շատ բարի ոստիկանի դերի մեջ է մտել եւ փորձում է մեղմել այն տպավորությունը, որը կա։ Իսկ Մոսկվայում իր ղեկավարները բացարձակապես չեն փորձում ինչ-որ բան մեղմել, նրանք ակնհայտորեն հայտարարում են այն, ինչ անում են, օրինակ, ասում են, որ Արցախն Ադրբեջանի մաս է, որ Հայաստանը չունի սահմաններ, եւ այդ պատճառով նրանք չեն կարող գործողություններ իրականացնել։ Այսինքն՝ ինչ էլ այստեղ ասի Կոպիրկինը, մենք տեսնում ենք, որ Մոսկվայից բացարձակապես այլ հաղորդագրություններ են գալիս՝ եւ գործողությունների, եւ հայտարարությունների տեսքով»,- ասաց Ղեւոնդյանը։

Ըստ քաղաքագետի՝ արեւմտյան տարբեր երկրներից, որոնք Հայաստանի դաշնակիցը չեն, Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ եղել են հստակ հաղորդագրություններ, իսկ Ռուսաստանը խոսել է ընդամենը սահմանի գծված չլինելու մասին։ «Սրանք փաստեր են, որոնք, անկախ նրանից, թե Կոպիրկինն ինչ կասի, որեւէ կերպ հնարավոր չէ ներկայացնել հակառակ կողմով։ Այս փաստերը ցույց են տալիս մեկ բան, որ Ռուսաստանն ուղղակի չի ցանկանում նեղացնել Ադրբեջանին, Ադրբեջանի հետ ունի շահեր, որոնք այս պահին Հայաստանի հետ հարաբերությունների շրջանակներում չեն տեղավորվում»,- հավելեց մեր զրուցակիցը։

Կոպիրկինը նաեւ ասել էր․ «Արտաքին քաղաքականությունը դիտարկում ենք՝ կամ մեզ հետ, կամ մեր դեմ, և Ռուսաստանի անհանգստությունները հիմնավոր են, բացատրելի»։ Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Ռոբերտ Ղեւոնդյանն ասաց․ «Դա նորություն չէ, Ռուսաստանն իր բոլոր նախկին գաղութների հետ է նման կերպ է վարվում։ Տեսեք, թե ինչ է անում Ուկրաինայում, ինչ արեց Վրաստանում։ Ռուսաստանի համար իր նախկին գաղութները պետք է ընդհանրապես իրենց շահերի մասին չմտածեն եւ լինեն Ռուսաստանի կողքին։ Իսկ եթե ինչ-որ հարցում նախկին գաղութը փորձում է ինքնուրույնություն ցուցաբերել, ապա Ռուսաստանը դա շատ վատ է ընդունում եւ թշնամաբար է տրամադրվում։ Առավել եւս Հայաստանի դեպքում, որը երկար տարիներ ընդհանրապես սեփական արտաքին քաղաքականություն չի ունեցել, եւ նույնիսկ հարեւանների հետ հարցերը կարգավորելու մասին մեր ղեկավարները գնացել ու հայտարարություններ են արել Մոսկվայում»։

Անդրադառնալով այս համատեքստում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը՝ քաղաքագետը նշեց․ «Հայաստանի իշխանությունը փորձում է միաժամանակ նստել երկու աթոռի, ինչը շատ ցավոտ հետեւանքներ կունենա։ Եթե պատկերավոր ասեմ՝ աթոռները կփախնեն, եւ մենք մեր կոնքոսկրը կկոտրենք։ Եվ դրա հետեւանքով այն հնարավորությունները, որոնք դեռ բաց են մեր առաջ,  կարող ենք կորցնել։ Հնարավոր չէ լինել մի հարթությունում եւ բարեկամություն անել դրան հակասող հարթության հետ։ Այսինքն՝ մենք պետք է որոշում կայացնենք, քանի որ մեզ արդեն դնում են այդ որոշման առաջ։ Եվ առաջին հերթին հենց Ռուսաստանն է դնում այդ որոշման առաջ՝ կամ մեզ հետ եք, կամ մեզ թշնամի եք։ Երկու ուղղությունում էլ Հայաստանն ունի շահեր եւ մարտահրավերներ։ Իմ կարծիքով՝ արեւմտյան ուղղությունը Հայաստանի համար ավելի շահավետ է։ Եթե Հայաստանի իշխանությունն այլ կարծիքի է, ուրեմն հստակ պետք է հակառակ կողմ նայի։ Բայց Հայաստանի իշխանությունը հստակ ոչինչ չի անում»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031