Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուխտ արեցի, ասեցի՝ Աստված ջան, եթե ես սաղ մնամ, պիտի գամ ու Նաիրիի մասին պատմեմ, պիտի սաղ աշխարհը ճանաչի Նաիրիին». լեգենդար հերոսների պարգեւատրումը Եռաբլուրում

Դեկտեմբեր 28,2023 20:44

Երեկ Հայաստանի եւ Արցախի «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ, Արցախի հերոս Վահագն Վարդեւանյանի ծննդյան 57-ամյակն էր: Հերոսի ծննդյան օրը նշելու համար Եռաբլուրի պանթեոնում էին նրա մարտական ընկերները, Էջմիածնի ԵԿՄ անդամները:

Միջոցառման ժամանակ «Իմ Հադրութ» ռազմահայրենասիրական բարեգործական կազմակերպության նախագահ Ռոման Բալայանը Վահագն Վարդեւանյան շքանշանով պարգեւատրեց Մարտունիի լեգենդ, Մարտունիի շրջանի հատուկ ջոկատի նախկին հրամանատար Նաիրի Ղահրամանյանին: Ամենաթեժ կետերում լինելով, ամենախնդրահարույց մարտական հանձնարարությունները կատարելով՝ Նաիրի Ղահրամանյանին հաջողվել էր ժամերի ընթացքում Մարտունիի բարձունքը հետ բերել մի անհավանական հնարքով՝ փրկելով հակառակորդի դիվերսիոն խմբի հարձակումից:

Նաիրի Ղահրամանյանի մարտական ընկերը՝ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը, Մարտունիում տեսնելով Նաիրի Ղահրամանյանի սխրագործությունները, երդվել է. «Իմ մեջ ուխտ արեցի, ասեցի՝ Աստված ջան, եթե ես սաղ մնամ, հետ գամ, պիտի գամ ու Նաիրիի մասին պատմեմ: Պիտի սաղ աշխարհը ճանաչի Նաիրիին՝ էս ինչ արեց, ինչ տղա է Նաիրին»:

Նաիրի Ղահրամանյանը Մարտունիում, տեսնելով որ մեր զինվորները նահանջել են, սառած ու շոկի մեջ էին, նախաձեռնությունն իր ձեռքն էր վերցրել ու առաջնորդել նրանց. «Էդ զինվորներին սարքեց առյուծ, ասեց թուրքը ո՞վ ա, որ թուրքերից էս օրն եք ընկել, դե հիմա հետեւիցս եկեք, էս բարձունքը հետ ենք բերելու: Էդ զինվորները առյուծի նման կանգնած էին հրամանատարի հետեւում, որովհետեւ հրամանատարից շատ բան է գալիս»:

Վահագն Վարդեւանյան շքանշանով պարգեւատրվեց նաեւ արցախյան բոլոր պատերազմներին մասնակցած, հայրենիքի համար կյանքը վտանգած ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը, ինչպես նաեւ Արկադի Բաղդասարյանը՝ հետմահու:

Պատահական չէ, որ այս հերոսական սխրանքներով հայտնի տղերքը հենց Վահագն Վարդեւանյան շքանշանով են պարգեւատրում, որովհետեւ Վարդեւանյանը մարդ է, ով հայրենիքին նվիրեց ամենաթանկը՝ կյանքը: 1994 թվականի ապրիլի 21-ի գիշերը Վահագն Վարդեւանյանի գլխավորած գրոհայինների 38 հոգանոց ջոկատը դիրքավորվել էր Կարմիրավանում ու տեսնելով, որ հակառակորդի կողմից շրջափակման վտանգ կա՝ նա ջոկատի 13 ազատամարտիկների հետ առաջ է շարժվել կրակի տակ՝ ապահովելով մյուսների նահանջը: 13 ազատամարտիկները զոհվել էին, իսկ վիրավորված Վահագնը շարունակել էր մարտը մինչեւ վերջ, իսկ հակառակորդի մոտենալու պահին անձնազոհաբար իր հետ միասին սպանել էր թշնամու 4 զինվորի ու հրամանատարի՝ պայթեցնելով նռնակը:

Եռաբլուրում Դավիթ Մկրտչյանն ասաց. «Էսօր մեր սաղի գլուխները կախ է, բայց գալու է օրը, որ գլուխներս բարձր գալու ենք Եռաբլուր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031