Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան․ «Հայաստանի Հանրապետության կառավարիչը խոստովանեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղը զոհաբերել է գիտակցաբար»

Դեկտեմբեր 28,2023 14:12

«Հայաստանի Հանրապետության կառավարիչը խոստովանեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղը զոհաբերել է գիտակցաբար», – այս մասին այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին։ Սերժ Սարգսյանի խոսքով՝ Փաշինյանի հարցազրույցում բազմաթիվ ստեր ու կեղծիքներ կային։

«Երբ նա խոսում էր ինչ-որ մահակների մասին… այսինքն, իր համար ԼՂ հարցը մահակ էր Հայաստանի գլխին, ուղղակի չհասկացա, թե ո՞ր մահակների մասին էր խոսում, կամ ովքեր էին այդ մահակները պարզել Հայաստանի գլխին։ Համանախագահնե՞րը, որոնք հինգ անգամ գրավոր հայտարարություն են տարածել ԼՂ վերջնական կարգավիճակի մասին, որ այն պետք է որոշվի ազատ կամարտահայտությամբ։ Ո՞ր երկրի, ո՞ւմ մասին էր խոսոմ, որ մահակ էր պարզել ՀՀ գլխին։ Միգուցե այն երկրի, որը մեզ միլիարդներով անվճար եւ զեղչով սպառազինություն է մատակարարել, ինչը ամբողջությամբ հանձնել է Ադրբեջանին։ Բայց գոնե բոլորս հասկացանք իր խոստովանությունը, միակ ճիշտ բանը, որ ասաց՝ գիտակցաբար է զոհել Ղարաբաղը», – ասաց Սարգսյանը։

Նշենք, որ Փաշինյանն այդ հարցազրույցում ԼՂ հարցի կարգավորման մասին ասել էր․ «․․․Այսինքն՝ չի եղել մի թուղթ, որը ստորագրվելուց հետո համարվեր, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվել է: Ընդ որում՝ այդպիսի մի տարբերակ եղել է միայն 1999 թ.-ին, որը ստորագրելու պարագայում կարելի էր ասել, որ ԼՂ հարցը լուծվել է. դա Մեղրիի և Լեռնային Ղարաբաղի փոխանակման տարբերակն էր, որ դրանով կարելի էր ավարտվել, որ հարցը փակվեց: Այսինքն՝ Մեղրիի շրջանը հանձնվում է Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղը միացվում է Հայաստանին: Դա միակ տարբերակն է եղել, որով կարելի էր արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծենք, մնացած որևէ տարբերակով ԼՂ հարցի լուծում չկար, չէր արձանագրվում հարցի լուծում: Եվ սա, իմ ընկալմամբ, ինչ-որ առումով նաև հատուկ էր արված, որպեսզի ԼՂ հարցը, որպես մահակ միշտ հնարավոր լինի պահել Հայաստանի Հանրապետության գլխին»:

Լրագրողի դիտարկմանը, որ Փաշինյանը նշում էր, որ ԼՂ հարցի լուծում որեւէ փաթեթով չէր ենթադրվում, միակ տարբերակը Մեղրիի տարբերակն է, ըստ Փաշինյանի՝ 2016-ից հետո ի հայտ է եկել նաեւ երրորդ փաստաթուղթ, որով ոչ միայն տարածքների հարցն էր օրակարգում, այլեւ պետական կարգի լուծարման խնդիր էր դրված, Սարգսյանը պատասխանեց․ «Ինքը ստում է, ինքը պայծառատես չի, որ ենթադրություն անի ապագայի մասին։ Մենք ունենք բոլոր փաստաթղթերը, թող ինքը ցույց տա մի փաստաթուղթ, որտեղ իր ասածը տեղ է գտել եւ թող ասի՝ այ, այ սրանով փակվել ԼՂ հարցը»։

Սարգսյանի խոսքով՝ փաստաթղթեր կան, Կազանից հետո որեւէ էական բան չի փոխվել բանակցային գործընթացում․ «Կազանից հետո, անկախ նրանից, թե ձեւակերպումներն ինչպիսին են եղել, ԼՂ վերջնական կարգավիճակը որոշվում էր ազատ կամարտահայտությամբ։ ԼՂ-ն հնարավորություն էր ունենում իր ընտրված մարմիններով, նշանակված կառույցներով կառավարել կյանքը Լեռնային Ղարաբաղում»։

Անդրադառնալով ԼՂ բյուջեի մասին իշխող ուժի հայտարարություններին, թե անիմաստ էր այդքան գումարներ ԼՂ-ին փոխանցելը, պետք է այդ ռեսուրսները Հայաստանի ուժեղացման համար ներդնել, Սարգսյանն ասաց՝ ԼՂ բյուջեն ձեւավորվում էր ինչպես իրենց ներքին միջոցներով, այնպես էլ ՀՀ-ից տրվող վարկով, որը կազմում էր մեր բյուջեի չնչին մասը․ «Այո, չեմ բացառում, որ այնտեղ լրացուցիչ ծախսեր են եղել՝ սպառազինությանն ձեռքբերում, բայց դա առյուծի բաժին չէ։ Եթե նույնիսկ շատ մեծ ռեսուրս պիտի դնեինք, բա մեր ազգային խնդիրը լուծելու համար, իհարկե պետք է դնեինք։ Բա ո՞վ էր առանց որեւէ բանի տալու մեզ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031