Կադաստրի կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հանրության գերակա շահ ճանաչված տարածքներում օտարվող սեփականության նկարագրության արձանագրության կազմման կարգը և նկարագրության արձանագրության օրինակելի ձևը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Այսօր «Մեդիա կենտրոնում» քննարկում էր կազմակերպվել՝ «Հանուն հանրային շահի՞, թե պատասխանատվությունից խուսափելու․ օրենսդրական փոփոխություններ» թեմայով։
«Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Բաղդասարյանն ասաց, որ տարիներ առաջ Հյուսիսային պողոտայի կառուցապատումից ի վեր քաղաքացիների ունեզրկման գործընթաց են նախաձեռնել քաղաքապետարանն ու ԾԻԳ-ը, մասնակցություն է ունեցել նաեւ Կադաստրի կոմիտեն. «Հույս ունեինք, որ հեղափոխությունից հետո իրավիճակը կշտկվի, բայց մինչեւ հիմա մենք չհասկացանք՝ ի՞նչ է նշանակում բացառիկ գերակա հանրային շահ: Գնահատող կազմակերպությունները հանդիսանում էին կադաստրի պետի տեղակալի բարեկամները, հիմա պետի տեղակալին ազատեցին: Կադաստրի պետը, որպեսզի իրեն ապահովագրի, անում է այդ նախաձեռնությունները: Դա անհեթեթություն է»:
Ֆիրդուսի թաղամասի բնակիչ Ռուբեն Աթոյանն ասաց. «Օրենքն ունի 8 պարտադիր կետ, երբ գնահատումները պետք է ներբեռնվեն կադաստրի կայք եւ լինեն կադաստրի վերահսկողության տակ: Մեր, Բուզանդի տարածքում եւ գերակա շահ ճանաչված տարածքներում գնահատումները չեն պարունակում այդ իդենտիֆիկացման կոդը: Եթե ունի կոդ, նշանակում է ներբեռնվել է կադաստրի տակ ու կադաստրը պատասխանատվություն է կրում այդ գնահատումների համար: Դա օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետն է, որտեղ գրված է, որ գույքը պետության կամ համայնքային կառույցների համար ձեռք բերելու դեպքերում պետք է լինի դա: Նոր նախագծով մտցնում են նոր կետ, որով ասում են, որ գերակա շահի դեպքերում այդ կետը վերաբերելի չի: Գնահատումները, որ մեր մոտ եկան, խայտառակ է, տունը գնահատված է 50$, 100$` 1 քմ-ն: Մենք այլ գնահատողների փորձեցինք ներգրավել, չեկան, որովհետեւ եթե գային, հնարավոր է նրանց լիցենզիայից զրկեին: Նախագծի մյուս կետով առաջարկում են, որ գերակա շահի դեպքում մարդը հնարավորություն չունենա դիմել մասնագիտական հանձնաժողովին, միանգամից պետք է բողոքարկվի դատարանում: Պետք էր ոչ թե հանձնաժողովի ճանապարհը փակել, այլ հանձնաժողովի բնույթը փոխել: Լոգիկա չկա, որ մյուս դեպքերում կարող ես դիմել հանձնաժողովին, գերակա շահի դեպքում չես կարող»:
Կարդացեք նաև
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանն ասաց, որ քաղաքի կենտրոնում դոմինոյի նման շենքեր են խցկում, որովհետեւ ունեն գերշահույթ. «Քաղաքի կենտրոնում այսօր քմ-ն 5000 դոլար է, ծայրամասում՝ բազում անգամ էժան: Վերցնում են մի փոքր հող, քանդում են ու անմիջապես սարքում են 22 հարկանի շենք, ինչպես եղավ Տերյան-Պուշկին փողոցների խաչմերուկում, ստանում գերշահույթ: Այդ գերշահույթները ստանալու համար նրանք իշխանավորների մեջ ունենում են իրենց հովանավորները: Հեռանում են պաշտոնից, գալիս են նորերը, նրանք նորերին են գցում այս ծուղակը ու շարունակում աշխատել: Քչերը գիտեն, որ կառավարության բարձրաստիճան անդամներ Հյուսիսային պողոտայի շենքերից իրենց հարկաբաժիններն են ստացել, որովհետեւ համաձայնվել են դա անել: Այլանդակված է մեր քաղաքը կցակառույցներով: Այդպիսի տգեղ քաղաք, ես շատ եմ պտտվում աշխարհով մեկ, այնպիսին ինչպիսին Երեւանն է ցերեկը, տեսարան էլ չկա ոչ մի տեղից… Ինչպես ապրում ենք, այդպես էլ կառուցում ենք ու հողին ենք հանձնում, նույնը մեր գերեզմաններն են: Քաղաքաշինությունն այսօր կատաստրոֆիկ վիճակում է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ