Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր է Արարատ լեռը, ինչո՞ւ ԼՂ սահմանները չկան, ինչո՞ւ է Ադրբեջանը գեղեցիկ. Հայոց պատմության գրքի հեղինակը՝ դավաճանների եւ քննադատությունների մասին

Դեկտեմբեր 29,2023 17:03

Ինչպես տեղեկացրել ենք, «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի շուրջ աղմուկի հետ կապված այսօր «Մեդիա կենտրոնում» քննարկում էր կազմակերպվել: Շուրջ 200 դիտարկումներ ու առաջարկներ են եղել, այդ թվում՝ Մայր աթոռի նամակը:

Դասագրքի հեղինակ, պատմաբան Սմբատ Հովհաննիսյանն ասաց, որ դասագիրքն Աստվածաշունչ չէ, ուսուցիչները կարող են ուղղորդել աշակերտներին: Հարցին՝ բայց ուսուցիչներն իրենք էլ համաձայն չեն այս դասագրքի բովանդակության հետ, բացում են ու նշում «խայտառակ» սխալները, օրինակ, ասում են, որ Լեռնային Ղարաբաղի սահմանները ինչո՞ւ չեն նշվում, Ադրբեջանն է գեղեցիկ նկարած Աղվանքի փոխարեն, Հայկական լեռնաշխարհն առանց Փոքր Հայքի է, Հայ եկեղեցու հիմնադիր է նշվում Տրդատ թագավորը, մինչդեռ եկեղեցին ասում է, որ պետք է նշվի Հիսուս Քրիստոսն է, Ավարայրի ճակատամարտն է խեղաթյուրված ներկայացված, Սմբատ Հովհաննիսյանը պատասխանեց. «Գանք վերջից, համաձայն չեմ այդ դիտարկման հետ, որ Ավարայրի ճակատամարտը խեղաթյուրված է, որովհետեւ ես այս հատվածում տվել եմ գիտական ձեւակերպումներին համապատասխան, դասագրքի մեջ Վասակ Սյունին չի ներկայացվում դավաճան, ինչպես նախկինում եղել է, ասեմ ավելին՝ դասագրքիս մեջ դավաճան չի ներկայացված Պետրոս Գետադարձ կաթողիկոսը նաեւ, որը էլի նախկինում ընդունված էր որպես դավաճան ներկայացնել: Նույնիսկ իր ժամանակակիցներից Արիստակես Լաստիվերցին բավական բացասական գույներով էր ներկայացնում Գետադարձի արարքը եւ մեղադրում նրան՝ Հայոց Բագրատունիների թագավորության կործանման մեջ: Ինչու եմ ես այդպես վարվել՝ որովհետեւ, երբ պիտակավորում եք պատմական կերպարներին, դուք փակում եք պատմությունը հասկանալու ճանապարհը: Պատմությունը այստեղ խեղաթյուրված չէ, ներկայացված է գիտական հիմքերի վրա: Վարդան Մամիկոնյանի եւ Վասակ Սյունու հետ կապված ես մի առաջադրանք էլ ունեմ աշակերտներին տրված, որտեղ ասում եմ՝ որքանո՞վ էին  արդարացված Վարդան Մամիկոնյանի եւ Վասակ Սյունու խմբավորումների մոտեցումները, որովհետեւ սրանք խմբավորումներ էին, նրանք Հայաստանի ազատագրման, Հայոց թագավորությունների վերականգնման երկու տարբեր ծրագրեր էին ներկայացրել, դրա բախման արդյունքում էր տեղի ունեցել: Առաջադրանքների մեջ կա նաեւ այսպիսի բան՝ արդյոք հնարավոր չէ՞ր խուսափել Ավարայրի ճակատամարտից, կամ ի՞նչ կլիներ, եթե Վարդան Մամիկոնյանն ու Վասակ Սյունին համագործակցեին: Եկեղեցու դիտարկման հետ կապված՝ այստեղ չկա որեւէ դիտավորություն, պարզապես ինքը Քրիստոնեությունն առաջինը հռչակեց որպես պետական կրոն եւ Հայ առաքելական եկեղեցու հաստատումն ու հիմնումը ասելով՝ նկատի եմ ունեցել պարզապես պետականության համատեքստում: Բայց քանի որ տեքստը թյուրըմբռնումների տեղիք է տալիս, ես այդ հատվածը շտկել եմ ու նշել՝ պաշտոնապես հաստատվեց Հայ առաքելական եկեղեցին»:

Հեղինակը մատնանշեց, թե գրքի որ էջերում կա առաքյալների մասին տեղեկություն՝ հաստատելով, որ չի հերքվում՝ Հիսուս Քրիստոսն է բոլոր քրիստոնեական եկեղեցիների հիմնադիրը:

Ինչ վերաբերում է Արցախին, հեղինակն ասաց. «Իրականում այստեղ Ադրբեջանի գեղեցկությունը չի տարբերվում Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի, Իրաքի եւ Թուրքիայի անվանումների գեղեցիկ ներկայացումներից: Ինտերակտիվ է, դրված է Տիգրան  Մեծի կայսրությունը մ.թ.ա. 80 թ․-ի դրությամբ եւ այն տեղադրված է ժամանակակից քարտեզի վրա: Ինչու եմ այդպես վարվել, որովհետեւ, երբ դպրոցում դասավանդում էի, աշակերտները հարց էին տալիս՝ լավ, Տիգրան Մեծի քարտեզը ինչպիսի սահմանների մեջ է ներգրավված եղել, այսօրվա ինչ տարածքներ է ընդգրկել, եւ ահա այստեղ միանգամից կարող են տեսնել: Քարտեզի մեջ ներկայիս Ադրբեջանի զգալի մասը եղել է Տիգրան Մեծի կայսրության տարածքը»:

Հաջորդ դիտողությունն այն էր, որ դասագրքում Արարատ լեռը չկա: Հեղինակը պարզաբանեց. «71-րդ էջում տեսնում ենք Արտաշես արքան, Արտաշատ քաղաքի պատկերը եւ թիկունքում Մասիսը՝ Արարատ լեռի առկայությունը»: Լրագրողները միջամտեցին՝չեն ասում՝ Արարատ լեռը չկա, ասում են՝ կցկտուր են տեղեկությունները, հեղինակը հակադարձեց. «Կցկտուր չեն, այնքանով են, որքանով են: Ինձանից 176 էջի շրջանակներում ուզում են ամեն ինչ, դա հնարավոր չի: Ի վերջո` դասագիրքը հանրագիտարան չէ, ուղղորդող կրիչ է տեղեկատվության, օգնող կրիչ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Սրա նման վայ գիտնականները աղավաղում են նաև այսօրվա պատմությունը, իսկ միտումը պարզ է…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031