Լրահոս
Օրվա լրահոսը

Կենցաղային ապրանքներ ձեռք բերելու նվեր-քարտեր՝ արցախցի ընտանիքներին

Դեկտեմբեր 28,2023 16:10

28 դեկտեմբերի, Տաթև, Սյունիքի մարզ: Արցախից բռնի տեղահանված և Սյունիքի մարզի Տաթև խոշորացված համայնքում բնակություն հաստատած շուրջ 50 ընտանիք դարձել են «Մենք ենք մեր սարերը» գործակալության «Առաջին անհրաժեշտության կենցաղային ապրանքներ արցախցիների համար» ծրագրի շահառու:

Ծրագրի շրջանակում նրանց տրվել է 100.000-300.000 դրամ գումարի նվեր-քարտեր (կախված ընտանիքի անդամների թվից), որով ընտանիքները կարող են կենցաղային ապրանքներ ձեռք բերել:

Արցախից բռնի տեղահանված և Հայաստանում բնակություն հաստատած քաղաքացիներից շատերն արագ տեղահանման պատճառով չեն հասցրել գրեթե ոչինչ տեղափոխել իրենց հետ, ուստի ստիպված են կենցաղային բազմաթիվ դժվարություններ հաղթահարել իրենց ժամանակավոր բնակության վայրերում: Հաշվի առնելով այս իրողությունը և նպատակ ունենալով մեղմել արցախցի ընտանիքների խնդիրները՝ «Մենք ենք մեր սարերը», իր նվիրատուների աջակցությամբ, նախաձեռնել է այս ծրագիրը:

Օրերս գործակալության ներկայացուցիչներն այցելել են Տաթև խոշորացված համայնքի բոլոր յոթ բնակավայրերում տեղակայված արցախցի ընտանիքներին և նրանց տրամադրել նվեր-քարտերը:

«Ծրագրի շահառուների հետ շփվելով տեսանք, թե որքան կարևոր նշանակություն ունի նրանց համար այս աջակցությունը: Սա գործակալության փոքր, բայց շատ կոնկրետ խնդիր լուծող ծրագրերից է: Մարդիկ Արցախում են թողել իրենց ողջ ունեցվածքը եւ բազմաթիվ կենցաղային խնդիրների հետ են բախվում ամեն օր: Մենք ուրախ ենք գոնե ինչոր չափով թեթևացնել նրանց հոգսերը, և ամեն ինչ անելու ենք՝ շարունակելու Ռուբեն Վարդանյանի սկսած գործը»,-ասում է գործակալության սոցիալական ծրագրերի ղեկավար Արմեն Մանգասարյանը:

Տաթեւ խոշորացված համայնքում ապաստանած արցախցի երեխաներին նաև ամանորյա նվերներ են մատուցվել՝ հաշվի առնելով, որ տեղահանության հետեւանքով նրանք Արցախում են թողել իրենց տոնածառերը, խաղալիքներն ու գրքերը:

«Երեխաները ստիպված են եղել իրենց աչքերով տեսնել ու զգալ բռնի տեղահանման ողջ դաժանությունն ու դժվարությունները: Մենք փորձում ենք մեր ծրագրերի միջոցով օգնել, որպեսզի նրանք կարողանան վերականգնվել և անհոգ մանկություն վերադառնալ: Դա «Մենք ենք մեր սարերը» գործակալության առաջնահերթություններից է, եւ մենք շարունակելու ենք այս ուղղությամբ մեր ծրագրերը նաեւ 2024-ին: Եվ մեր կոչն ու հորդորն է բոլորին՝ միավորել ջանքերը եւ ամեն ինչ անել, որպեսզի մեր երեխաների դեմքին նորից ժպիտը թեւածի», – նշում է գործակալության ծրագրերի ղեկավար Նարինե Աղաբալյանը:

 «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը հիմնադրվել է 2022 թվականին՝ Ռուբեն Վարդանյանի և նրա գործընկերների կողմից: Կազմակերպության ծրագրերն ուղղված են պաշտպանելու մարդկանց, որոնց կյանքը տուժել է անվերջ ընթացող հակամարտություններից:

«Մենք ենք մեր սարերը» գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031