Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը հրթիռներով և անօդաչուներով հարձակվել է Ուկրաինայի վրա. կան տասնյակ զոհեր. «Ազատություն»

Դեկտեմբեր 29,2023 22:15

«Ազատություն» ռ/կ. Առնվազն 20 մարդ է զոհվել, ավելի քան 130-ը՝ վիրավորվել Ուկրաինայի տարածքում ռուսական բանակի զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով։ Այս նախնական տվյալները հայտնում են Ուկրաինայի ՆԳՆ-ն։

Դեկտեմբերի 29-ի գիշերը և առավոտյան ռուսական բանակը թեւավոր հրթիռներով և անօդաչուներով հրթիռակոծել է Ուկրաինան, ներառյալ Կիևը, Խարկովը, Օդեսան, Լվովը, Դնեպրը, Զապորոժիեն։ Ողջ Ուկրաինայում հայտարարվել է օդային տագնապ։

Կիևում, վերջին տվյալներով, երեք մարդ է զոհվել: Նրանց մարմինները հայտնաբերվել են Շևչենկոյի շրջանում հրթիռային հարձակման հետևանքով ավերված պահեստի փլատակների տակ։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Կիևում տուժել է մոտ 30 մարդ, որոնցից 25-ը հոսպիտալացվել են։ Քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ պայթյունից վնասվել է մետրոյի «Լուկյանովսկայա» կայարանի շենքը, որը գործում է որպես ապաստարան

Խարկովը, ըստ քաղաքի քաղաքապետ Իգոր Տերեխովի նախնական տվյալների, հրթիռակոծվել է С-300 և X-22 հրթիռներից։ Նրա խոսքով՝ գիշերը և առավոտյան քաղաքի ուղղությամբ առնվազն 12 հարված է հասցվել։ Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ քաղաքում հրետակոծությունից մի տղամարդ է զոհվել։ 11 մարդ վիրավորվել է։ Խնդիրներ են առաջ եղել տրանսպորտի համար էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված։

Առավոտյան Կոնոտոպ քաղաքի վրա հարձակման հետևանքով երեք մարդ վիրավորվել է, հայտնում է Սումիի շրջանային ռազմական վարչությունը։ Վնասվել է բազմաբնակարան շենք և ավտոտեխսպասարկման կետ, հրդեհ է բռնկվել։ Իշխանությունները կարծում են, որ հարձակումն իրականացվել է հրթիռներով:

Լվովի ուղղությամբ հարձակվել են ավելի քան 10 անօդաչուներ, ասել է քաղաքի քաղաքապետ Անդրեյ Սադովին։ Նրա խոսքով՝ հրդեհ է բռնկվել «կրիտիկական ենթակառուցվածքային օբյեկտում»։ Ավելի ուշ Լվովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին գրել է մեկ զոհի և 15 վիրավորների մասին՝ Խոտկևիչ փողոցում գտնվող բնակելի շենքի վրա հրթիռային հարձակման հետևանքով։

Օդեսայում կործանված անօդաչուի բեկորներն ընկել են բազմահարկ շենքի վրա և հրդեհ առաջացրել, հայտնել է շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։ Ավելի ուշ նա պարզաբանել է, որ քաղաքի երկու բնակիչ է զոհվել, 15-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ վեց և ութ տարեկան երկու երեխա։

Դնեպրում առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել։ Վերջին տվյալներով՝ զոհվել է հինգ, վիրավորվել՝ 15 մարդ։

Զապորոժիեի շրջանում երկու զոհ և 10 վիրավոր է գրանցվել: Պայթյունի ալիքից և բեկորներից տուժել են բարձրահարկ շենքեր։ Մարդիկ կարող են մնալ փլատակների տակ, փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ուկրաինական մոնիթորինգային ալիքները հաղորդել են պայթյունների և հրթիռների տեղաշարժի մասին դեպի Միրգորոդ Պոլտավայի շրջանում, Կրոպիվնիցկիում, Կրիվոյ Ռոգում և Կիևի շրջանում:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը Ուկրաինայի վրա հարձակվել է մոտավորապես 110 հրթիռներով։

«Ծննդատուն, ուսումնական հաստատություններ, առևտրի կենտրոն, բարձրահարկ շենքեր և առանձնատներ, կոմերցիոն պահեստ, ավտոկայանատեղի Կիևում, Լվովում, Օդեսայում, Դնեպրում, Խարկովում, Զապորոժյեյում և այլ քաղաքներում»,- նշել է Զելենսկին՝ թվարկելով տուժած քաղաքներն ու օբյեկտները։ Նրա խոսքով՝ «Ռուսաստանը հարվածել է գրեթե այն ամենով, ինչ ունի իր զինանոցում»։ Զելենսկին խոստացել է «անպայման պատասխանել» հարվածներին։ «Ռուսական տեռորը պետք է պարտվի, և դա հենց այն է, ինչ տեղի կունենա», – ընդգծել է Ուկրաինայի նախագահը։

Ավելի ուշ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հայտնել է, որ դեկտեմբերի 29-ին ռուսական բանակը 158 հրթիռ և անօդաչուներ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Այդ թվում՝ հինգ «Կինժալ» բալիստիկ հրթիռներ։

Բացի այդ, ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի տարածքի վրա 36 հարվածային անօդաչուներով։ Խոցվել է 87 հրթիռ և 27 անօդաչու, գրել է Զալուժնին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ուրբաթ օրը հայտնել է, որ ռուսական բանակը դեկտեմբերի 23-ից 29-ը մեկ շաբաթվա ընթացքում 50 խմբակային և մեկ զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմական օբյեկտների վրա, և որ «թիրախները խոցվել են»։ Գերատեսչությունը նշել է, որ հարվածները հասցվել են նաև «օտարերկրյա վարձկանների դիրքերին»։ Մոսկվան բազմիցս հերքել է Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտների վրա միտումնավոր հարձակումների մեղադրանքները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031