Կապանի օդանավակայանն այս տարի իրականացրել է 22 չվերթ, տեղափոխվել է 189 ուղեւոր։
«Կապանի օդանավակայանն այս տարի իրականացրել է 22 չվերթ, նկատի ունենք գնալ-գալը։ Տեղափոխել ենք ընդամենը 189 ուղեւոր։ Մեծամասամբ լինում է, որ ինքնաթիռի տոմսերը վաճառված չեն։ Մենք հասկանում ենք՝ ինչու է այդպես, դրա համար շարունակում ենք մեր գրաֆիկով, չենք դադարեցնում չվերթները։ Եվ մենք որոշակի դրական տենդենց տեսնում ենք, հատկապես դեկտեմբեր ամսին, երբ սկսել է ավելանալ»,- այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Նա նշեց, որ Սյունիքից չվերթները եղանակային պայմաններից ելնելով են չեղարկվում։ «Սյունիքի օդանավակայանը գործարկեցինք, մենք պարբերական չվերթներ ունենք երկուշաբթի ու ուրբաթ օրերին։ Եղել են դեպքեր, որ եղանակային պայմաններով պայմանավորված՝ չվերթները չեն կայացել։ Մենք որոշակի սարքեր-սարքավորումներ կտեղադրենք, 2024 թվականին դա կիրականացնենք ու եղանակային պայմաններից կախվածությունը կփոքրացնենք»,- ասաց նա։
Սանոսյանը հավելեց, որ երբ կտեղադրվեն այդ սարքավորումները, եղանակային պայմաններից կախվածությունը կնվազի, ուղեւորների քանակը կավելանա։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, սակայն, որ Կապանի օդանավակայանի չվերթների չեղարկման պատճառ են եղել նաեւ ադրբեջանական կողմի կրակոցները։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ