Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեք զորավար

Դեկտեմբեր 29,2023 14:04

Վաղուց մտքիս էր այս թեմայով հոդված գրել։ Պատկերացնենք, որ կազմվում է բոլոր ժամանակների հայոց զորավարների ամբողջական ցուցակ, Հայկ Նահապետից սկսած․․․ ներեցեք՝ Սուրեն Պապիկյանով վերջացրած։ Եվ  ողջ հայությունը՝ Հայաստանում և սփյուռքում, քվեարկությամբ որոշում է, թե այդ բոլորի մեջ ովքեր են  երեք ամենանշանավոր, ամենաշատ հաղթանակներ տարած զորավարները։ Մի պահ մոռանանք ավանդական հայկական ընտրությունները, հանրաքվեները, սոցիոլոգիական հարցումները և պատկերացնենք, որ հարցումներն ու հաշվարկը կատարվում են միանգամայն ազնիվ, անաչառ։ Կարծում եմ՝ բոլորը կհամաձայնվեն, որ ձայների մեծ առավելությամբ, ըստ ժամանակագրության, առաջին երեք տեղերը կզբաղեցնեն Վարդան Մամիկոնյանը, Անդրանիկ Օզանյանը և Վազգեն Սարգսյանը։ Այս համոզմանը եկել եմ ոչ միայն իմ անձնական դիտարկումներով , այլև  առավել լայն շրջապատում լսածս խոսքերից:

Փորձենք քննարկել, թե պատմականորեն որքանո՞վ է արդար նման կարծրատիպային մտածողությունը։

* * *

Սկսենք Վարդան Մամիկոնյանից։ Վարդան Մամիկոնյանը սերում է հայտնի Մամիկոնյան հայոց սպարապետական տոհմից։ Պատմությունից հայտնի են Վասակ Մամիկոնյանը, Մուշեղ Մամիկոնյանը, Գայլ Վահան Մամիկոնյանը, որոնք հիմնականում  հաղթանակներ են տարել։

Իսկ Վարդան Մամիկոնյա՞նը։ Չեմ ցանկանում մտնել Վարդան Մամիկոնյան-Վասակ Սյունի թեմայով բանավեճի մեջ, թե ո՞վ էր ճիշտ, ով՝ սխալ։ Վարդան Մամիկոնյանը հայտնի է որպես Ավարայրի Ճակատամարտում հայոց զորքի հրամանատար։ Արձանագրենք, որ 451 թվականին Ավարայրի ճակատամարտում հայոց բանակը՝ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, պարտություն կրեց։ Պարտությունից հետո Պարսից արքունիքում սկսվեցին հայ իշխանների դատավարություններն ու մահապատիժները։ Ավարայրի պարտությունը մեզ ներկայացվել է որպես բարոյական հաղթանակ․․․ անհասկանալի եզրույթ։ Ես կգերադասեի անբարոյական, բայց իրական հաղթանակ։ Արդ, ո՞րն է պատճառը, որ միջնադարում, ունենալով հաղթանակներ կերտող զորավարներ, ինչպիսիք են նույն Մամիկոնյաններ Վասակը, Մուշեղը, Վահանը, ինչպես նաև Թեոդորոս Ռշտունին և Վահրամ Պահլավունին, մեծարում ենք պարտություն կրած զորավարին։ Վարդան Մամիկոնյանին նվիրված «Վարդանանք» վեպ է գրում Դերենիկ Դեմիրճյանը, հոյակապ նկար է նկարում Գրիգոր Խանջյանը, Երևանում տեղադրվում է Երվանդ Քոչարի հեղինակած արձանը։

Կարծում եմ, որ պատասխանը շատ պարզ է։ Վարդան Մամիկոնյանի պայքարը հանուն քրիստոնեության էր, այդ իսկ պատճառով, անկախ պարտությունից, Հայոց Եկեղեցին նրան հերոսացրեց և սրբացրեց։ Իսկ միջնադարում  հայոց պատմությունը և՛  գրում և՛ այն քարոզում  էին եկեղեցու սպասավորները։ Եվ այդպես դարեդար, սերնդեսերունդ հայ ժողովորդի համար որպես հերոսի խորհրդանիշ է հանդիսացել իր հիմնական ճակատամարտում պարտություն կրած Վարդան  Մամիկոնյանը․ «Հա՛յ եմ ես, հա՛յ եմ ես, քաջ Վարդանի թո՛ռն եմ ես»։

․․․

Այժմ փորձենք գնահատական տալ զորավար Անդրանիկ Օզանյանին։

Մեր սերնդի համար պատանեկան տարիներից, հայ ազատագրական շարժման թիվ մեկ հերոսն Անդրանիկ զորավարն էր։ Զորավար Ադրանիկի մասին լեգենդեր էին պատմում, երգեր երգում․

Հերոս մռնչաց, սուլթան դողդողաց,

Վիլհելմի աչքից արտասուք ցոլաց,

Սուրդ թշնամու կրծքին շողշողաց,

Հայոց ղեկավար, հերո՛ս Անդրանիկ։

Դեռևս ԽՍՀՄ տարիներին, Ուջանում  կանգեցվեց Անդրանիկ զորավարի արձանը։

Նույն ԽՍՀմ տարիներին, որպես արգելված գրականություն, ձեռքս ընկավ կարծեմ Բեյրութում հրատարակված  Հրայր Դժոխքի մասին գիրքը։ Հիացած էի Հրայր Դժոխքի մտածողությամբ և գործունեությամբ։ Հրայր Դժոխքը դեմ էր տարերային ֆիդայական շարժմանը, որի նպատակն էր «քաղաքակիրթ» երկրների, այսօրվա եզրույթով՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել բազմաչարչար հայ ժողովրդի տառապանքների վրա։ Ֆիդայական հրամանատարների հերթական հանդիպման ժամանակ Հրայր Դժոխքը, կտրականապես դեմ արտահայտվելով ֆիդայական շարժմանը, առաջարկում էր զինել բոլոր հայկական բնակավայրերը՝ դրանք դարձնելով պաշտպանված ամրոցներ՝ բնակիչներից կազմված զինված ջոկատներով։ Եվ երբ այդ ամենը դառնա իրականություն, բարձրացնել համազգային, կազմակերպված ապստամբություն՝ հռչակելով անկախ Հայաստան։ Սա պետական մտածողություն է։ Իմ համոզմամբ՝ հենց Հրայր Դժոխքն է եղել առաջին հայ գործիչը, ով նպատակ է դրել հասնել Հայաստանի անկախությանը։ Հրայր Դժոխքը Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի նախակերպարն է։ Ինչևէ, Հրայր Դժոխքի այս առաջարկությանն ի պատասխան, Ադրանիկ Օզանյանը հրացանն ուղղել է նրա դեմ։ Սակայն Հրայր Դժոխքի  հեղինակությունն այնքան մեծ է եղել, որ ներկաները զինաթափել են Անդրանիկ Օզանյանին։

Այս դիպվածն, անկեղծ ասած, իմ առաջին հիասթափությունն էր Անդրանիկ զորավարից։

Հետագայում, ավելի մանրամասն հետաքրքրվելով 19-րդ դարի վերջերի և 20-րդ դարի սկզբների ազատագրական շարժումներով, հիասթափությունս խորացավ։ Անդրանիկ զորավարը մասնակցել է Բուլղարիայում ազատագրական պայքարին՝ ընդդեմ Օսմանյան կայսրության։ Այնուհետև նա նշանակվում է ռուսական բանակի հրամանատարության տակ գործող առաջին հայկական կամավորական գնդի հրամանատար և մասնակցում ռուս-թուրքական պատերազմին։ Առանց կոնկրետ ճակատամարտեր նշելու, Անդրանիկ զորավարին են վերագրում  հաղթանակներ, որոնց համար նա պարգևատրվել է շքանշաններով և ստացել գեներալ-մայորի աստիճան։ Չեմ ժխտում, ամենայն հավանականությամբ եղել են հաղթանակներ, բայց նրանք եղել են ռուսական հաղթանակներ, ճակատամարտերի մարտավարությունները  մշակված են եղել ռուսական  հրամանատարության կողմից։ Կարծում եմ, Անդրանիկ զորավարի համար ամենապատասխանատու նշանակումը եղել է Կարինի  (Էրզրում) պարետի պաշտոնը։ Այն պահանջում էր ունենալ կազմակերպչական ունակություններ, լինել վճռական՝ դիմագրավելու թուրքական հարձակմանը։ Ցավոք, Անդրանիկ զորավարն ի վիճակի չեղավ միավորելու պառակտված հայկական տարբեր ջոկատները, քաղաքական ուժերը և նախընտրեց նահանջ կազմակերպել Կարինից։ Անդրանիկ զորավարն ինչ-ինչ պատճառներով չմասնակցեց 1918 թ․ մայիսին  հայ ժողովրդի համար վճռական նշանակություն ունեցող Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերին։ Նա իր զորախմբով Դսեղում էր, շատ մոտ Ղարաքիլիսային, որտեղ հայոց ուժերը որոշակի անհաջողության մատնվեցին։ Դպրոցում  այդ շրջանի հայոց պատմությունն անցնելիս, ներկայացվում էր, որ Անդրանիկ զորավարը 1918 թ․ ազատագրել է Նախիջևանը և հեռագիր տվել Ստեփան Շահումյանին՝ Նախիջևանը հայտարարելով Խորհրդային Ռուսաստանի մաս։ Սակայն, հետխորհրդային շրջանում այս մասին չի գրվում։ Եթե այն ճիշտ է, ապա ինձ համար անընդունելի։ Չէ՞ որ գոյություն ուներ անկախ Հայաստան։ Եթե նեղացած էր Հայաստանի  կառավարությունից, կարծում եմ Հայաստանից նեղանալ չէր կարելի։ Գոնե  հռչակեր անկախ Նախիջևանի հայկական պետություն, ինչպես Նժդեհը հռչակեց Լեռնահայաստան։

Հանուն արդարության պետք է ասել, որ Անդրանիկ զորավարը եղել է  իսկապես հայրենիքին  նվիրյալ և շատ հմայիչ անձնավորություն։ Այդ մասին են վկայում բոլոր ժամանակակիցները։ Անդրանիկ զորավարի հետ շատ մտերիմ է եղել Հովհաննես Թումանյանը, որն իր որդուն՝ Արտավազդին վստահել է նրան։ Անդրանիկ զորավարի գնդում է կռվել իմ հարազատ պապը՝ Վահան Չերազը, որը նույնպես մեծ պատկառանք է ունեցել զորավարի նկատմամբ։

Արժանին մատուցելով Անդրանիկ զորավարին, նշենք, որ այնուամենայնիվ այդ ժամանակաշրջանում մենք ունեցել ենք հաղթանակներ կերտող գործիչներ և զորավարներ, ինչպիսիք են՝ Արամ Մանուկյանը, Դրաստամատ Կանայանը, Գարեգին Նժդեհը, Դանիել Բեկ-Փիրումյանը, Մովսես Սիլիկյանը և ուրիշներ։ Արամ Մանուկյանի  շնորհիվ կազմակերպվեցին 1918թ․ մայիսի ինքնապաշտպանական ճակատները, որոնցում իրենց հրամանատարական ձիրքերով աչքի ընկան Սարդարապատում՝ Դանիել Բեկ-Փիրումյանն ու Մովսես Սիլիկյանը, Բաշ-Ապարանում՝ Դրաստամատ Կանայանը, Ղարաքիլիսայում՝ Գարեգին Նժդեհը։ Գարեգին Նժդեհն, իհարկե, առավել հայտնի է Սյունիքի ազատագրական պայքարով, որի շնորհիվ է, որ Սյունիքը Հայաստանի մասն է։ Դրաստամատ Կանայանը՝ զորավար Դրոն, միայն հաղթանակներ է ունեցել։ Նա ոչ միայն Բաշ-Ապարանի հաղթանակի հեղինակն է, այլև Լոռին հայկական պահելու։

Հարց է առաջանում՝ այսքան հաղթանակներ կերտած զորավարների մեջ, ինչու՞ ամենահայտնին Ադրանիկ զորավարն է, ում հաղթանակների մասին պատմությունը լռում է։

Ինչպես Վարդան Մամիկոնյանի դեպքում՝ հիմնական դերը կատարել է քարոզչությունը։ Եթե Վարդան Մամիկոնյանի դեպքում եկեղեցու քարոզչությունն էր, ապա Անդրանիկ Օզանյանի դեպքում՝ ԽՍՀՄ, այո՛, չզարմանաք՝ կոմունիստական քարոզչությունը։ Քանի որ հայ ազատագրական պայքարի հիմնական գործիչները դաշնակցականներ էին, ինչպես Արամ Մանուկյանը, Դրաստամատ Կանայանը, Գարեգին Նժդեհը, կամ ինչպես Դանիել Բեկ-Փիրումյանը և Մովսես Սիլիկյանը գնդակահարվել էին բոլշևիկների կողմից, ապա նրանց մասին առանց սուր քննադատության հիշատակելն անհնար էր։ Իսկ ժողովրդին պետք էր ներկայացնել այն ժամանակների որևէ հերոսի, և Ադրանիկ Օզանյանը, ով հրաժարվել էր ՀՅԴ-ից և նեղացած հեռացել Հայաստանի Հանրապետությունից, միանգամայն հարմար գործիչ էր։

Անհնար էր, որ Խորհրդային Հայաստանում տեղադրվեին  ՀՅԴ անդամներ Արամ Մանուկյանի, Դրաստամատ Կանայանի կամ Գարեգին Նժդեհի, ինչպես նաև բոլշևիկյան տեռորի զոհեր Դանիել Բեկ-Փիրումյանի և Մովսես Սիլիկյանի արձանները, պատմության դասագրքերում գրվեին նրանց անունները, որպես հերոսներ։

Ինչպես ասում են, հերթը հասավ Վազգեն Սարգսյանին։ Վազգեն Սարգսյանը, որպես քաղաքական գործիչ, ճանաչում ստացավ 1990թվականին, Երասխի պաշտպանության մարտերի ժամանակ, որպես  համակարգող։ Մինչ այդ, նկատի ունեմ 1988 թվականից սկսած, արցախյան շարժմանը նա ակտիվություն չի ցուցաբերել։ Երասխի մարտերից հետո Վազգեն Սարգսյանը սկսեց հաճախ երևալ ՀՀՇ շենքում։ Ինքս նրա հետ ծանոթացել եմ հենց ՀՀՇ-ում, և նա ինձ վրա թողել է անկեղծ, անմիջական, նաև քաջարի տղամարդու տպավորություն։ Այդպես էի մտածում մինչև 1991 թվականի, կարծեմ գարունը։ Մի անգամ գործով գնացել էի ՀՀ Գերագույն խորհրդի նիստերի դահլիճ։ Դահլիճի մուտքի մոտ հավաքված էին Հայոց  Ազգային Բանակի (ՀԱԲ)  կալանավորված անդամների մայրերը, կանայք, քույրերը, պահանջելով ազատել իրենց հարազատներին։ Շենքից դուրս եկավ Սմբատ Հակոբյանը։ Ի դեպ, մինչ Վազգեն Սարգսյանի հայտվելը, «սպարապետ» կոչումը պատկանում էր Սմբատ Հակոբյանին։ Սմբատին տեսնելով, ցուցարար կանայք ավելի բորբոքվեցին և գոռգոռացին նրա վրա։ Սմբատը բարկացավ և կանանց ցուցադրեց իր վիրակապված թևը, ասելով․ «Էդ ու՞մ վրա եք հարձակվում»։ Այդ պահին դռներից դուրս եկավ Վազգեն Սարգսյանը։ Բոլոր կանայք «մոռանալով» Սմբատին, սկսեցին բղավել Վազգենի վրա։ Եվ չեք պատկերացնի, թե ինչ տեղի ունեցավ։ Վազգենը, բռունցքները պարզած, փողոցային հայհոյանքներով, հարձակվեց կանանց վրա, նրանց գետին տապալելով, շարունակելով ոտքերով և բռունցքներով հարվածել։ Մի կերպ ես ու Սմբատը նրան հեռացրեցինք։ Եթե ես անձամբ ականատես չլինեի այդ տեսարանին, երբեք չէի հավատա։ Այդ օրվանից հետո, Վազգեն Սարգսյանի մասին կարծիքս լիովին փոխվեց, և նա, իմ կարծիքով, ընդամենը ինքնահաստատվող մարդ էր, թեկուզ բռունցքների հաշվին։

Վազգեն Սարգսյանի՝ որպես սպարապետի, հրամանատարի, երկար տարիներ Հայաստանի Պաշտպանության նախարարի գնահատականն, իհարկե առաջին հերթին պետք է տալ նրա՝ այդ պաշտոնում եղած գործունեության, այլ՝ ոչ մարդկային հատկություններով։ Նույնը վերաբերում է Արցախի ինքնապաշտպանական ուժերի գլխավոր հրամանատար Սամվել Բաբայանին։

Վազգեն Սարգսյանն առաջին անգամ  նշանակվեց Հայաստանի պաշտպանության նախարար 1991 թվականի դեկտեմբերին, ԽՍՀՄ փլուզումից հետո։ Այդ ժամանակաշրջանում, երբ նա պաշտպանության նախարար էր, 1992թ․ մայիսին ազատագրվեց Շուշին, ապա Բերձորը, որի շնորհիվ ցամաքային կապ հաստատվեց Արցախի ու Հայաստանի Հարապետության միջև։ Ընդունենք, որ այդ հաղթանակներում վճռական դեր է ունեցել Վազգեն Սարգսյանը։ Ընթերցողի մոտ հարց կառաջանա, թե ինչու եմ կասկածանքով այդ մասին գրում։ Շատ պարզ, հայտնի է, որ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դեմ է եղել Շուշիի ազատագրմանը, և քիչ հավանական է, որ Վազգեն Սարգսյանը գաղտնի գործեր։ Շուշիի ազատագրման հիմնական հեղինակ համարվում է Արկադի Տեր- Թադևոսյանը։ Ինչևէ, հետագայում, նույն 1992թ․ ամռանը, իրավիճակը պատերազմի ճակատում կտրուկ փոխվեց։ Լավ հիշում եմ, թե ինչպես ԳԽ-ում պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հանգստացրեց պատգամավորներին՝ ասելով, թե Արծվաշենը ամուր պաշտպանված է, և անհանգստանալու կարիք չկա։ Մի քանի օր անց Արծվաշենն ընկավ։ Հաջորդ ԳԽ նիստում Վազգեն Սարգսյանը հայտարարեց, որ, միևնույնն է, Արծվաշենը պաշտպանելն ու պահելն անհնար էր։ Թշնամին գրավել էր Արցախի հյուսիսը, ամենօրյա ռմբակոծությունների տակ էր հայտվել Կապանը։ Ադրբեջանի նախագահ Էլչիբեյը պատրաստվում էր ոտքերը Սևանում լվանալ։ Այսօրվա պես հիշում եմ, հացի հերթերում մարդիկ խուճապահար խոսում էին Հայաստանը լքելու մասին։ Բարեբախտաբար, ի տարբերություն ներկա քպ-ական իշխանության ժամանակաշրջանի, այն տարիներին ընդդիմությունը միասնական էր և չէր հաշտվում Արցախի կորստի հետ։ Ընդդիմության հետևողական և վճռական ճնշման տակ, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ պաշտոնակ անել Վազգեն Սարգսյանին և պաշտպանության նախարար նշանակել Վազգեն Մանուկյանին։ Կարճ ժամանակ անց ռազմաճակատում իրավիճակը կտրուկ փոխվեց՝ այս անգամ հօգուտ մեզ։ Ազատագրվեցին Արցախի գրավված շրջանները, հայկական բանակը Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ ոչ միայն վերականգնեց Կապանի անվտանգությունն, այլև մխրճվեց թշնամու դիրքեր և առավել ընդլայնվեցին Հայաստանի և Արցախի ընդհանուր սահմանները։ Արդեն 1993թ․ ազատագրվեց Քարվաճառը։ Այն միայն տարածք չէր, դրանով Արցախն ու Հայաստանը փաստացի վերամիավորվեցին։ Հաղթանակներն ու պատմական հայկական հողերը շարունակվեցին ազատագրվել նաև 1993թվականին նշանակված հաջորդ պաշտպանության նախարար՝ Սերժ Սարգսյանի օրոք նույնպես։ Հաղթանակների կերտմանը մեծ դերակատարություն են  ունեցել Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Բաբայանը, գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը և ուրիշներ։ Մարտի դաշտում տեղի ունեցող անհաջողությունները, ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ Ադրբեջանում բերեց խորը ճգնաժամի, որն էլ ավարտվեց իշխանափոխությամբ։ Ադրբեջանի արդեն նոր՝ փորձառու ղեկավար Հեյդար Ալիևը դիմեց Մոսկվա և արդեն 1994թ. Բիշքեքում մայիսի 5-ին ստորագրվեց արձանագրություն, որով կոչ արվեց կողմերին հրադադար կնքել։ Արձանագրության տակ ստորագրեցին Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի, Ղրղզստանի խորհրդարանների նախագահները, ինչպես նաև Ռուսաստանի  պաշտոնական ներկայացուցիչը և  ԱՊՀ միջխորհրդանական խորհրդի քարտուղարը։ Այդ արձանագրությամբ դե յուրե և դե ֆակտո,Հայաստանը, Ռուսաստանը՝ որպես միջնորդ, Ղրղզստանը, ԱՊՀ երկրները, ինչպես նաև  Ադրբեջանը ճանաչեցին Արցախը՝ որպես առանձին սուբյեկտ պետություն։ Արձանագրությանը հետևեց հրադադարի մասին պայմանագիրը, որն էլ արդեն  ստորագրեցին Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները։ Պայմանագիրն ուժի մեջ մտավ 1994 թվականի մայիսի 11-ին։ Այս պայմանագրով և Հայաստանը և Ադրբեջանը ևս մեկ անգամ ճանաչեցին Արցախը՝ որպես անկախ պետություն։ Բա՞, ա՛յ  հայրենի Արցախն ուրացող քպ-ականներ․․․

Ըստ էության, 1994 թվականի մայիսին կնքված հրադադարի պայմանագիրը նույնն էր, ինչ 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագիրը։ Բայց, ի տարբերություն մեզ, որ չհավատացինք մեր հաղթանակին, Ադրբեջանը հրադարարն օգտագործեց ոտքի կանգնելու և ռևանշի հասնելու համար։ Եվ եթե Հայաստանում, ներեցեք, խրտնում են ռևանշ բառից, Ադրբեջանում բոլոր քաղաքական ուժերը ռևանշիստներ էին։

Եվ ահա, հրադադարից հետո, արդեն 1995 թվականին Վազգեն Սարգսյանը նորից նշանակվեց պաշտպանության նախարար։ Համաշխարհային պատմությունից ինձ հայտնի չէ նման դեպք, երբ պարտված պաշտպանության նախարարը նորից վերանշանակվի նույն պաշտոնին։

Պատճառը պարզ է։ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համար ոչ թե արցախյան հաղթանակներն էին կարևորը, այլ իր իշխանությունն ու այն պահպանելը։ Եվ նրան թվում էր, այո՛, թվում էր, որ Վազգեն Սարգսյանը ոչ միայն իր համախոհն է, գործընկերն ու  ընկերը, այլև իրեն հավատարիմ գործիչ։ Մինչ այդ, 1993 թվականին, պատերազմի ժամանակ, Վազգեն Սարգսյանը հիմնադրեց Երկրապահ կամավորականների միություն (ԵԿՄ) կոչվող հրոսակախումբը։ ԵԿՄ-ն ոչ թե պատերազմի վետերաններին սոցիալական աջակցության կազմակերպություն էր, այլ զինված, ինչպես նշեցի՝ հրոսակախումբ։ Ո՞վ է տեսել, որ պետության մեջ, բացի բանակից, ոստիկանությունից, այլ հատուկ ծառայություններից, մեկ այլ ոչ պետական կազմակերպություն, օրինական  զինված խմբեր ունենա։ Իրականում, Վազգեն Սարգսյանը ԵԿՄ-ն ստեղծել էր միայն ու միայն իր համար, նպատակ ունենալով հարմար պահի հասնել իշխանության։ Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանին թվում էր, թե ԵԿՄ-ն իր հենարանն է։ Սկզբնական շրջանում Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելիքները Վազգեն Սարգսյանից և ԵԿՄ-ից արդարացան, քանի որ նաև, եթե ոչ՝ հիմնականում, հենց ԵԿՄ-ի «ջանքերի շնորհիվ» ՀՀՇ-ն և Լևոն Տեր-Պետրոսյանը «հաղթեցին» 1995թ․ խորհրդարանական և 1996թ․ նախագահական ընտրություններում։ 1995թ․ խորհրդարանական ընտրություններում «Հանրապետություն» դաշինքի ետևում  թաքնված ՀՀՇ-ից և այլ մանր-մունր  կուսակցություններից բացի, դաշինքում մեծ թիվ էին կազմում ԵԿՄ անդամները։ Որպես Լևոն Տեր-Պետրոսյանին հավատարիմ մարդ, Վազգեն Սարգսյանը 1996թ․ նախագահական ընտրություններից հետո հայտարարեց, որ եթե ընդդիմադիր թեկնածուն հավաքեր ձայների նույնիսկ 100%-ը, միևնույն է, իշխանությունը նրան չէին հանձնի։

Վազգեն Սարգսյանը՝ որպես պաշտպանության նախարար, պաշտոնավարեց մինչև 1999 թվականը։ Այդ տարիներին խաղաղ պայմաններում բանակում միջին հաշվով ամեն տարի, զոհվում էր օրական մեկ զինվոր։ Պատճառը ոչ կանոնադրական հարաբերություններն էին, շատ հրամանատարների անփութությունը, ինչպես նաև անպատժելիությունը։ Այդ բոլոր գործերը կոծկում, կամ որպես ինքնասպանություն էր ներկայացնում զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը։ Առեղծվածային էր պաշտպանության նախարարության ֆինանսների վարչության պետ Մավրիկ Ավետիսյանի սպանությունը, ներեցեք՝ ինքնասպանությունը։

Վազգեն Սարգսյանը, լինելով իշխանության հիմնական սյուներից մեկը, իր հարազատ եղբայրներին նշանակել էր Արարատի երկու՝ ցեմենտի և պահածոների գործարանների տնօրեններ։

1996թ․ նախագահական ընտրություններից հետո, չնայած «հաղթանակին», Լևոն Տեր-Պետրոսյանը կորցրել էր վստահությունն իր իսկ իշխանության հանդեպ։ Այդ մասին ինձ հայտնել են նրա մի քանի մտերիմներ։ Այն շատ լավ գիտակցում էր Վազգեն Սարգսյանն ու սպասում հարմար առիթի՝ իշխանությունը վերցնելու համար։

Այդ առիթը եկավ 1997 թ․, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը գրեց իր հանրահայտ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը» ծրագրային հոդվածը։ Իբրև թե՝ դեմ  լինելով հոդվածի թեզերին, Վազգեն Սարգսյանը՝ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի և ներքին գործերի և ազգային անվտանգության միավորված նախարար Սերժ Սարգսյանի հետ, 1998 թվականին  իրականացրեց պալատական հեղաշրջում։ Իսկ թե ինչո՞ւ՝ իբր, քանի որ Վազգեն Սարգսյանը քաջատեղյակ էր, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանի, այնպես էլ նրա խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի Արցախի հարցի լուծման, այն է՝ Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու տեսակետներին։ Հեղաշրջումը ԱԺ-ում «վավերացվեց» հենց ԵԿՄ պատգամավորների կողմից։ Ցավոք, հեղաշրջմանը մասնակից եղավ և այն ողջունեց նաև այն ժամանակվա արմատական ընդդիմությունը՝ մտածելով, թե Լևոն Տեր-Պետրոսյանի հեռանալով, իրենց համար կանաչ ճանապարհ է բացվում դեպի իշխանություն։

Հեղաշրջումից հետո, ըստ ինձ հասած տեղեկության, Վազգեն Սարգսյանին համոզել են, որ ճիշտ չի լինի, որ պաշտպանության նախարարը դառնա երկրի նախագահ, այն կդիտարկվի որպես ռազմական հեղաշրջում։ Արդյունքում նախագահ դարձավ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը։ Նորից հղում անելով իմ անանուն աղբյուրներին՝ նշեմ, որ կարճ ժամանակ անց Վազգեն Սարգսյանը կատաղիորեն զղջացել էր իր զիջողության համար և առիթ էր փնտրում Ռոբերտ Քոչարյանին գահընկեց անելու համար։ Այդ տեսակետից առեղծվածային էր ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի սպանությունը, թե՞ ինքնասպանությունը։ Ի՞նչ կասես, Անդրանիկ Քոչարյան։

1999թ․, նախընտրական դաշինք կազմելով 1998թ. նախագահական ընտրություններին մասնակցած Կարեն Դեմիրճյանի հետ, վերջապես Վազգեն Սարգսյանը համարյա  հասավ իր նպատակին։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունն արդեն ձևական բնույթ էր կրում և մնում էր ևս մի ավելի դյուրին հեղաշրջում և ողջ իշխանությունը կհայտնվեր Վազգեն Սարգսյանի ձեռքում։

Եվ անսպասելիորեն տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը, որի մասին կարծիքս հրապարակված է :

Ահա այսպիսին է, իմ համոզմամբ,  հայ անվանի  զորավարների եռյակից, ըստ ժամանակագրության, վերջինի իրական կերպարը։ Եվ նորից հարց է առաջանում՝ ինչո՞ւ ոչ Նորատ Տեր-Գրիգորյանցը, Յուրի Խաչատուրովը, Արկադի Տեր-Թադևոսյանը, Վազգեն Մանուկյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, նույնիսկ՝ Սամվել Բաբայանը, որոնց կազմակերպչական և ռազմական ունակությունների շնորհիվ ունեցել ենք հաղթանակներ, այլ պարտությունների և բազում անօրինականությունների հեղինակ Վազգեն Սարգսյանը։

Հիշեցնեմ նախորդ զորավարների մեծարման պատճառները, Վարդան Մամիկոնյանի դեպքում՝ եկեղեցական, զորավար Անդրանիկի դեպքում՝ խորհրդային ուղղորդված քարոզչությունները նրանց հերոսներ դարձրեցին։ Վազգեն Սարգսյանի դեպքում ավելի շատ գործոններ նպաստեցին նրան որպես հաղթող սպարապետի մեծարման հարցում։ Նախ, արձանագրենք, որ նրա մահից հետո ԵԿՄ-ն  շարունակեց մնալ որպես ցանկացած իշխանության հիմնական հենարաններից մեկը։ Իսկ ԵԿՄ, ներեցեք անգրագետ, կամ լավագույն դեպքում կիսագրագետ անդամները հասարակության մեջ իրենց դիրքով, իրենց ողջ ունեցվածքով պարտական էին միայն Վազգեն Սարգսյանին։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մեջ իրենից կասկածները հեռացնելու համար Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին շնորհեց Ազգային հերոսի կոչում, որը, միևնույն է, արդյունք չտվեց, և կասկածները մնացին, եթե ավելի չխորացան։ Որևէ ընդդիմադիր քաղաքական կամ հասարակական գործիչ նույնպես ձեռնպահ էին մնում Վազգեն Սարգսյանի մասին ճշմարտությունն ասել, կամ լռում էին, կամ ընդհանուր երգչախմբի հետ միասին գովերգում։ Լռակյացները անհանգստանում են իրենց վրա հարձակումներից և որ իրենց չկասկածեն հոկտեմբերի 27 -ի մեղսակցության մեջ, գովերգողներն՝ իրենց դիրքի պահպանման և իշխանության հասնելու և պաշտոն ստանալու ակնկալիքով։

Եթե սպարապետ Վարդան Մամիկոնյանը, հավատարիմ լինելով իր ուխտին, հերոսաբար զոհվեց ճակատամարտում, Անդրանիկ զորավարն իսկապես նվիրյալ է եղել, նաև  առաքինի և հմայիչ անձնավորություն, ապա Վազգեն Սարգսյանը խորհդանիշն է պարտությունների, հարյուրավոր անմեղ զոհերի, կոռուպցիայի, ընտրակեղծիքների և այլ անօրինականությունների։

Եվ ահա Երևանում կանգնեցված է Վազգեն Սարգսյանի արձանը, փողոց է անվանակոչվել նրա անունով, ինչպես նաև ռազմական հալմալսարանը նույնպես կրում է նրա անունը։ Նրա հայրական տունը դարձել է Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան։

Ամփոփում․

Այսպիսով արձանագրենք, որ անկախ պատճառներից, մենք՝ հայ ժողովուրդը, մեծարում ենք պարտված զորավարներին, կանգնեցնում  նրանց արձանները, փողոցներ կոչում նրանց անուններով, նրանց նվիրված հերոսական երգեր երգում, գրողները՝ վեպեր, նկարիչները՝ կտավներ, քանդակագործները արձաններ են կերտում  նրանց հիշատակին։

Իսկ հաղթող զորավարնե՞րը․․․ Միայն վերջին 7  տարիներին կանգնեցվեցին Գարեգին Նժդեհի և Արամ Մանուկյանի արձանները։

Ամեն դեպքում, նշենք, որ եթե Վարդան Մամիկոնյանի և Անդրանիկ Օզանյանի դեպքում պարտված ճակատամարտերն են, ապա Վազգեն Սարգսյանի դեպքում՝ նրան են վերագրվում հաղթանակները։ Այնպես որ ապագայում, հանուն բուն հայկական արդարության վերականգնման՝ Վազգեն Սարգսյանին կփոխարինեն Դավիթ Տոնոյանը, Օնիկ Գասպարյանը, Վաղարշակ Հարությունյանը, Արշակ Կարապետյանը, Սուրեն Պապիկյանը՝ իրենց գլխավոր հրամանատար կոչեցյալի հետ միասին։ Այս անգամ հուսանք, որպես՝ անբարոյական պարտության հեղինակներ։

Ավետիք Իշխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Nina says:

    Ցավալի է որ կիսաճշմարտություններով երկրաբանը պատմաբանի պատմուճան է հագել։ Օրինակ ով պաշտպանեց ու պահեց Սյունիքը ու հանձնեց Նժդեհին։ Ով դրեց Լեռնահայաստանի պաշտպանական կարողության հիմքը ու մաքրեց Սյունիքը թաթարներից։ Իհարկե Անդրանիկ Օզանյանը։ Շատ եւ շատ են փաստերը որոնք չի ներկայացնում հոդվածագիրը։ Հիրավի ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի….

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031