«Բուն Մարգարայի կամրջի վրա գրեթե ոչինչ չենք ծախսել։ Մենք, համագործակցելով մեր մասնագետների հետ, ուսումնասիրել ենք կամրջի վիճակը։ Եվ ի ուրախություն մեզ՝ կամուրջը բավական լավ վիճակում է, պատրաստ է իր վրա համապատասխան թույլատրելի քանակի բեռներ կրելու», – այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Նա նշեց, որ միակ թերությունն այն է, որ կամուրջը նեղ է, մեկ ուղի սպասարկելու համար է։ Ըստ Սանոսյանի՝ այլ հարց է, որ կամրջի հարակից տարածքում տեղի են ունեցել շինարարական աշխատանքներ, տեղադրվել են մաքսային համապատասխան ենթակառուցվածքներ, որպեսզի երբ որոշումները սկսեն իրականություն դառնալ, հայկական կողմի ենթակառուցվածքները պատրաստ լինեն։
Հիշեցնենք, որ Մարգարայի կամուրջը պատրաստվում է շահագործման այն համատեքստում, որ հնարավոր է հայ-թուրքական սահմանը բացվի երրորդ երկրների քաղաքացիների ու բեռների համար։
«Հարց է հնչել, որ մենք նախօրոք այս մասին գիտեինք, դրա համար Մարգարայից իջնող ճանապարհներ էինք կառուցում եւ այլն։ Մենք հանրապետության բոլոր ճանապարհները, որոնք լավ վիճակում չեն, կառուցում ենք։ Նախապես իմանալու մասին ոչ մի խոսք չկա, դա Մ3 միջպետական ճանապարհ է։ Այդ ճանապարհը մենք 2021 թվականին նախատեսել ենք, 2022 թվականին սկսել ենք ճանապարհաշինական աշխատանքները։ Այդ աշխատանքները կատարվել են այն պատճառով, որ ճանապարհը գտնվում էր վատ վիճակում»,- հավելեց ՏԿԵ նախարարը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ