«Ի՞նչ է գրականությունը» հարցը տարբեր պատասխաններ կարող է ունենալ։ Մեր զրուցակիցը հստակ գիտի գրականության առաքելությունը։ 44-օրյա պատերազմի մասնակից երիտասարդ գրիչը չի հանդուրժում կեղծիքը։ Գիր ու գրականության շուրջ մեր հարցերին պատասխանում է Դավիթ Խառատենցը, որը սովորում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, գրում է արձակ և չափածո ստեղծագործություններ, որոնք պարբերաբար հրատարակվում են։
-Դավիթ, դեռ նախորդ տարի ես հրատարակել «Վերադարձիր» գիրքդ։ Խոսենք հենց գրքիդ մասին, այն ինչո՞վ է կարևոր քեզ համար։
– Գիրքը նախ կարևոր է նրա համար, որ քո ստեղծածն է, քո «ծնածը», քո մասը։ Այն ուղղակի կարևոր է ինձ համար։ Գիրքը գրվեց պատերազմից չորս ամիս անց, ծառայության ընթացքում: Ե՛վ ծառայեց հետս, և՛ սահման պահեց, և՛ մրսեց ձմռանը, ինձ հետ ապրեց 10 ամիս անընդհատ ու ավարտվեց ծառայության մեջ, ծննդյանս օրը։ Չեմ ասի, որ ինքս ինձ նվեր արեցի, կասեմ՝ նա ինքն իրեն նվեր արեց ինձ։ Փոքր այդ վեպի մեջ փորձեցի հնարավորինս ցույց տալ երեք ընկերների՝ երիտասարդության երեք տեսակի մարդկանց, որոնք բախվում են տարբեր խնդիրների։ Նրանց սիրելու ձևեը տարբեր են, նվիրվելունը նույնպես։ «Վերադարձի՛ր» վերնագիրը շատերին գցեց շփոթության մեջ, իբր խոսքը ինչ որ մեկի վերադարձի մասին է, բայց հավատացեք երջանկանում եմ, երբ ընթերցողը գրում է , որ գրքի միջոցով կարողացավ մոտենալ իրական վերադարձներին կամ նրանց պատճառներին։ Չգիտեմ, երևի արդեն պարզ է, թե ինչքան կարևոր է այն ինձ համար։ Վերահրատարակման մեջ մի քանի փոփոխություններ կլինեն, որոնք տեխնիկական սպրդումներ են և պարտավոր եմ ուղղել, մնացած առումներով հույս ունեմ, որ այն շարունակելու է նվիրվել իր ընթերցողին, որովհետև նրա նպատակը հենց դա է։
-Ի՞նչ ես կարծում՝ մենք կա՞նք ժամանակ և տարածություն կոչվող տիրույթներում:
-Եթե փորձեմ մի քիչ գեղարվեստականություն տալ, կասեմ՝ մենք և՛ ժամանակն ենք, և՛ տարածությունը։ Ես չեմ չափում տարածություն, որտեղ ինձ սպասող չկա: Իսկ ի՞նչ է սպասումը, եթե ոչ ժամանակ։ Երկուսն էլ չափման միավոր են, ու երկուսն էլ ունեն մի շատ վատ նմանություն։ Երկուսն էլ արդարանում են, երկուսն էլ պատճառաբանում են։
Բայց կարող եմ մի հավելում անել։ Չկա ավելի քաղցր բան, քան տարածության մեջ քեզ սպասող ժամանակը, կամ ժամանակի մեջ ծնված տարածությունը։
-Ի՞նչ գրել այսօր: Ո՞վ է գրվածքի հերոսը. գրո՞ղը, մերձավո՞րը, թե՞ երևակայական տարածքում ապրող մեկը:
-Շատ հետաքրքիր հարց։ Իսկ ո՞վ է ասում, թե ինչ գրենք այսօր։ Կամ կա՞ նման ձևաչափ, որով շարժվում է գրողը ու գիտի, թե որ օրվա համար ինչ պիտի գրի։ Գրում ենք այն, ինչ մարսում է մեր սիրտը, գրում ենք այն, ինչը չի մարսում մեր սիրտը ու փսխում է։ Գրում ենք այն, ինչը մեր սիրտը չի էլ ուզում ընդունել։ Արվեստը կյանքի մասին է, իսկ գրականությունը երևի նրա լեզուն։ Երևի, որովհետև սա իմ կարծիքն է ու ես փորձում եմ հիմա խոսել Մեծության մասին։ Չեմ կարող ասել, թե ով կարող է լինել գրվածքի հերոսը, բայց գրողի համար հերոսը կյանքն է իր ամեն ինչով։
-Ընդհանրապես ի՞նչ է գրականությունն այսօր, գուցե պայքարի միջո՞ց է:
-Ձեռքումդ բռնած յուրքանաչյուր իր կարող է ծառայել երկու հակադիր նպատակների, օրինակ՝ փրկելու-սպանելու, օրհնելու-անիծելու, քանդելու-կառուցելու․․․ Եթե ասենք, որ գրականությունը պայքարի միջոց է, կարող ենք ասել, որ այն նաև խաբելու միջոց է, կամ շողոքորթելու, կամ սիրելու․․․ Եթե ես միջոց եմ ձեզ համար, որպեսզի ունենաք գեղեցիկ պարտեզ, ուրեմն իմ ձեռքերը ծաղիկներ մշակել գիտեն։ Եթե միջոց եմ, որպեսզի մաքուր պահեմ ձեր գոմը, ուրեմն ձեռքերս սովոր են գոմաղբին։ Կարճ ասած, նայած թե ում ձեռքում է գրիչը ու ինչ է պատրաստվում անել նա դրանով։
-Ո՞րն է մինչ օրս քո կողմից չտրված հարցը։
-Շատ ընտիր հարց է ու զվարճալի։ Եթե հիմա ասեմ, կլինի արդեն տրված հարց, բայց խնդիր չի. դրանք այնքան շատ են, որ չեն վերջանում։ Անգամ այնքան շատ են, որ խճճվեցի, չգիտեմ որի վրա հստակ կենտրոնանալ։ Արդյոք ես կա՞մ այս իրականության մեջ։
-Վերջին շրջանում ինչի՞ մասին ես հաճախ մտորում։
-Ուզում եմ փորձել տարբերել կարևորն անկարևորից, ուղղելին անուղղելիից: Կարճ ասած՝ փորձում եմ հակադրությունների մեջ պատերազմ գցել ու կողքից տեսնել, թե ինչքան գեղեցիկա էդ ամենը։ Փորձում եմ ամեն ինչի մեջ էն պետքականը գտնեմ։ Շատ բաներ կան մտորելու, դեռ 21 եմ, մի կողմից եռացող կյանքն է շատ մտքեր տալիս, մի կողմից խնդիրները անձնական ու ընդհանուր, բայց մյուս կողմից էլ էնքան սիրունություն կա, որ վախենում ես մեկին մեկ րոպե ավել ուշադրություն դարձնել ու կորցնել մյուսը։
Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ