Լրահոս
Օրվա լրահոսը

«Դասագրքերին շատերը վերաբերվում են՝ ասես դասագիրքը «վերջն» է, Աստվածաշունչ է». «Հայոց պատմություն 7» դասագրքի հեղինակը պարզաբանում է ինչ են շտկում

Դեկտեմբեր 29,2023 14:20

«Հայոց պատմություն 7» դասագրքի շուրջ աղմուկի հետ կապված այսօր «Մեդիա կենտրոնում» քննարկում էր կազմակերպվել: Շուրջ 200 դիտարկումներ ու առաջարկներ են եղել, այդ թվում՝ Մայր Աթոռի նամակը: Ինչպես նշեց «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը, կան վրիպակների, շտկումների առաջարկներ, որոնք իսկապես հիմնավորված են, ունեն գիտական հիմք. «46 շտկումներ կան, որոնք մենք անպայման ներդիրի տեսքով ներկայացնելու ենք: Դրանց գումարվում է երկու պատկերային նյութ, մեկը վերաբերում է Վանի թագավորության քարտեզին, որի մասին շատ է խոսվել, թյուրիմացաբար է այդ քարտեզը դրվել այդտեղ՝ ժամանակի սղության եւ տարբեր հանգամանքների պատճառով: Սա նոր մշակված քարտեզն է արդեն: Մյուսը Ղազար Փարպեցու պատկերն է, որը նույնպես սխալ է տեղադրված, նույնպես փոխվելու է: 15 բովանդակային էական շտկումներ են, 13 բովանդակային աննշան, եւս 13-ը վերաբերում է տարեթվերին, եւ 5 ուղղագրական սխալ»:

Պատմաբան, դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ երբեք այսպիսի քննարկումներ տեղի չէին ունեցել նախկինում. «Սա դասագրքի բերած նոր մշակույթն է, վերջապես մենք հնարավորություն ունենք քննարկումների հարթակի: Եթե դասագրքի բովանդակային համատեքստում ես առաջնորդվեի նախորդ մոդելներով, ԽՍՀՄ-ի տարիներին գաղափարական մշակված, բայց չերեւացող իրողություններով, գուցե աննկատ կանցներ, բայց մենք նոր մեթոդով ենք գնացել՝ բովանդակությանը կցել ենք նոր առաջադրանքներ: Նոր դասագրքի հիմնական նպատակն այն էր, որ աշակերտի մոտ ձեւավորեր քննական մտածողություն: Այս առումով դասագիրքը արդեն իսկ նորություն էր: Բովանդակության պահով մենք ոչ մի հեղափոխություն չենք արել, թեպետ կան որոշ հատվածներ, որ մեկնաբանվել են նորովի»: Հեղինակը հավելեց, որ դասագրքի մեջ չկա մի հատված, որ անտեղի է ու աշակերտի ուշադրությունը հենց այնպես շեղող. «Օրինակ, հենց քարտեզների պարագայում: Եթե նախկինում դասագրքի մեջ կային քարտեզներ, ապա դրանք պարզապես քարտեզներ էին: Նոր դասագրքի մեջ կան ե՛ւ քարտեզը, ե՛ւ քարտեզին առնչվող առաջադրանքները, որոնց միջոցով կկարողանան աշակերտները իրենց աշխարհագրական գրագիտությունը զարգացնել: Այս դասագրքի մեջ սկզբնաղբյուրներն էլ հենց այնպես չեն, առաջադրանքին համապատասխան են: Եթե նախկին դասագրքերի մեջ ավելի շեշտադրվում էր բուն բովանդակությունը, ապա նոր դասագրքերի մեջ տեղ գտած բովանդակությունը կարեւորվում է առաջադրանքներով»:

Սմբատ Հովհաննիսյանն ասաց, որ մինչ օրս դասագրքերին շատերը վերաբերվում են ասես դասագիրքը «վերջն» է, Աստվածաշունչ է. «Մինչդեռ դասագիրքը խթանող է, ուղղորդող է եւ այստեղ կարեւոր է ուսուցչի դերակատարումը»:

Հեղինակը գտնում է, որ չնայած ավելի շատ բացասական կողմի վրա են մարդիկ կենտրոնացել, բայց դասագիրքը դրական կողմեր ունի. «Դասագրքի վերջում կա հատված, որտեղ կարեւորվում է տվյալ գլխի էությունը, այսինքն, աշակերտը կարող է ցանկացած գլուխ ուսումնասիրելիս ուսուցչին հարց տալ՝ ես այս գլուխն ինչո՞ւ եմ անցնում: Եթե ուսուցիչն ասի՝ դա քո ազգային պատմությունն է, դա 7-րդ դասարանի աշակերտի համար շատ վերացական է, հիմնավորման կարիք կա ու դասագրքի այդ հատվածն ուսումնասիրելով՝ նա կդառնա այդ ազգային արժեքների կրողը ու մասնակիցը»:

Հարցին՝ ինչու դասագրքի կազմմանը չեն մասնակցել մասնագիտական հեղինակավոր կառույցներ ԳԱԱ պատմության ինստիտուտը, ԵՊՀ պատմության ֆակուլտետը, ինչո՞ւ է հեղինակը գրել դա միայնակ՝ իր պատկերացումներով, եւ երբեմն գիտական հիմնավորումներից զուրկ տեքստերով՝ Հովհաննիսյանը պատասխանեց. «Այո՛, ես միայնակ եմ գրել դասագիրքը, եւ դա համաշխարհային պատմության մեջ նորություն չի, հայտնագործություն չի, դասագիրքը կարող է գրել նաեւ մեկ անձնավորություն, բայց կա բայց: Ժամանակի սղությունը, որի առջեւ կանգնեցինք, այն էր, որ դասագիրքը բաղկացած էր 7 թեմաներից, յուրաքանչյուր թեմա ես պետք է քննարկեի համապատասխան մասնագետների հետ, նրանց դիտարկումները նկատի ունենայի: Հետագայում այս իրողությունը նկատի կունենանք: Մյուս պարագայում այնպես չէ, որ 4-5 հոգով գրելով դասագիրքը՝ եւս կարելի էր կատարյալ դասագիրք ստեղծել, նախորդ դասագրքերը վերցրեք, տեսեք, անգամ 4 հրատարակությունից հետո դեռեւս կան սխալներ ու շտկելու տեղեր: Սա նոր չափորոշիչներով գրված, առաջին անգամ հրատարակված դասագիրք է: Այն, որ տեքստի մեջ որոշ վրիպումներ եղան, պայմանավորված էր նրանով, որ բացի ժամանակային սղությունից, կար նաեւ էջերի սահմանափակման խնդիր»:

Դասագիրքը պետք է գրվեր 176 էջի սահմաններում, տեղեկությունները պետք էր խտացնել. «Եթե հնարավորություն տրվեր գոնե 200-210 էջի սահմաններում կազմակերպել, էականորեն կարող էր իրավիճակը փոխվել, որովհետեւ վրիպումների մի մասը թույլ եմ տվել, երբ 30 էջ կրճատել եմ»:

Այսքանից հետո արդյոք պե՞տք է գիրքը հետ կանչվի եւ փոփոխվի՝ Վահրամ Սողոմոնյանն ասաց, որ ցանկացած դասագրքում էլ կան վրիպակներ. «Դասագիրքը նորարար է, նոր է եւ այս բանավեճի պատճառը հենց դա է, դասագիրքը ոչ մի էական հեղափոխական բովանդակային բան չի պարունակում, պարզապես առաջարկում է բացել խոսակցություն, խոսել տարբեր քաղաքական պրոյեկտների մասին մեր պատմության մեջ: Բայց կան մարդիկ մեր հասարակության մեջ, որ ասում են՝ էս կարդացել ես, կգաս նույնությամբ կպատմես, եթե մի տեղ շեղվեցիր՝ 2 կստանաս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031