Լրահոս
Օրվա լրահոսը

«Չար ոստիկանը» ժամանակավորապես «բարիացավ»

Դեկտեմբեր 28,2023 10:00

Այն օրերին, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուգում մասնակցում էր ԵԱՏՄ եւ ԱՊՀ միջոցառումներին, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հայտարարեց. «Իմ կարծիքով, Հայաստանը շատ հստակ որոշում է կայացրել փոխել իր արտաքին քաղաքականությունը և իրեն հեռու պահել Մոսկվայի հետ հարաբերություններում»։ Թե ինչի հիման վրա էր Կոլոմինան ձեւավորել այդ կարծիքը, դժվար է ասել: Գուցե Փաշինյա՞նն էր նման բան ասել Բրյուսելում կամ եվրոպական որեւէ այլ մայրաքաղաքում: Կամ ՀԱՊԿ-ի վերաբերյալ մեր պաշտոնյաների մեկնաբանություններն էին նման եզրակացության համար առիթ դարձել: Բացառված չէ նաեւ, որ դա պարզ քաղաքական խաղ է (ուրիշներն օգտագործում են «մուտիլովկա» բառը)՝ նախկինում ստանձնած պարտավորությունները հիշեցնելու եւ պետերբուրգյան «իդիլիան» մի փոքր փչացնելու համար: Երեք  ենթադրություններն էլ  կարող են միաժամանակ ճիշտ լինել:

Երեկ իր հերթական բրիֆինգով հանդես եկավ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որը ռուսաստանյան վերնախավում Հայաստանի մասին խոսելիս խաղում է «չար ոստիկանի» դերը (ի հակադրություն «բարի ոստիկան» Դմիտրի Պեսկովի): Բայց այս անգամ Զախարովան կոպիտ (ռուսերեն ասած, хамский) արտահայտություններ իրեն թույլ չտվեց: Ճիշտ հակառակը՝ երեկվա  նրա մեկնաբանությունը բավականին ջերմ էր: Ինչից կարելի է եզրակացնել. այս պահին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են, որ «խաղաղության պայմանագրի» ստորագրման արարողության ժամանակ ստորագրողների մեջքի հետեւում կանգնած կլինի Սերգեյ Լավրովը, ոչ թե Շարլ Միշելը: Այդ պայմանավորվածությունը մյուս տարվա ընթացքում դեռ կարող է մի քանի անգամ փոխվել՝ կախված բազմաթիվ հանգամանքներից: Բայց շարունակում եմ պնդել, որ իրականում ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ էլ ԱՄՆ-ը չեն կարող երաշխավորել այդ պայմանագրի կետերի կատարումը:

«Արեւմուտքը բացարձակապես անտարբեր է հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ, նրա զգացմունքները, պատմական հիշողությունը, ցավն ու տառապանքն օգտագործում է բացառապես իր շահերից ելնելով», – երեկ ասել է Մարիա Զախարովան: Այս դեպքում լիովին համաձայն եմ ՌԴ ԱԳՆ խոսնակի հետ: Ամբողջ խնդիր այն է, որ ճիշտ նույնը կարելի է ասել նաեւ Ռուսաստանի մասին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Հարգելի՛ պարոն Աբրահամյան, Նիկոլի հերթական վեկտորական տրանսֆորմացիայի մասին խոսելուց առաջ առաջարկում եմ, շատ չէ, երկու օր համբերել, քանի որ նախորդ օրվա խմբագրականը հաջորդ օրը կարող է արդեն հնացած լինել: Թեպետ «գյադեք դես, գյադեք դեն»-ի կոնտեքստում հետաքրքիր է հետևել «գյադեքի»՝ նույն պարբերությամբ փոխվող փաստարկներին:

Պատասխանել