Լրահոս
Օրվա լրահոսը

«2 տարի խնդրում էի Մաքսային միությանը, ԵԱՏՄ երկրներին՝ ՀՀ-ին ընդունել այդ կառույց, որովհետեւ չանդամակցելը բերելու էր Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի իրավիճակին»․ Սերժ Սարգսյան

Դեկտեմբեր 28,2023 15:00

«Երբեւէ տեսե՞լ եք կամ արեւմուտքի կամ մեր դաշնակիցների կողմից ինչ-որ պարտադրանքներ բաց հնչեցնեն պաշտոնատար անձինք։ Ես նման դեպքեր չեմ հիշում, որովհետեւ մենք անում էինք քայլեր, որոնք բխում էին մեր երկրի շահերից եւ արկածախնդրության հետ առնչություն չունեին», – այս մասին այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն՝ անդրադառնալով այն մեղադրանքներին, թե իր օրոք ճնշումների արդյունքում ՀՀ-ն անդամակցեց ԵԱՏՄ-ին։

Սարգսյանի ներկայացմամբ՝ եթե մենք չշարունակեինք մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, ապա մենք միլիարդավոր դոլարների սպառազինություն չէինք ունենա․ «Իհարկե այդ սպառազինությունն անվանում են մետաղի ջարդոն, բայց մենք տեսնում ենք այդ մետաղի ջարդոնն ինչպես է օգտագործվում հմուտ օգտագործողների կողմից, օրինակ` Ուկրաինայում։ Եթե մենք չանդամակցեինք Եվրասիական տնտեսական միությանը, այսօրվա Հայաստանի տնտեսությունը չոքել էր՝ բառիս բուն իմաստով»։

Սարգսյանի խոսքով․ «Ես երբեք հրապարակավ չեմ ասել, հիմա հանգիստ ասեմ՝ ես ուղիղ երկու տարի առաջարկում էի, խնդրում էի սկզբում Մաքսային միությանը, հետո Եվրասիական տնտեսական միությանը անդամակցող երկրներին ՀՀ-ին ընդունել այդ կառույց՝ պարզ պատճառով, որովհետեւ այդ կառույցին չանդամակցելը բերելու էր այն իրավիճակին, ինչ իրավիճակ ստեղծվեց Մոլդովայում, Վրաստանում, ավելի վատ՝ Ուկրաինայում։ Գյուղատնտեսությունում ունեինք 300 հազար գյուղացիական տնտեսություն, բա էդ մարդիկ ի՞նչ պիտի անեին, որտե՞ղ պիտի ծախեինք այդքան կոնյակը, ծիրանը։ Կարո՞ղ է պիտի տանեինք Թուրքիա լոլիկ վաճառեինք, Փարիզում՝ կոնյակ»։

Սարգսյանի վստահեցմամբ՝ ԵՄ գործընկերներն էլ լավ գիտեին այդ ամենի մասին․ «ԵՄ-ին խաբելու պարագայում, արդյոք ԵՄ-ն թույլ կտա՞ր մեզ հետ ստորագրել «Սեպայի» պայմանագիր։ Մենք երկու տարի բանակցում էինք ԵՄ-ի հետ եւ Մաքսային միության հետ։ Դա այնպիսի բան չէ, որ գաղտնի լիներ»։

Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանը, Սարգսյանն ասաց՝ անհնար է մի տեղ ունենալ անվտանգության միջավայր, մյուս կողմը՝ տնտեսության։

«Չեմ կարող ասել, թե այս իշխանությունը որ հարթակից որ հարթակ է գնալու, բայց, որ թռվռվում են, դա փաստ է», – ասաց Սարգսյանը։

Եկող տարի ի՞նչ է անելու, որ ԼՂ հարցում բանակցողը փոխվի, ինչպես ինքն էր ասել՝ բանակցողը մինչեւ չփոխվի, մեզ համար դրական ելք չի լինի, Սարգսյանը պատասխանեց․ «Ես ամեն ինչ անելու եմ, ում պետք է օգնել՝ օգնում եմ։ Մենք՝ ամբողջ կուսակցությունով, չի եղել նույնիսկ փոքրիկ շարժում, որին չմասնակցենք։ Իսկ նախաձեռնելը․․․ տեսնենք, միգուցե լրագրողներով հավաքվենք, եթե որոշեք, որ ես կարող եմ նախաձեռնել՝ կնախաձեռնեմ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031