Օրերս կայացավ ակադեմիկոս Պարիս Հերունու կյանքի եւ գործունեության, ինչպես նաեւ Օրգովի ռադիոօպտիկական դիտակի ստեղծման եւ ակադեմիկոսի հայագիտական բացահայտումների մասին պատմող «Հերունի» ֆիլմի շնորհանդեսը, որը անվանի գիտնականի ծննդյան 90-ամյակի շրջանակում էր:
«Ակադեմիկոս Պարիս Հերունու մասին կարելի է անվերջ խոսել, նա հայագիտական մտքի կրող էր, մի մեծ ալեհավաք: Երկու տարի առաջ, երբ կարդացի նրա «Հայերը եւ հնագույն Հայաստանը» աշխատությունը, հասկացա, որ անպայման պետք է նրա մասին ֆիլմ նկարվի, էկրանավորվի մի բովանդակություն, որը գալիք սերունդներին կարող է պատմել այդ մեծանուն գիտնականի մասին:
Կարդացեք նաև
Ցավոք, այսօր մարդիկ մի տեսակ հեռացել են գրքից, կարդալու ժամանակ շատ չունեն, հատկապես հայագիտական աշխատություններ ոչ բոլորն են կարդում: Դրա համար որոշեցինք անպայման էկրանավորել: Պետության աջակցությունը չեղավ, թեեւ առաջարկել էին, ամեն ինչ մնաց թղթի վրա, սակայն մենք ֆիլմն իրականություն դարձրինք մեր՝ Lamedia.am առցանց հարթակի ուժերով, միջոցներով»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ֆիլմի պրոդյուսեր, հեղինակ, Lamedia.am-ի համահիմնադիր Ռուզաննա Ղազարյանը:
«Հերունին» փաստավավերագրական ֆիլմ է, ֆիլմում ներկայացված է Հերունու ֆենոմենը՝ հայագիտական մտքից մինչեւ ռադիոֆիզիկա: Օգտագործված են արխիվային կադրեր, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում ընտանիքին: Ֆիլմում անդրադարձ կա ռադիոդիտակի առանձնահատկությանը, եւ այն հանգամանքին, թե ինչպես է հայկական գիտական միտքը մնացել Հայաստանում: Հերունուն շատ գայթակղիչ առաջարկներ են արվել, սակայն նա չի տրվել այդ գայթակղություններին եւ դիտակը կառուցել է Հայաստանում»,-հավելեց մեր զրուցակիցը:
Ռուզաննա Ղազարյանը հայտնեց, որ ֆիլմի շնորհանդեսին ներկա էին Հերունու ժառանգները, իսկ որդին՝ Վահագն Հերունին ԱՄՆ-ից Հայաստան էր եկել՝ հատուկ ֆիլմի առիթով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ