Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ն խստորեն քննադատեց, բյուջեն չհաստատվեց, Գյումրու քաղաքապետը նեղացած հեռացավ

Դեկտեմբեր 29,2023 22:40

Այսօր Գյումրու ավագանու արտահերթ նիստի օրակարգի 9-րդ հարցը Գյումրու գլխավոր փաստաթղթի՝ բյուջեի հաստատումն էր, որի ժամանակ էլ թե՛ «Բալասանյան դաշինքի» հետ հուշագիր խզած ՔՊ-ի և թե՛ «Զարթոնք» խմբակցությունների ղեկավարների կողմից հնչեցին կոշտ քննադատություններ։ Բյուջեն չհաստատվեց, որից անչափ նեղվեց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

Գյումրու քաղաքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը զեկուցեց, որ 2024 թվականի բյուջեի եկամտային մասը կկազմի 5 մլդ 767,7 մլն դրամ, ծախսային մասը կկազմի նույն թիվը, իսկ դոտացիան՝ 3 մլդ 522 միլիոն դրամ։ Ըստ Լենա Ջիլավյանի, դոտացիան 931 միլիոն դրամով ավելացրել են։

Սեփական եկամուտները կկազմի 2 միլիարդ 245, 7 մլն․ դրամ։

«Զարթոնք» խմբակցության ավագանու անդամ Կարեն Սոսյանը ելույթ ունեցավ՝ ասելով․ «Գյումրու բյուջեն 5 միլիարդ է 2024 թվականին նախատեսած, Երևանի բյուջեն՝ 124 միլիարդ դրամ է, տարբերությունը տեսնում եք ինչքան զգալի է և խորը փիլիսոփայական վերլուծություններ հաստատ պետք չեն հասկանալու համար՝ ինչու է այսքան տարբերություն։

Ես կբերեմ համապետական ընտրությունների թվերը․ 2021 թվականին Երևանում ընտրություններին մասնակցել է 443 հազար մարդ, Գյումրիում մասնակցել է 47 հազար մարդ։ Այսինքն, եթե համեմատում ենք բյուջեով Երևանի մեկ շնչին բաժին ընկած բնակչի համար նախատեսված թիվը Գյումրիի հետ, ստացվում է, որ 2,2 անգամ Գյումրին ավելի քիչ բյուջե է նախատեսում, քան Երևանը։

Նվազագույնը Գյումրու բյուջեն պետք է լիներ 12,5 միլիարդ դրամ։ Մենք ուրախանում ենք, որ մեկ միլիարդով ավելացել է բյուջեն, ինչպես դուք նշեցիք ձեր խոսքի մեջ, մեկ միլիարդ ավելացել է, բայց 900 միլիոն խնդիր ունենք։ Հասկանում եմ, որ սա համապետական խնդիր է, բայց ուզում եմ հասկանալ՝ մենք ի՞նչ ենք արել այս խնդրի հետ կապված կամ ի՞նչ ենք անում։ 25 տարի, ինչքան ես հիշում եմ, անկախությունից այս կողմ ոչ մի տարածքային համաչափ զարգացում չենք տեսել, հեղափոխությունից հետո էլ չենք տեսել այս հինգ տարվա ընթացքում»։

Վարդգես Սամսոնյանը թվարկեց Գյումրիում իրականացված աշխատանքներն՝, ասելով, որ կառավարությունը ոչ ուղղակի տարբեր ծրագրերով գումար հատկացնում է։ Ըստ նրա, եթե իր թվարկած ծրագրերի արժեքը գումարեն, կստացվի այդ 12 միլիարդ դրամը, թեև ցանկալի է, որ Գյումրին հենց այդքան բյուջե ունենար։ Նա թվարկեց նաև Գյումրիի կարիքները՝ նշելով, որ միանգամից լուծել հնարավոր չէ, կառավարությունն այդքան գումար չունի։

«Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը ևս ելույթ ունեցավ՝ խոսելով թափառող շների խնդրից, քննադատեց, որ խնդիրը կա ու չի լուծվում։

«Մենք տարիներ շարունակ փողը, որ տվել ենք կազմակերպություններին ստերջացման համար՝ 30 միլիոն, 40 միլիոն, մենք լրացուցիչ գործիքակազմ չենք կիրառել, որպեսզի էդ խնդրի լուծման իրական արդյունքը ստանանք։ Եվ միաժամանակ այնպիսի իրավիճակ է ստացվել, որ մութ տարածքում դու փողեր ես տալիս, որովհետև պարզ ասեմ՝ մասնագետներն ինչ են ասում․ տվյալ կազմակերպությունները, որ տարիներ շարունակ շահում են, իրենք բիզնես ծառայություններ են, իսկ շունը բիզնես ծառայության համար արդյունք է և ինչո՞ւ իրենք պիտի շահագրգռված լինեն, որ այս ամենը չշարունակվի», -ասաց բանախոսը։ Նա նաև նշեց, որ նույնիսկ թափառող շների հստակ քանակը Գյումրիում չգիտեն։ Ըստ Վարդևան Հակոբյանի, ստերջացման գործընթացը ճիշտ չի կազմակերպվում։

Նրա ներկայացմամբ՝ Գյումրիում մոտ 5 հազար թափառող շներ կան, գուցե վերջին ամիսներին 3 հազարով ավելացել են, որոնց 30-40 տոկոսը ստերջացված չեն։

Ըստ նրա, եթե ամբողջական ստերջացում չեն անում, շները նորից ձագ են տալիս։

Նա նաև նշեց, որ 70-ից ավելի կենդանասեր-կամավորներ կան, որոնց ներուժը չեն օգտագործում և առաջարկեց աշխատանքային խումբ ձևավորել ու ներգրավել մասնագետներին այս հարցը լուծելու համար։

Ելույթ ունեցավ նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը։ Նա ասաց, որ ծանոթացել են բյուջեի նախածին ու եկել այն եզրահանգման, որ այն իրենից չի ներկայացնում այն փաստաթուղթը, որը պիտի լուծեր քաղաքի խնդիրները։

Նա ևս առանձնացրեց թափառող շների հարցը՝ նշելով, որ 2024 թվականին այս հարցը ևս չի լուծվելու, և Գյումրիի բնակիչները շարունակելու են « ահուդող քայլել փողոցներով, բակերով, երեխաները հաչոցների ու հարձակումների ներքո շարունակելու են գնալ դպրոց և մանկապարտեզ»։

Ըստ Քնարիկ Հարությունյանի, այս խնդրի շարունակ կոծկումը և բացակայությունը խոսում է կամքի բացակայության մասին, և որ քաղաքապետարանի կառավարող թիմը այլ նպատակներ է հետապնդում կամ կոմպետենտ չէ լուծել օրհասական խնդիրները։

Նա անդրադարձավ նաև տնակների ապամոնտաժմանը ուղղված քայլերին, նշելով, որ այդ քայլերը ևս լղոզում են։

«Իհարկե, շատ հեշտ է կարիքավոր մարդկանց ամեն տարվա սկզբին փայտ տրամադրել և 10 հազարական դրամ հատկացնել, բայց մարդկանց տարրական պայմանները ապահովելուն ուղղված քայլեր չանել։ Դրա վառ օրինակը Բաղրամյան փողոցի կոյուղատար համակարգի բացակայումն է լուսավոր 21-րդ դարում»,- ասաց Քնարիկ Հարությունյանը։

Ըստ նրա, 2024 թվականի բյուջեն դոտացիայի հաշվին աճել է 931 միլիոն դրամով, բայց համայնքը ոչինչ չի արել այս խնդիրները լուծելու համար։

«Նոր են տվել, սպասեք»,-արձագանքեց քաղաքապետը։

ՔՊ խմբակցության ղեկավարը շարունակեց․ «Այս նախագիծը համայնքի խնդիրները չլուծելու, կոծկելու մասին է»։

Գյումրու քաղաքապետը շատ զայրացավ՝ ասելով․ «15 կող, 11 դեմ, 6 ձեռնպահ․ որոշումն ընդունված չէ։ Ձեր քաղաքի բյուջեի հետ կապված խիղճը թողնում եմ ձեր վրա։

Մենք շատ ծրագրեր ունեինք ներկայացնելու, բայց որ չի ընդունվում, Աստված ձեր հետ, ամեն մարդու խղճի դիմաց թող Աստված իր դեմը բերի»։

Վարդգես Սամսոնյանն ասաց, որ ինչ-ինչ ամբիցիաներից ելնելով՝ չընդունվեց բյուջեն։

Քնարիկ Հարությունյանը հորդորեց չմանիպուլացնել, ըստ նրա, խղճի հարց չկա, այլ ուզում են, որ բյուջեն ընդունվի օրենքի բոլոր կետերին համապատասխան։ ՔՊ խմբակցության ղեկավարի կարծիքով՝ խնդրահարույց կետեր կան։ Նա խորհուրդ տվեց լրամշակել և պատշաճ տեսքով ներկայացնել փաստաթուղթը։
Իսկ նիստի վերջում Քնարիկ Հարությունյանը հայտարարեց․ «Ուզում եմ ասել, որ «Բալասանյան դաշինքը» և «Հանրապետական» կուսակցությունը տարիներ անց վերամիավորվել են, և ես շնորհավորում եմ ձեր միությունը»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031