Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բժշկությունն 2023 թ․-ին․ տարվա մի շարք բացահայտումներն ու մտահոգիչ հարցերը

Դեկտեմբեր 29,2023 09:30

2023 թ․-ին բժշկական մի շարք ուշագրավ հետազոտությունների արդյունքներ հրապարակվեցին, որոնց պարբերաբար անդրադարձել ենք «Առողջ առավոտի» շրջանակներում։ Տարին լի էր նաև բացահայտումներով, օրինակ՝ ապացույցներ հայտնվեցին, որ ճարպակալման դեմ պայքարող GLP-1 դեղամիջոցները քաշի նվազեցումից զատ բարելավում են սիրտ-անոթային հիվանդությունների ելքերը, ԱՄՆ սննդի ու դեղերի վարչության (FDA) կողմից հաստատվեց «Լեկանեմաբ» դեղամիջոցն Ալցհայմերի հիվանդության բուժման համար, ինչպես նաև ԱՄՆ-ում FDA-ի կողմից հավանության արժանացավ ռեսպիրատոր-սինցիտիալ վիրուսների դեմ պայքարող «Arexvy» անունը կրող առաջին պատվաստանյութը 60 տարեկան և բարձր տարիքի անձանց, այնուհետև հղիների համար։

Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում տարվա Նոբելյան մրցանակին արժանացան հունգարացի Կատալին Կարիկոն և ամերիկացի Դրյու Վայսմանը․  նուկլեոզիդային հիմքերի փոփոխությունների վերաբերյալ նրանց հայտնագործությունները հնարավորություն էին տվել մշակելու արդյունավետ մՌՆԹ (mRNA) պատվաստանյութեր Քովիդ-19-ի դեմ:

Այս տարի ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի գիտնականները ներկայացրեցին մարդկային սաղմի առաջին սինթետիկ մոդելները, որոնք ստեղծվել էին մարդու զարգացման ամենավաղ փուլն ավելի լավ հասկանալու նպատակով։

Տարվա ընթացքում ԱՀԿ-ն ներկայացրեց հետազոտության արդյունքներ, որոնց համաձայն արհեստական քաղցրացուցիչների կազմում առկա քիմիական նյութը կարող է ԴՆԹ-ի վնասվածքներ առաջացնել։ Խոսքը ծամոնի, տարատեսակ սոուսների, առանց շաքարի ջեմերի և այլ մթերքների կազմում առկա սուկրալոզա քաղցրացուցիչի մետաբոլիտի՝ սուկրալոզո-6-ացետատի մասին է։ Հետազոտության արդյունքները ցույց էին տվել, որ սուկրալոզան վնասում է աղիների առողջությունը՝ հանգեցնելով օքսիդացման սթրեսի, բորբոքման ու ԴՆԹ-ի վնասվածքների՝ այդպիսով մեծացնելով քաղցկեղի զարգացման վտանգը։

2023-ին քիչ չէին նաև մտահոգիչ հարցերը, որոնցից մեկն էլ, թե ինչու է երիտասարդների շրջանում նկատվում հաստ աղիքի քաղցկեղով հիվանդացության աճ։ Ինչպես նշում էին փորձագետները, վերջին 20 տարվա ընթացքում մինչև 55 տարեկան մարդկանց շրջանում հաստ աղիքի և ուղիղ աղիքի քաղցկեղով հիվանդացությունը 11 % -ից հասել է 20%-ի։

Այդ ուղղությամբ իրականացված հետազոտությունը հայտնաբերել էր 4 առանցքային նախանշաններ, որոնք կապված են երիտասարդների շրջանում քաղցկեղի զարգացման վտանգի հետ։ Այդ նախանշաններն էին՝ որովայնի ցավը, ուղիղ աղիքից արյունահոսությունը, փորլուծությունն ու երկաթդեֆիցիտային սակավարյունությունը։

Ավստրալիայում անցկացված Acoustics 2023 Sydney կոնֆերանսի շրջանակներում ներկայացվել էր Օքսֆորդի լաբորատորիայում մշակված ուլտրաձայնային պատվաստման մեթոդը, որը թույլ է տալիս իրականացնել պատվաստումը՝ խուսափելով ներարկիչների և ասեղների օգտագործումից։ Այդ եղանակով պատվաստանյութն ուլտրաձայնային ալիքների միջոցով ուղղակիորեն ներթափանցում է մարդու օրգանիզմ՝ չվնասելով մարդու մաշկը։

Նոյեմբերի 16-ին Stem Cell Reports ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն լաբորատորիայում աճեցված արյունատար անոթները նոր պատկերացումներ են տալիս, թե ինչպես գլխուղեղի փոքր անոթների վնասվածքները կարող են նպաստել դեմենցիայի ու կաթվածի զարգացմանը։ Դրանից բացի հետազոտությունը հայտնաբերել էր այն դեղամիջոցը, որը կարող է «փակել» այդ վնասվածքները՝ նվազեցնելով արյունատար անոթների արտահոսքի հետևանքով գլխուղեղի վնասման հավանականությունը։

Հարավային Կորեայում անցկացված հետազոտության համաձայն՝ Քովիդ-19-ով վարակվելուց հետո մեծանում է շարակցական հյուսվածքի աուտոիմունային և աուտոբորբոքային հիվանդությունների վտանգը, ինչպիսիք են ալոպեցիան (մազաթափություն), Կրոնի հիվանդությունը, փսորիազն ու վիտիլիգոն։

The Lancet ամսագրում հրապարակված հետազոտությունում էլ նշվում էր, որ սրտի հանկարծակի կանգ ունեցած մարդկանց 50 տոկոսի մոտ դեպքից 24 ժամ առաջ բնորոշ ախտանշաններ են նկատվել, ընդ որում կանանց ու տղամարդկանց մոտ այդ ախտանշանները տարբերվել են։ Սրտի հանկարծակի կանգից առաջ կանանց մոտ արտահայտված հևոց է նկատվել, տղամարդկանց դեպքում ավելի բնորոշ է եղել կրծքավանդակի ցավն ու ճնշման զգացումը։

2023 թ․-ին Քաղցկեղի հետազոտությունների գերմանական կենտրոնի հետազոտողները նոր ապացույցներ հայտնաբերեցին, որոնց համաձայն՝ վիտամին D-ի ամենօրյա օգտագործումը կարող է նպաստել քաղցկեղից մահացության նվազեցմանը 12 տոկոսով։

Տարվա մտահոգիչ հայտարարություններից մեկն էլ մատնահարդարման մեթոդներից մեկի՝ գել-լաքի օգտագործման վնասակարությանն էր վերաբերվում, որը բուռն քննարկման տեղիք տվեց հատկապես գեղեցիկ սեռի ներկայացուցիչների շրջանում։

Nature ամսագրում 2023 թ․ հունվարի 17-ին հրապարակված հետազոտության արդյունքները զգուշացնում էին՝ եղունգների գեղեցկության համար պահանջվող «զոհաբերությունները» կարող են շատ ցավալի լինել։ Փորձարարական հետազոտությունները ցույց էին տվել, որ UVA ճառագայթումը հանգեցնում է ԴՆԹ-ի վնասվածքների՝ մեծացնելով եղունգների և ձեռքերի շրջանում մելանոմայի զարգացման վտանգը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031