Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացին մեզ համար տուգանքի մատերիալ չէ»․ խախտումների դեպքում տուգանքները կարող են զեղչվել, եթե քաղաքացին օգտվի թվայնացումից

Դեկտեմբեր 28,2023 12:39

Կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց, որոշեց լրամշակել եւ հետագայում դարձյալ շրջանառության մեջ դնել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից նախագծերի փաթեթը։

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ասաց, որ նախատեսվում է հետեւյալը՝ եթե տեսանկարահանվող կամ լուսանկարահանվող սարքերով հայտնաբերված խախտումների դեպքերում խախտում կատարողը www.roadpolice.am ինտերնետային կայքում դիմում է հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված վարչական ակտերն իր նշած էլեկտրոնային փոստային հասցեին ուղարկելու պահանջով, եւ վարչական մարմինը սահմանված կարգով ուղարկում է այն, ապա տուգանքը նշանակվում է սահմանված գումարից 5 տոկոսից պակաս։

«Բացի այդ, փաթեթով սահմանված է եւս մեկ խրախուսման նորմ, որը վերաբերում է ոչ միայն տեխնիկական միջոցներով հայտնաբերված, այլ նաեւ ոստիկանության ծառայողի կողմից արձանագրված խախտումներին։ Մասնավորապես, եթե վարչական ակտի հասցեատերը որոշումն իրեն հանձնելուց ու ծանուցվելուց հետո 15 օրվա ընթացքում վճարում է տուգանքի գումարի առնվազն 50 տոկոսը, ապա տուգանքի վճարման պարտավորությունը համարվում է պատշաճ կատարված»,- ասաց Վահե Ղազարյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս փոփոխության էությունը հետեւյալն է՝ եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարում է տուգանքի կեսը, մյուս կեսը համարվում է վճարված։ «Երկրորդ, եթե քաղաքացին www.roadpolice.am  կայքում գրացվում է եւ ասում է՝ պետք չէ իմ ծանուցումները թղթային եղանակով ուղարկել, ինձ ուղարկեք էլեկտրոնային եղանակով, դրա համար եւս 5 տոկոս զեղչ ենք կիրառում։ Ես կարծում եմ, որ մենք մի քիչ տրամաբանությունը պետք է փոխենք նաեւ թվայնացումը խրախուսելու առումով։ Առաջինը՝ ծանուցումներն էլեկտրոնային տարբերակով ստանալու համար գրանցվելու դեպքում զեղչը, կարծում եմ, պետք է լինի 30 տոկոս, 15 օրվա ընթացքում վճարելու պարագայում՝ եւս 30 տոկոս»,- ասաց նա։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ եթե անընդհատ խրախուսման նորմաներ չներդրվեն, թվայնացման գործընթացը դանդաղ առաջ կգնա։

Փաշինյանն անդրադարձավ նաեւ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքների կուտակված պարտքերին։ Ըստ նրա՝ այս նախագծով առաջարկվում է, որ եթե քաղաքացին օրենքի ընդունման պահից արդեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում գտնվող գործերով տուգանքի 70 տոկոսը վճարում է, իր պարտքը զրոյանում է։ «Այս նոր համակարգի ներդրումն էլ հաշվի առնելով՝ կարող ենք 50 տոկոսով զեղչը կիրառել, եւ 50 տոկոսը վճարելու դեպքում պարտքը զրոյանա»,- հավելեց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօրվա համակարգերով զեղչը չի խրախուսում, որ հաջորդ խախտումն անեն։ «Եվ եթե համարենք, որ ոմանք հաճույք են ստանում խախտում անելուց եւ արտոնյալ զգալուց՝ փողը տալիս է, խախտում է անում, հիմա չի կարող այդպես անել։ Եվ ըստ էության՝ մենք ֆինանսական բեռն իջեցնելու հնարավորություն ենք տալիս, բայց մյուս կողմից բալային համակարգով մենք կարգապահությունն ավելացնելու մեխանիզմ ենք ստեղծում։ Այսպիսով, արձանագրում ենք, որ քաղաքացին մեզ համար տուգանքի մատերիալ չէ, եւ երկրորդը՝ մենք իր խախտումը չենք խրախուսում, բայց եթե ինքը շարունակում է խախտում անել, մենք իրեն ասում ենք՝ դու Հայաստանի ճանապարհներով ավտոմեքենա պետք է չվարես»,- նշեց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց, որ ամեն տարի մոտ 3 մլրդ դրամ է ծախսվում թղթային տարբերակով ծանուցումներ ուղարկելու համար։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031