«Այն միջոցառումները, որոնք իրականացվեցին մանկապարտեզներում, առաջին հերթին կանխարգելիչ էին։ Հուսով եմ՝ մեր բոլոր գործընկերները հասկացան, թե ինչն է ընդունելի, ինչն անընդունելի Երեւանի քաղաքապետարանի համար»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով վերջերս մայրաքաղաքի մանկապարտեզներից մեկում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին եւ դրանից հետո քաղաքապետարանի նախաձեռնած միջոցներին։
«Երեխաները մանկապարտեզներում բացի սիրուց եւ հոգատարությունից որեւէ այլ տեսակի վերաբերմունքի կարիք չունեն։ Այսպես ասած՝ խիստ դաստիարակության, գոռգոռոցների եւ Տեր-Թոդիկի մեթոդով ուսուցման։ Կարծում եմ՝ բացի նրանից, որ մանկապարտեզները հիմնանորոգում ենք եւ նրանց նոր, լավ միջավայր ենք մատուցում, նաեւ կարեւոր է բովանդակությունը, որը ստանում են դաստիարակներից»,-ասաց Ավինյանը։
Եկող տարի, ինչպես ասաց Ավինյանը, վերանայվելու է մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձը, խրախուսելու են այդ անձնակազմերի ատեստավորումը։
Արդյո՞ք հնարավոր է տեսախցիկներ տեղադրվեն մանկապարտեզներում, ի պատասխան այս հարցի, Ավինյանն ասաց՝ այո, տեսախցիկների տեղադրման հարցը քննարկվում է եւ այո, դա հնարավոր է իրականացվի։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ