Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիներն իրենց պարտքը կատարել են

Դեկտեմբեր 29,2023 10:00

Ցանկացած մարդ, երբ իր վրա է վերցնում ուրիշների վարքը դատափետելու «ծանր պարտականությունը», պետք է, աստվածաշնչյան իմաստության համաձայն, սկզբից վերլուծի իր սեփական վարքը եւ ինքն իրեն խոստովանի՝ արդյոք ինքը չունի՞ կամ չի՞ կարող ունենալ նմանատիպ արատներ:

Հայտնի օրինաչափություն է. ովքեր «հանուն ազգային նկարագրի» անզիջում պայքար են մղում միասեռականների դեմ, սովորաբար ունեն նման գաղտնի հակումներ: Նրանք, ովքեր մինչեւ 2018 թվականն ամեն օր անեծքներ էին հղում Հյուսիսային պողոտայում ապրող «հաբռգած պաշտոնյաների» հասցեին,  հեղափոխությունից հետո դարձան պաշտոնյա, «հաբռգեցին» եւ բնակվեցին Հյուսիսային պողոտայում: Գնեցին կամ «նվեր ստացան»:

Ճիշտ նույն օրինաչափության համաձայն՝ ՔՊ-ականներն այսօր, դիմելով արցախցի պաշտոնյաներին, ասում են՝ «դուք վարի տվեցիք Արցախը, իսկ հիմա, Երեւանում գործունեություն ծավալելով, վտանգում եք Հայաստանը»: Իշխանավորներն, իհարկե, շատ լավ գիտեն, որ իրենց ղեկավարը ա/ 2020 թվականին իրավիճակը հասցրեց պատերազմի, 2/ պատերազմի ժամանակ չկարողացավ կազմակերպել դիմադրությունը, 3/ նույն ժամանակ չցանկացավ «ցավալի զիջումներով» կանգնեցնել պատերազմը, 4/ պատերազմից հետո հայտարարեց, որ Արցախն Ադրբեջանի մասն է, 5/ այս տարվա սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա, հայտարարեց, որ Հայաստանը դրան չի խառնվում՝ կանաչ լույս վառելով վերջնական հայաթափման համար: Այսքանից հետո ոչ մեկի մոտ, կարծես թե, չպիտի կասկած ծագի, թե ով ինչ է վարի տվել: Եվ, գումարած դրան, «ղարաբաղցիները» չէ, որ հանձնել են թշնամուն մեր ինքնիշխան տարածքի 200 քառակուսի կիլոմետրը, իսկ դրանից հետո պետք է, որ պարզ լինի, թե ով է սպառնալիքներ ստեղծում Հայաստանի անվտանգության համար:

Մենք էլ՝ շարքային քաղաքացիներս, որեւէ իրավունք չունենք կշտամբելու արցախցիներին՝ պաշտոնավոր, թե անպաշտոն, թե ինչու են նրանք «իրենց հողը թողել եւ եկել այստեղ»: Այդ մարդիկ 30 տարի դժվարին պայմաններում այդ հողը պահել են հայկական, եւ ոչ մեկին ոչ մի բան պարտք չեն: Հիմա հերթը մերն է, որ մենք պահենք Հայաստանի Հանրապետությունը հայկական: Վախենամ, Փաշինյանի իշխանությունը երկարաձգվելու պարագայում մեզ էլ դա՛ չի հաջողվի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սահակ Հակոբյան says:

    Հարգելի պարոն Աբրահամյան
    Ցավալին այն է որ տարիներ շարունակ «ղարաբաղցի տականքներ» խոսույթը թույնի պես քայքայեց մարդկանց մտածդլակերպը։
    Իսկ այսօրվա իշխանիկներն դա շահագործելով եկան իրենց երազանքին։
    Տղերքն էին ափսոս եվ Երկիրն։
    2018թ ուրախացողներն եվ հիմա ոչինչ չանողներն հավասար մեղավոր են Արցախի եվ Հայաստանի կորստի մեջ։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031