Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին երկու նոր փոխքաղաքապետեր ունի․ ովքե՞ր են նրանք

Դեկտեմբեր 29,2023 20:02

Այսօր տեղի ունեցավ Գյումրու ավագանու արտահերթ նիստը, որի օրակարգում այս քաղաքի  համար անչափ կարևոր 9 հարցերի քվեարկություն էր․ « Բալասանյան դաշինքը» ներկայացնող երկու փոխքաղաքապետերի ընտրություն, քաղաքապետի ու աշխատակիցների աշխատավարձերի չափի սահմանում, Գյումրու գլխավոր փաստաթղթի՝ բյուջեի նախագծի հաստատում։

Նշենք՝ Գյումրու գլխավոր փաստաթուղթը, որ քննարկումը օրակարգի ամենավերջին՝ 9-րդ հարցն էր, չհաստատվեց․ «Բալասանյան դաշինքի» հետ միակողմանիորեն հուշագիրը ստորագրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը,  որը 11 մանդատ ունի, կոշտ քննադատության ենթարկեց այն։

«Այս նախագիծը համայնքի խնդիրները չլուծելու, կոծկելու մասին է», -հայտարարեց Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը։ Ավելին, նա ասաց, որ «Հանրապետական» կուսակցությունը ու «Բալասանյան դաշինքը» դարձյալ միավորվել են։ Ի նկատի ունենալով այն, որ « Հանրապետական» կուսակցությունն այսօր մշտապես կողմ էր քվեարկում  ։Բալասանյան դաշինքի» նախաձեռնություններին։

Բյուջեի չհաստատվելն անչափ նյարդայնացրեց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին։

Ավագանու նիստի օրակարգի առաջին հարցը փոխքաղաքապետերի ընտրությունն էր․ «Բալասանյան դաշինքն» առաջին փոխքաղաքապետի պաշտոնում առաջադրել էր ավագանու անդամ Լուսինե Սանոյանի թեկնածությունը, որն, ի դեպ, բավական մեծ ոգևորություն է առաջացրել  գյումրեցիներից շատերի մոտ, մյուս փոխքաղաքապետի պաշտոնում՝ Սուրեն Սեպուհի Ջանոյանինը։

Լուսինե Սանոյանը, ինչպես գրել ենք, լուրջ կենսագրություն ունեցող անձ է․  անգլերենի մասնագետ է, գիտությունների թեկնածու է, կառավարչական մեծ հմտություններ ունի, աշխատել է նաև միջազգային կառույցներում, նա  2012 թվականից մինչև օրս զբաղեցնում է «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ-ի փոխտնօրենի պաշտոնը։

Լուսինե Սանոյանը  Գյումրու նախկին փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի դուստրն է, Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի հարազատ քրոջ դուստրը։

Մյուս փոխքաղաքապետը՝ Սուրեն Ջանոյանը ևս Բալասանյան ընտանիքի հավատարիմ մարդկանցից է։ Նա 2003-2017 թվականներին աշխատել է Գյումրի գարեջրի գործարանում՝ որպես առաքման բաժնի պետ։ Իսկ 2017 թվականից աշխատում է Գյումրու համայնքապետարանում, սկզբում որպես բյուջեի և եկամուտների հավաքագրման բաժնի պետ, 2022 թվականից էլ մինչ օրս  բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար։
Նա 49 տարեկան է, մասնագիտությամբ տնտեսագետ։

Երկու փոխքաղաքապետերն էլ ներկայացրեցին իրենց ծրագրերը։ Լուսինե Սանոյանը ելույթ ունեցավ՝ նախևառաջ  շնորհակալություն հայտնելով 2 տարի շարունակ այդ պաշտոնը զբաղեցրած ՔՊ-ական Արթուր Պապիկյանին։

Լուսինե Սանոյանը համակարգելու է  առևտրի, գովազդի և սպասարկման ոլորտը, ծրագրերի և արտաքին կապերը, մշակույթը և երիտասարդության, կրթության, ֆիզկուլտուրայի և սպորտի, անձնակազմի կառավարման և քարտուղարության աշխատանքները։

Նրա թեկնածությունը փոխքաղաքապետի պաշտոնում՛ «Բալասանյան դաշինքից» բացի՝ կողմ քվեարկեցին «Հանրապետական» և «Ապրելու երկիր» խմբակցությունները, նրանցից ամեն մեկը երկու ձայն ունի։ 11 մանդատ ունեցող ՔՊ-ն մի մարդու պես դեմ քվեարկեց, «Զարթոնք» խմբակցությունը ՝ ձեռնպահ։

Եվ այսպես՝  17 կողմ, 4 ձեռնպահ, 11 դեմ ձայներով Լուսինե Սանոյանն ընտրվեց Գյումրու համայնքի ղեկավարի առաջին տեղակալ։

Սուրեն Ջանոյանի դեպքում էլ տառացիորեն նույն քվեարկությունը ստացվեց, միայն թե սկզբում ՔՊ-ն հայտարարեց, թե ձեռնպահ է քվեարկում, սակայն հաշվարկ կատարելուց հետո պարզաբանեցին, որ շփոթմունք է  եղել, իրականում դեմ են քվեարկել։

ՔՊ խմբակցության ղեկավար  Քնարիկ Հարությունյանը  ելույթ ունեցավ՝ փողոցների հիմնանորոգումները հատ-հատ թվարկող Ջանոյանին քննադատելով այն բանի համար, որ նա մի տարի շարունակ ոչինչ չի արել Մադոյան փողոցի լուսավորության հարցը լուծելու համար, որը բարձրաձայնել էր ՔՊ խմբակցությունը։ Ըստ ՔՊ խմբակցության ղեկավարի, իրենց փորձագետն ամեն շաբաթ Սուրեն Ջանոյանին անհանգստացրել է այդ հարցով։

ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը թեև նշեց, որ Լուսինե Սանոյանի կենսագրությունը շատ տպավորիչ է, ուրախ է, որ կան կանայք, ովքեր երկար ճանապարհ են անցել, փորձում են տղամարդկանց աշխարհում կարիերա կառուցել, սակայն նրան ևս քննադատեց այն բանի համար, որ նա, լինելով ավագանու անդամ, իր այսօրվա ծրագրում  ներառած  հարցերը նիստերի ժամանակ չի բարձրաձայնել։

Լուսինե Սանոյանը ցանկություն հայտնեց  արձագանքելու նրան, սակայն քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը նշեց, որ  տվյալ պահին ելույթների հերթն է։

ՔՊ-ն այսօր օրակարգի հարցերին մեկ կողմ էր քվեարկում, մեկ դեմ։

Աշխատանքային պլանը ևս չհաստատվեց, ՔՊ-ն այս հարցին ևս դեմ քվեարկեց։

Բյուջեի նախագծի վերաբերյալ թեժ քննարկումները՝ քիչ անց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031