Առաջիկայում կատարվելիք փոփոխությունների արդյունքում ավտոմեքենաների նոր համարանիշերը պետք է էլեկտրոնային աճուրդով վաճառվեն։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Ես կարծում եմ, որ եւ նոր, եւ հին, եւ զրոներով, եւ առանց զրոների համարանիշերը մենք կարող ենք այդ պլատֆորմով վաճառել։ Այստեղ ամենակարեւոր խնդիրը հետեւյալն է, որ այդ էլեկտրոնային աճուրդները պետք է լինեն իրական էլեկտրոնային աճուրդներ։ Այսինքն՝ այս պահից սկսած պետք է մարդկանց պատշաճ ծանուցել, որ եթե դուք բազմաթիվ զրոներով համարանիշերի սիրահար եք, ուրեմն պետք է այդ էլեկտրոնային հարթակ մտնեք, աճուրդին մասնակցեք անկանխիկ եղանակով։ Կարճ ասած՝ իրական աճուրդ պետք է տեղի ունենա, եւ պետք է վաճառվի առաջարկված ամենաթանկ գնով»,- ասաց Փաշինյանը։
ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ասաց, որ որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի փետրվարի 1-ից, եւ կբացառվի մարդկային գործոնը, աճուրդը կլինի բացառապես էլեկտրոնային։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ