Քանի որ սա այս տարվա վերջին խմբագրականն է, գնամ ավանդական ճանապարհով եւ երեք մաղթանք հղեմ նախ՝ ինքս ինձ, ինչպես նաեւ մեր մոլորակի բոլոր բնակիչներին:
«Քաղաքական» մաղթանքներով հանդես գալն անիմաստ է՝ մարդիկ նստած են իրենց «էխո-խցիկներում» (echo chambers) եւ լսում են միայն սեփական ձայնի արձագանքը: Կամ, եթե օգտագործենք Պլատոնի փոխաբերությունը, նստած են իրենց քարանձավներում եւ տեսնում են իրական իրադարձությունների ստվերները: «Քաղաքականը» եկեք կապենք հոգեբանականի կամ, եթե կուզեք, հոգեւորի հետ: Եթե այդ ոլորտում առաջընթաց լինի, ապա, մեկ էլ տեսար, «քաղաքական» գիտակցության մեջ էլ մի բան փոխվեց:
Եվ այսպես՝ Նոր տարում ես մաղթում եմ.
1/ Սովորել: Համացանցը հնարավորություն է տալիս ամեն վայրկյան եւ ամեն հարցով կարծիք հայտնել, եւ հաճախ այդ կարծիքը առանձին «թարմությամբ» աչքի չի ընկնում՝ այստեղից-այնտեղից լսած ձեւակերպումների կրկնություն է, նախապաշարումների, կարծրատիպերի, դավադրությունների տեսությունների արտապատկեր: Մարդիկ ավելի շատ գրում են, քան կարդում, իքնարտահայտվում են, քան ընկալում: Որպեսզի այդպես չլինի, պետք է անընդհատ սովորել եւ սովորելուց հաճույք ստանալ: Մաղթանքն ուղղված է բոլոր տարիքային խմբերին:
Կարդացեք նաև
2/ Որեւէ ուշադրություն չդարձնել, թե ինչ տպավորություն եք թողնում մարդկանց վրա: Չվախենալ լինել ծիծաղելի, անբաշար, տարօրինակ, անհաջողակ, անհասկանալի: Դուք այդպես եք վարվում, որովհետեւ դա ձեզ հաճույք է պատճառում, ոչ թե՝ ինչ-որ մեկի հետ մրցակցելու, հաղթելու, «ճիշտ դուրս գալու», որեւէ բան աշխարհին ապացուցելու համար: Լիդիայի թագավոր Կրեսոսը (մ.թ.ա. 6-րդ դար) ցույց է տալիս իր հարստությունները աթենքցի փիլիսոփա Սոլոնին եւ րոպեն մեկ բացականչում է՝ «մի՞թե սա գեղեցկություն չէ»: Ինչին Սոլոնը պատասխանում է՝ «իսկ ո՞վ ասաց, որ աքաղաղի պոչն ավելի գեղեցիկ չէ»:
3/ Ժամանակ չկորցնել դատարկ զբաղմունքների, հիմարությունների վրա: Մասամբ բխում է նախորդ մաղթանքից: Ամենահիմար բանն, իհարկե, սոցցանցերի ժապավենը «թերթելն» է եւ, առավել եւս՝ համացանցով բանավեճերի մեջ մտնելը: Դա նույնքան «տոքսիկ» զբաղմունք է, որքան թմրանյութ օգտագործելը կամ հարբեցողությամբ զբաղվելը: Առանց չափազանցության կարելի է ասել, որ դա առողջության համար նույնքան վնասակար է:
Մի խոսքով, առողջ եղեք: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:
Հաջորդ խմբագրականը՝ հունվարի 4-ին:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Շնորհակալություն: Միանում եմ բոլոր երեք մաղթանքներին: