Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչ է պետք իմանալ ստամոքս-աղիքային վարակներից խուսափելու համար

Դեկտեմբեր 28,2023 09:31

Ստամոքս-աղիքային վարակները հիմնականում երեք տեսակի են լինում՝

  • բակտերիալ,
  • վիրուսային,
  • մակաբուծային։

Բակտերիալ

Ստամոքս-աղիքային բակտերիալ վարակները պայմանավորված են  սննդային վարակներով և սննդային թունավորումներով: Հիմնական հարուցիչներն են՝

  • Սալմոնելլան,
  •  Էշերիխիա կոլին կամ աղիքային ցուպիկը,
  • Կլոստրիդիում պերֆրինգենսը,
  • Լիստերիան,
  • Ստաֆիլոկոկը և այլն։

Թեև գրեթե ցանկացած աղտոտված մթերք կարող է վարակ առաջացնել, որոշ մթերքներ ավելի վտանգավոր են, քան մյուսները: Դրանք են՝

  • կիսաեփ  կամ հում միսը, թռչնամիսը, ձուն,
  • չպաստերիզացված կաթն ու հյութերը,
  • աղտոտված ջուրը,
  • մսամթերք, որը լավ չի սառեցվել,
  • լավ չլվացված մրգերն ու բանջարեղենը։

Վիրուսային

Վիրուսային աղեստամոքսային վարակները շատ տարածված են, դրանք հաճախ անվանվում են ստամոքսի գրիպ։

Նորովիրուսը, ռոտավիրուսը վիրուսային գաստրոէնտերիտի տարածված հարուցիչներից են։

Մակաբուծային

Աղիքային հելմինթները, որդերը կամ ճիճուները կարող են աղեստամոքսային վարակներ հարուցել։ Տարածված մակաբուծային վարակներն են կրիպտոսպորիդիոզը, լամբլիոզը, տոքսոպլազմոզը, որը տարածվում է վարակված կատվի արտաթորանքով աղտոտված, վատ եփված և ցիստեր պարունակող սննդի միջոցով և այլն։

Ախտանշաններ

Ստամոքս-աղիքային վարակների մեծ մասն ունեն նմանատիպ ախտանշաններ, որոնք կարող են տարբերվել ծանրության աստիճանով: Դրանք են՝

  • փորլուծություն,
  • սրտխառնոց,
  • փսխում,
  • ստամոքսի ցավեր,
  • ախորժակի կորուստ,
  • ջերմություն,
  • մկանային ցավեր,
  • էլեկտրոլիտային անհավասարակշռություն,
  • գազեր և փքվածություն,
  • քաշի չպլանավորված կորուստ։

Ստամոքս-աղիքային վիրուսային ծագման վարակների մեծ մասը սկսվում է հանկարծակի և տևում է մեկ շաբաթից պակաս, բայց և կարող է ավելի երկար շարունակվել:

Բակտերիալ վարակները կարող են դրսևորվել վիրուսային վարակների նման, բայց որոշները կարող են առաջացնել բարձր ջերմություն կամ արյունոտ լուծ:

Մակաբուծային վարակների դեպքում փորլուծության ժամանակ հաճախ է արյուն կամ լորձ նկատվում, և այդ ախտանշանները կարող են դրսևորվել այնքան ժամանակ, քանի դեռ մարդը բուժում չի ստացել:

Երբ դիմել բժշկին

Խորհուրդ է տրվում դիմել բժշկին, եթե կան հետևյալ ախտանշանները՝

  • որովայնի ուժեղ ցավ,
  • փորլուծություն, որը տևում է 2 օրից ավելի,
  • սև կամ կուպրի նմանվող կղանք,
  • թուլացած կղանք՝ օրական 6 և ավելի անգամ,
  • հաճախակի փսխումներ,
  • հոգեվիճակի փոփոխություններ,
  • ջրազրկման դրսևորումներ՝ ուժեղ ծարավ, մուգ գույնի, նվազ մեզ,
  • ներս ընկած այտեր ու աչքեր,
  • բերանի չորություն,
  • գլխապտույտ։

Ստամոքս-աղիքային վարակների դեպքում ավելի բարձր ռիսկի են ենթարկվում

  • հղի կանայք,
  • թույլ իմունիտետ ունեցող մարդիկ,
  • տարեցները,
  • նորածինները և փոքր երեխաները։

Բուժումը

Ստամոքս-աղիքային որոշ վարակների բուժումը կարող է նշանակվել միմիայն բժշկի կողմից, սակայն հիմնականում աղեստամոքսային վարակներն անցնում են առանց բժշկական միջամտության՝ տնային պայմաններում։ Այդպիսի դեպքերում խորհուրդ է տրվում հանգստանալ, շատ հեղուկ, դյուրամարս, թեթև սնունդ օգտագործել, ինչպես նաև զգուշորեն ընտրել դեղամիջոցները։

Կանխարգելումը

Վիրուսային վարակները կանխելու համար Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնների կողմից խորհուրդ է տրվում՝

  • լավ լվանալ ձեռքերն օճառով,
  • պահպանել սննդի պատրաստման անվտանգության կանոնները,
  • հիվանդ լինելու դեպքում խուսափել այլոց համար սնունդ պատրաստելուց,
  • ախտահանել մակերեսները։

Բակտերիալ վարակները կանխելու համար գործում են վերոհիշյալ կանոնները, ներառյալ՝

  • պատրաստման ժամանակ հում մսամթերքի, ձկնեղենի, թռչնամսի ու ձվի առանձնացումն այլ մթերքներից,
  • սննդի մշակումը համապատասխան ջերմաստիճաններով,
  • սննդի պահպանումը ջերմային պատշաճ պայմաններում։

Մակաբուծային վարակներից խուսափելու համար խորհուրդ է տրվում՝

  • պահպանել հիգիենայի կանոնները,
  • խուսափել աղտոտված ջուր ու սնունդ օգտագործելուց,
  • ուշադիր լինել այն երկրներ ճանապարհորդելիս, որտեղ տարածված են մակաբուծային վարակները,
  • կենդանիների հետ շփվելուց հետո լվանալ ձեռքերն օճառով։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Medical News Today

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031