Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտայքի մարզի բնակիչն իր անասնաֆերմայում տևականորեն աշխատանքային թրաֆիքինգի է ենթարկել 3 կանանց և մեկ երեխայի․ նախաքննությունն ավարտվել է

Դեկտեմբեր 29,2023 12:23

Կոտայքի մարզի 38-ամյա բնակչի կողմից 4 անձի, այդ թվում` 1 երեխայի, թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 38–ամյա տղամարդը, օգտագործելով աշխատանք կամ որևէ այլ զբաղմունք, սեփական կացարան չունենալու, ինչպես նաև անչափահաս ու մանկահասակ երեխայներին նվազագույն կենցաղային պայմաններով ապահովելու անհնարինության, եկամտի այլ աղբյուրների բացակայության հանգամանքների առումով Արարատի մարզի երեք բնակչուհու, այդ թվում մոր և դստեր վիճակի խոցելիությունը, թրաֆիքինգի ենթարկելու՝ շահագործելու դիտավորությամբ, նրանց առաջարկել է իրեն պատկանող՝ Գառնի համայնքում տեղակայված անասնաֆերմայում կատարել կթվորուհու աշխատանք՝ չհստակեցնելով վարձատրության պայմանները:

Հիշյալ կանայք, հույս ունենալով, որ կվարձատրվեն այդ աշխատանքի համար ընդհանրապես վարձատրվող գումարի չափով՝ ամսական 1 գլուխ կով կթելու դիմաց առնվազն 5.000 դրամ, համաձայնել են տղամարդու առաջարկին։ Աշխատանքները կատարելու համար կանանցից մեկն իր մանկահասակ երեխայի հետ 2018թ.–ից, իսկ մայրը և դուստրը՝ իրենց անչափահաս ու մանկահասակ երեխաների հետ, 2023թ. հունվարից, տեղափոխվել ու բնակվել են հիշյալ անասնաֆերմայի տարածքում գտնվող քարե շինությունում, որը զուրկ է եղել կենցաղային տարրական պայմաններից։

Նրանց համար անհրաժեշտ սննդամթերքը 38–ամյա տղամարդն առաջարկել է ձեռք բերել իրեն պատկանող խանութից՝ անկանխիկ եղանակով, ձեռք բերված ապրանքների վերաբերյալ նշումներ կատարելուց հետո նրանց աշխատած գումարի հետհաշվարկ կատարելու խոստումով:

Այնուհետև, հիմնականում աշխատանքի հետ կապված դժգոհությունների առիթներով, 38–ամյա տղամարդը կանանց նկատմամբ կիրառել է բռնություն, ձեռքերով ու ոտքերով, ինչպես նաև անասնագոմի մաքրման համար նախատեսված երկաթյա գործիքով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին, նրանց հասցեին հնչեցրել բռնություն կիրառելու սպառնալիքներ ու հայհոյանքներ, ինչպես նաև ստիպել է կատարել այլ աշխատանքներ՝ անասուններին կեր տալ, դաշտ տանել, անասնագոմը մաքրել և այլն:

Կանանցից մեկի՝ 4 տարի կատարած կթվորուհու և պարտադրված մյուս աշխատանքների դիմաց 38–ամյա տղամարդը նրան վճարել է ընդամենը 30.000 ՀՀ դրամ, որևէ հաշվարկ՝ նրա կատարած աշխատանքի դիմաց նրան վճարելու և խանութից վերցրած ապրանքների գումարն իբրև ծախս հաշվարկելու և այդ գումարների տարբերությունը պարզելու նպատակով, երբեք չի կատարել։ Ավելին, հիշյալ կնոջ անվան դիմաց՝ որպես պարտք, գրանցել է նաև տարիներ շարունակ փաստացի իր անասնաֆերմայի համար աշխատանք կատարած մեկ այլ անձի կողմից նույն խանութից վերցրած ապրանքներն ու ծխախոտը։ Արդյունքում՝ այդ տարիների ընթացքում կինը խանութում կուտակել է 2.004.740 ՀՀ դրամ գումարի չափով պարտք։

Մոր և դստեր կողմից 6 ամիսների ընթացքում կատարած աշխատանքների համար 38–ամյա տղամարդը նրանց վճարել է ընդամենը 15․000 դրամ և կրկին որևէ հաշվարկ չի կատարել։ Արդյունքում՝ մոր և դստեր պարտքը խանութում կազմել է 480.480 ՀՀ դրամ։ Այս անորոշությունը 38–ամյա տղամարդը օգտագործել է որպես հիշյալ կանանց շահագործման վիճակում պահելու նպաստավոր պայման:

Բացի այդ, 38–ամյա տղամարդը, երեխային թրաֆիքինգի ենթարկելու նույն դիտավորությամբ, պահանջել է, որ 2023թ. հունվարից իր կողմից արդեն շահագործման վիճակում գտնվող ընտանիքի 9-ամյա երեխան նույն տարվա փետրվարից յուրաքանչյուր օր արթնանա առավոտյան ժամը 07.00-ի սահմաններում, անասնաֆերմայում որպես կթվորուհի աշխատող անձի 14-ամյա որդու հետ օգնի անասնապահին՝ պահել խոշոր եղջերավոր անասունների հոտը: 9–ամյա երեխան, մինչև հունիսի 7-ը, նաև անձրևոտ և ցուրտ օրերին, հիշյալ անձանց հետ խոշոր եղջերավոր անասունների հոտը տարել է անասնաֆերմայից մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող դաշտ, որտեղ մինչև ժամը 16.00-17.00-ի սահմանները մնացել և օգնել է կազմակերպել կենդանիների արածելը, իսկ երեկոյան նրանց տեղափոխել գոմ:

Վերոնշյալ անձինք կարողացել են 38–ամյա տղամարդու կողմից ստեղծված շահագործման վիճակից դուրս գալ միայն այն ժամանակ, երբ մոր և դստեր ահազանգով, իրենց են այցելել ոստիկանները։ Դուստրը ոստիկաններին ահազանգել է իր մոտ գտնված մեկ այլ բջջային հեռախոսաքարտով, որի առկայությունը թաքցրել էր 38–ամյա տղամարդուց, քանի որ վերջինս վերցրել էր նրա բջջային հեռախոսաքարտը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Կոտայքի մարզի 38–ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 189-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031