Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանի գործից հայտնի «Երասխ-2» զորամասի հողը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին

Դեկտեմբեր 28,2023 13:08

Կառավարության հաջորդ նիստում կներկայացվի որոշման նախագիծ, որով կառաջարկվի Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնել գույք։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Նա նշեց, որ խոսքն Արարատի մարզի Արմաշ համայնքի նախկին ղեկավարի՝ 2005 թվականի որոշումներով անհատույց օգտագործման իրավունքով Պաշտպանության նախարարությանը տրամադրված հատուկ նշանակության հողամասին է վերաբերում, որն ունեցել է զորամասի կարգավիճակ։

Խոսքը Երասխ-1 եւ Երասխ-2 զորամասերին է վերաբերում։ «Երասխ-1-ի գործը դեռեւս գտնվում է դատաքննության փուլում, իսկ Երասխ-2-ն արդեն կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել էր, որ Պաշտպանության նախարարի պաշտոնը տվյալ ժամանակահատվածում զբաղեցրած անձը, խախտելով հողային օրենսգրքի պահանջները, ըստ որոնց՝ արգելվում է քաղաքացիներին  եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հատուկ նշանակության հողերը, հանձնարարել էր կադաստրային արժեքից անհամեմատ էժան գնով օտարել ՊՆ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հատուկ նշանակության Երասխ-2 տարածքը՝ 0,9 հա մակերեսով եւ դրա վրա առկա շինությունները։ 2023 թվականի փետրվարի 7-ին իմ կողմից Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր, որը բավարարվեց։ Եվ, ի թիվս այլ պաշտոնատար անձանց, նախկին նախարարի նկատմամբ հարուցվեց հանրային քրեական հետապնդում։ Ներկայումս գործը գտնվում է դատական քննության փուլում»,- ասաց նա։

Աննա Վարդապետյանը նշեց, որ քրեական գործից բացի, Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում 2023 թվականի մայիսի 4-ին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Նորայր Կարապետյանի եւ երրորդ անձ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել 2009 թվականի հունվարի 13-ին ՊՆ-ի եւ Նորայր Կարապետյանի միջեւ կնքված առուծախի պայմանագիրը։ 2023 թվականի սեպտեմբերի 11-ին դատավարության մասնակիցների միջեւ կնքվել է հաշտության համաձայնություն եւ ներկայացվել դատարան։ Ըստ Վարդապետյանի՝ հաշտության համաձայնությամբ պատասխանողն ընդունել է Գլխավոր դատախազության պահանջը եւ պարտավորվել օրենքի խախտմամբ ստացված Արմաշ գյուղում Երասխ-2 զորամաս հասցեում գտնվող հատուկ նշանակության հողամասը վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը։ Հակակոռուպցիոն դատարանը սեպտեմբերի 12-ի վճռով հաստատել է հաշտության համաձայնությունը, որից հետո նշված անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031