Անտիկ շրջանի հույն մտածողները մեծ նշանակություն էին տալիս քաղաքական և հասարակական գործերում քաղաքացիների ակտիվ մասնակցությանը: Ավելին, մասնակցությունը քաղաքական և հասարակական գործընթացներին դիտվում էր որպես քաղաքացիական առաքինություն:
Հավանաբար հենց այս պատճառով է հույն փիլիսոփա Պլատոնն ընդգծել. «Եթե դուք չեք հետաքրքրվում ձեր իշխանության գործունեությամբ, դուք դատապարտված եք ապրելու հիմարների կառավարման ներքո»: Խոսքն այստեղ անտարբերության և ապատիայի հնարավոր վտանգների մասին է, որն, ինչպես տեսանք, Հայաստանի դեպքում ողբերգության հանգեցրեց:
Արցախի ինքորոշման իրավունքը պաշտոնական Երևանի խոսույթից դուրս բերելը առանձնապես հանրային անհանգստության չարժանացավ: 9-ամսյա շրջափակման ընթացքում տեսանելի էր չմտահոգված կամ «Արցախը սրան էլ արժանի ա» հայտարարող մարդկանց թիվը: Ավելին, սեպտեմբերի բռնի տեղահանումներից հետո մեծամասնությունը շարունակում է ապրել այնպես, կարծես հայկական հող չենք կորցրել, և 100.000-ից ավել հայ չի ենթարկվել էթնիկ զտման:
2023-ին դրսևորված անտարբերությունն ու ապատիան դիտարկենք մեկ այլ, ավելի պակաս ոդբերգական տեսանկյունից: Երևանի ավագանու հերթական ընտրությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 28.4 տոկոսը: Այս ցուցանիշն, անշուշտ, բավականին ցածր է նախորդ ընտրություններին համեմատ: Եզրահանգումն ակնհայտ է՝ քաղաքացիների մի շոշափելի հատված վստահ է, որ ամեն ինչ կանխորոշված է, և իր ձայնը կարևոր չէ: Ցավոք, այս ընկալումները ձեռնտու էին միայն իշխանությանը:
Կարդացեք նաև
Երկիրը չի կարող լինել ժողովրդավարական, եթե չկա քաղաքացիական լայն մասնակցություն ժողովրդավարական ներկայացուցչության ամենագլխավոր գործընթացներից մեկին՝ ընտրությանը: Իշխանության քաղաքականության պատճառով առաջացած հիասթափության ինչպես նաև «ներկանների» և «նախկինների» միջև ձեռնհաս այլընտրանք չգտնելու պատճառով՝ շատ ու շատ քաղաքացիներ հրաժարվում են իրենց քաղաքացիական ֆունկցիաներից:
Պարկեշտ հայկական պետություն կառուցելը երկարատև (շատ երկարատև) գործընթաց է, և յուրաքանչյուրս պետք է քաջ գիտակցենք, որ պետության կառուցման պտուղները չենք քաղելու ո՛չ 2024-ին, ո՛չ 2025-ին, ո՛չ էլ մոտակա տարիներին: Այսինքն, համբերություն նույնպես անհրաժեշտ է: Բայց այդ կառուցումը պետք է սկսենք օր առաջ:
Իսկ պարկեշտ պետության կառուցման հիմքում, վստահաբար, պետք է լինի նպատակաուղղված կրթական համակարգը: Դպրոցական կրթության շնորհիվ երեխան պետք է դառնա լավ մարդ և առաքինի քաղաքացի: Դա այն քաղաքացին է, որը՝
ա/ արտագաղթը չի դիտարկում որպես խնդիրների լուծում
բ/ համադրում է անձնական շահը հանրային շահի հետ
գ/ մտածում է իր երկրի ապագայի մասին
դ/ մասնակցում է ընտրություններին
ե/ ունի որոշակի գիտելիքներ պատմության, գրականության, քաղաքականության, կրոնի և բարոյականության մասին:
Իհարկե, սա շատ պարզեցված բնութագրում է: Մեր՝ հայերիս դեպքում, կարևոր է նաև Առաքելական եկեղեցու ուսմունքներով կրթվելը: Միայն լավ մարդ և առաքինի քաղաքացի դաստիարակող դպրոցը (լայն իմաստով) կարող է երկիրը դարձնել կանխատեսելի, պարկեշտ և ժողովրդավարական:
Թերթելով 2023-ի անտարբերության, ապատիայի և ողբերգության էջը՝ հույս ունենանք, որ 2024-ից ականատես կլինենք իր երկրի ապագայով հետաքրքրված քաղաքացիական հասարակության, որը գոնե փորձում է լավ Հայաստան կառուցել՝ Հայաստան, որի քաղաքացին քաղաքացի է, այլ ոչ թե հանգամանքների և/կամ օտարների քմահաճությունների զոհ:
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ