Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպան․ «Ըստ գործի սցենարի՝ պետք են եղել որոշ դերակատարներ, որ հնարավոր լիներ հասնել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին եւ նրան մեղադրանք առաջադրվի» 

Դեկտեմբեր 28,2023 15:30

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի, Գեւորգ Հարությունյանի գործով այսօրվա դատական նիստում, Բարսեղ Բեգլարյանի եւ Գեւորգ Հարությունյանի պաշտպանները հանդես եկան ճառով։

Գյուղատնտեսության նախարարության նախկին աշխատակից, վարչության պետ Գեւորգ Հարությունյանին արդարացնելու միջնորդություն ներկայացրեց նրա պաշտպանը։ Նա իր ճառում ասաց՝ դատարանը պետք է պատասխանի գլխավոր հարցն՝ մեղավո՞ր է Գեւորգ Հարությունյանը․ «Նախաքննության եւ դատաքննության ընթացքում նա հայտարարել է, որ չի  կատարել մեղսագրվող արարքը։ Մենք լավ ենք հասկանում, թե ինչու է նա նշանակվել մեղադրյալ՝ որովհետեւ, ըստ գործի սցենարի, պետք են եղել որոշ դերակատարներ, որ հնարավոր լիներ հասնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին եւ նրան մեղադրանք առաջադրվի»։

Պաշտպանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը դատարանում պատմել է, որ  գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը գործի ընթացքում կապվել իր հետ եւ ասել, որ իր ասածով ցուցմունք տալու դեպքում գործը կկարճվի․ «Սերգո Կարապետյանն ասել էր, որ Գեւորգ Հարությունյանը Կարապետյանի ուղղորդած եղանակով անուղղակի մեղադրի Սերժ Սարգսյանին, ասի, որ նախարարն իրեն ասել է՝ նախագահականից ցուցում կա ծրագիրը այդ «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ իրականացնել»։

«Գեւորգ Հարությունյանի մեղադրանքի հիմքում չկան ապացույցներ, եթե կան ապացույցներ, ապա դրանք վկայում են նրա անմեղությունը», – հայտարարեց փաստաբանը։ Նա միջնորդեց կայացնել արդարացնող դատավճիռ։

Նիստը հետաձգվեց։

Նշենք, որ գործով քննությունն ավարտական փուլում է։ Նախորդ նիստի ընթացքում մեղադրող դատախազը հրապարակել է մեղադրական ճառը՝ պահանջելով մեղավոր ճանաչել Սերժ  Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Գեւորգ Հարությունյանին՝ առաջադրված մեղադրանքներում և ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, խափանման միջոցները թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը, միևնույն ժամանակ, պահպանել մեղադրյալների գույքի վրա դրված արգելանքը՝ մինչև քաղաքացիական հայցի լուծումը, բավարարել քաղհայցը՝ նրանցից բռնագանձելով շուրջ 489.160.310 ՀՀ դրամ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031