Լրահոս
Օրվա լրահոսը

«Արարատ–73» ֆուտբոլիստները հյուրնկալվեցին Ֆուտբոլային գիտակների ակումբում

Դեկտեմբեր 28,2023 20:22

Ֆուտբոլային գիտակների ակումբի (ՖԳԱ) անդամները «Առագաստ» ռեստորանային համալիրում իրենց այս տարվա վերջին քննարկումը նվիրեցին «Արարատ–73» թիմի փայլուն հաղթանակի 50–ամյակին։ Ուղիղ այդքան ժամանակ է անցել, երբ «Արարատի» «ոսկյա» տղաները նվաճեցին ԽՍՀՄ–ի չեմպիոնությունը եւ գավաթը։

Քննարկմանը, որի հովանավորն էր «Ավերս» ընկերության տնօրեն Կարո Շահբազյանը, «Արարատ–73»–ի ֆուտբոլիստներից ներկա էին Էդուարդ Մարգարովը, Սերգեյ Բոնդարենկոն, Սերգեյ Պողոսյանը, Նորայր Մեսրոպյանը, ինչպես նաեւ ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյան։ Մինչ զրույցի սկիզբը «Հայ իշխաններ» միության կողմից նրանց բոլորին շնորհվեց իշխան կոչումը եւ նրանք պարգեւատրվեցին հատուկ շքանշաններով։

Առաջինը նրանց շնորհավորեցին Կարո Շահբազյանը, ՖԳԱ–ի անդամներ` անվանի սպորտային մեկնաբան Սլավա Սարգսյանը, ֆուտբոլային մեկնաբան Մենուա Մեհրաբյանը, «Ռադիո Վան»–ի հաղորդավար Գոր Գրիգորյանը եւ Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

«Այսպիսի թիմ էլ չի լինի, տղաները մեր պարծանքն էին, որոնք պատրաստն էին կյանքը տալ դաշտում։ 75 հազար մարդ «Հրազդան» մարզադաշտ գալիս էին, որ դիտեն լավ ֆուտբոլ, իսկ մենք չէինք կարող իրենց հրամցնել այլ բան։ Մենք դուրս էինք գալիս դաշտ ժողովրդի համար խաղալու, իսկ հետո երբ հաշվի մեջ առաջ էինք անցնում, նոր ցույց էինք տալիս մեր իմպրովիզացիան, քանի որ ֆուտբոլը առանց իմպրովիզացիայի դա ֆուտբոլ չի», – նշեց «Արարատի» անվանի հարձակվող Էդուարդ Մարգարովը։ Նա շնորհակալություն հայտնեց Ֆուտբոլային գիտակների ակումբից, որ իրենց հիշում է եւ կազմակերպում իրենց նվիրված միջոցառումներ։ «Շնորհակալ ենք նաեւ մեր երկրպագուներին, որ մինչեւ հիմա մեզ հիշում են եւ հասկանում, որ տղաները հաղթահարելով ամեն ինչ արեցին։ «Արարատ–73» անդամները ոսկյա տղաներ են, երկրորդ այդպիսի նախադեպ չի լինի» – ասեց նա, կատակով ավելացնելով, որ «այդ իսկ պատճառով հիմա մեզ պետք է փայփայել»։

Սերգեյ Բոնդարենկո նշեց, որ շատ ժամանակ իրենց հարց են տալիս, իսկ ի՞նչ տվեց իրենց ֆուտբոլը։ «Ֆուտբոլը առաջին հերթին մեզ տվեց այն, որ մենք առողջ տղերք ենք, եւ ասեմ ձեզ, որ եթե մարզիկը 1-3 տեղերը չի գրավում իր մարզաձեւում, ապա իր պարապածը իզուր է։ Որովհետեւ սպորտը սիրում է 1–ին տեղ։ Իհարկե, մենք շատ երկրներ տեսանք ֆուտբոլի շնորհիվ, բայց միևնույն ժամանակ ոնց որ գողացան մեր երիտասարդությունը, մենք ամեն օր հավաքների եւ պարապմունքների մեջ էինք, իսկ երիտասարդ տարիները անցան մեր կողքով», – ասաց նա։

«Ես ուղղակի դաստիարակվել եմ «Արարատ»–73 տղաներով եւ թիմի բոլոր անդամների անուն ազգանունները անգիր կարող եմ արտաբերել։ Բացի հիացմունքի խոսքերից, ես ուրիշ բան չեմ կարող ասել։ Մենք հպարտացել ենք ձեզանով եւ մինչեւ հիմա էլ հպարտանում ենք, 11 տարեկան էի, երբ «Արարատ»–ը  տոնեց իր պատմական հաղթանակը եւ հիշում եմ այն ցնծությունը, որը ապրում էր հայ ժողովուրդը։ Այնպես որ ունենք մի խնդրանք` երկար ապրեք», – նշեց Կարո Շահբազյանը։

«Ես այն մեկնաբանն եմ, որ «Արարատ 73»–ի փառահեղ հաղթանակների անմիջական վկան դարձավ։ Հենց «Արարատ 73» շնորհիվ հաստատվեցի որպես մեկնաբան։

«Արարատին» փայլուն հաղթանակներ բերեցին ֆուտբոլիստների անհատական բարձր վարպետությունը, ֆիզիկական ու հոգեւոր հիանալի պատրաստությունը, հմուտ մասնագետների տակտիկական գրագիտությունը, բարձրակարգ ու փորձառու ֆուտբոլիստների կայացած կոլեկտիվի հոգեբանական եւ տակտիկական ցնցող միասնությունը, հուսալի պաշտպանությունը, հարձակողական գործողությունների բազմազանությունը, մյուս թիմերի համեմատ եզրափակիչ «խոցումների» բարձր արդյունավետությունը։ Թող անհամեստ չհնչի, բայց «Արարատը» 1970–ականների սկզբին ցուցադրում էր այսօրվա այսօրվա լավագույն ֆուտբոլը։ Իրոք, դա հեքիաթային ժամանակաշրջան էր։ Ես խիստ կասկածում եմ, որ մենք կարող ենք այդպիսի թիմ ունենալ։ Նախ իրավիճակն է փոխվել եւ նույնիսկ ներքին առաջնությունում ակումբները չեն կարող գտնել 30 բարձր մակարդակի ֆուտբոլիստներ, որ հայտավորեն խաղերին», – նշեց Բաղդասարյանը։

«Արարատ 73» թիմի բոլոր ներկա գտնվող անդամներին եւ այն ժամանակվա ֆուտբոլային հաղորդավարներ Ս.Բաղդասարյանին եւ Ս.Սարգսյանին «Ավերս» ընկերության կողմից տրվեց նվերներ։ Իսկ իր հերթին Սուրեն Բաղդասարյանը իր ստորագրությունով իր հեղինակած «Արարատ 73. Հայկական ֆուտբոլի ոսկեդարը» գիրքը նվիրեց Կարո Շահբազյանին եւ Տիգրան Հովհաննիսյանին հայկական ֆուտբոլին իրենց մեծ նվիրվածության համար։

 

Տիգրան Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031