ՀՀ կառավարության որոշմամբ մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների ծրագրում ընդգրկված հաստատությունների ցանկն ավելացել է 12-ով:
Գործադիրի այսօրվա նիստում ««Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների» ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը հաստատելու և ցանկում ընդգրկված դպրոցների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները սահմանելու մասին» որոշման մեջ կատարվել են փոփոխություններ և լրացումներ:
Կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող դպրոցների ծրագրում ներառվել են նոր դպրոցներ՝
- Երևանի թիվ 124 հիմնական դպրոց (նախկին «Երևանի թիվ 201 հիմնական դպրոց» ՊՈԱԿ–ի տեղակայման վայրում),
- Երևանի թիվ 64 հիմնական դպրոց,
- Երևանի Գ.Գյուզադյանի անվան թիվ 163 հիմնական դպրոց,
- Երևանի թիվ 157 հիմնական դպրոց,
- Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց,
- Երևանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոց,
- Երևանի Մ. Սարյանի անվան թիվ 86 հիմնական դպրոց,
- Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց,
- Երևանի Ս. Շահմուրադյանի անվան թիվ 85 հիմնական դպրոց,
- Երևանի Վ. Դավթյանի անվան թիվ 37 հիմնական դպրոց,
- Երևանի Վ. Վարդևանյանի անվան թիվ 173 և թիվ 31 հիմնական դպրոցներ,
- Վանաձորի Մ. Մաշտոցի անվան թիվ 15 հիմնական դպրոց:
Որոշմամբ փոփոխության են ենթարկվել նաև Կոտայքի մարզի Զովունի, Պռոշյան և Արամուս բնակավայրերի կառուցվող դպրոցներին առնչվող տեղեկությունները: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Զովունի և Պռոշյան բնակավայրերում, բնակչության թվով պայմանավորված, նոր միջնակարգ դպրոցներ կառուցելու անհրաժեշտություն է առաջացել՝ միաժամանակ գործող դպրոցները պահպանելու միտումով:
Կարդացեք նաև
Միաժամանակ, նախատեսվում է Կոտայքի մարզի Արամուս բնակավայրի նոր կառուցվող դպրոցի հզորությունը 500-ի փոխարեն սահմանել 800՝ բնակչության թվով պայմանավորված:
Ակնկալվում է, որ որոշման արդյունքում մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներում ենթակառուցվածքների, շենքային պայմանների բարելավման միջոցով ուսումնական գործընթացի կազմակերպումն ավելի դյուրին կդառնա՝ նպաստելով ուսումնական հաստատություններում կրթության որակի բարձրացմանը:
Կառավարության մեկ այլ որոշմամբ փոփոխություն է կատարվել նաև ՀՀ-ում կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայության իրականացման լիցենզավորման և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին կարգում:
Որոշման ընդունման նպատակն է լիցենզավորման կարգում նախադպրոցական հաստատությունների ուսումնական գործունեության համար հասարակական նպատակային նշանակության տարածք ունենալու պահանջը հետաձգել մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը:
Մինչ այդ ընկերությունները կարող են լիցենզավորման պարտադիր գործընթաց անցնել ինչպես հասարակական, այնպես էլ բնակելի նշանակության տարածքներում գործունեության համար՝ ներկայացնելով նախադպրոցական կրթական ծրագրի կամ ծառայության իրականացման նպատակով պահանջվող փաստաթղթերը:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ