Աշխարհի տարբեր անկյուններում ունենք հաջողության պատմություններ ունեցող հայրենակիցներ, նրանցից մեկն էլ Արթուր Ավետյանն է, որն ապրում է Ֆրանսիայում, որտեղ էլ շատ բեղմնավոր գործունեություն է ծավալել իբրեւ ֆրանսիական արտադրող: Նրա հիմնադրած Ավետյան տունը համագործակցում է մի շարք հեղինակավոր ընկերությունների հետ, այդ թվում՝ Freixenet. Intermarche, Super U . Costco, Henkel, Promocash:
Չնայած զբաղվածությանը՝ Արթուր Ավետյանը ստեղծագործում է. դա էլ ոգին արբեցնելու համար է:
Aravot.am-ի հետ զրույցում հիշելով մանկությունը՝ նա նշում է, որ կյանքում կատարվող ամեն բան վերարտադրությունն է իր մանկության. «Այս ամենի մասին ես մանրամասն պատմում եմ իմ` «Ճանապարհ կոշիկներով» գրքում, որը սկսվում է մանկությունից մինչև աշխարհի մեծ քաղաքներ: Ես ինձ հետ բերել ու տանում եմ իմ մանկությունը»:
Նա նաեւ նշում է. «Դու կարող ես մի ամբողջ կյանք ապրել Ֆրանսիայում եւ երբեք չդառնալ ֆրանսիացի, նաեւ կարող ես երբեք չլինելով Ֆրանսիայում՝ լինել ֆրանսիացի: Ֆրանսիացին ոչ թե ազգություն է, այլ արժեհամակարգ, մշակույթի կրող, լեզվամտածողություն… Ես դեռ դպրոցական տարիներից անգիր գիտեի ֆրանսիական մշակույթը, գրականությունը, ու երեւի թե սա էր պատճառը, որ որպես ալկոհոլ արտադրող իմ գործում ֆրանսիական էսթետիկան չափազանց ընդգծված է: Ֆրանսիայում արտադրվող ամեն արտադրանք դեռ չի համարվում ֆրանսիական»:
Կարդացեք նաև
Հարցին՝ իրեն հաջողակ մարդ համարո՞ւմ է, մեր զրուցակիցն այսպես է արձագանքում. «Ինքն իրեն հաջողակ համարելը հայելու առաջ ինքնասիրահարվածության նման մի բան է, անհաջողակների բարդույթ, որ միշտ իրենք իրենց ինչ-եր բան ապացուցելու կարիք ունեն: Ես ինձ ապացուցելու ոչինչ չունեմ, ճանաչում եմ ինձ, գիտեմ` ինչ եմ ուզում եւ դա անպայման իրականանում է: Ի վերջո, հաջողությունը հենց այնպես չի տրվում, գերմարդկային աշխատանք է պահանջում: Կարող եմ ասել, որ ես ինձ լավատես մարդ եմ համարում»:
Քանի որ Արթուր Ավետյանը նաեւ ստեղծագործում է, հարցրինք՝ իր կարծիքով ի՞նչ ընդհանրություն կա, օրինակ, լավ խմիչքի ու որակյալ պոեզիայի միջեւ: «Մի շատ գեղեցիկ ընդհանրություն՝ երկուսն էլ արբեցնում են»: Քանի որ սովորաբար օղին ընկալվում է իբրեւ տղամարդու խմիչք, հարցրինք՝ օղիները կարո՞ղ են լինել էսթետիկ եւ կանացի:
«Այո, կարող են, իմ ստեղծած օղիներն այդպիսին են` էսթետիկ մոտեցում եւ բացարձակ որակ, որոնք նման են 3 տարբեր կանանց: Պետք է նշեմ, որ դրա արդյունքում հաջողության հիմքը դրվեց, փոխեց օղու նկատմամբ կարծրատիպերը»,-ասաց Արթուր Ավետյանը: Իսկ ի՞նչ է անհրաժեշտ մարդուն՝ երջանիկ լինելու համար: Այս հարցին սեղմ պատասխան է տալիս. «Երջանկություն չորոնելը…Երբ ինչ-որ բան չես որոնում, ուրեմն արդեն իսկ ունես»:
Մեր զրույցի ժամանակ ֆրանսիացի սոմելիեների միության նախագահ հանրահայտ Ֆիլիպ Ֆորբախի մասնակցությամբ մի հետաքրքիր դրվագի էլ անդրադարձ եղավ: Վերջինիս կողմից շատ օրիգինալ, արվեստային եւ պարտավորեցնող գնահատական էր տվել մեր զրուցակցի արտադրանքին: «Մի երեկո Փարիզի կենտրոնում՝ հենց իր ռեստորանում լավագույն սոմելիեների ներկայությամբ իմ ստեղծած օղին համտեսելուց հետո, երբ իմացավ, որ ազգությամբ հայ եմ, բոլորի ներկայությամբ Ֆիլիպ Ֆորբախ ասաց` նա ստեղծում է խմիչքներն այնպես, ինչպես Ազնավուրն էր երգում` լինելով հայ, ունենալով այսքան ֆրանսիական մտածողություն: Հետո վերցրեց միկրոֆոնը եւ բոլորը միասին երգեցին Ազնավուրի «Լա Բոհեմը»… Այդ երեկոն ինձ համար ճակատագրական էր…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ