«Sputnik Արմենիա». 2024 թ. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահն ու մի շարք նախարարներ կփոխվեն։ Տեղեկությունը հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը` հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի` դեկտեմբերի 25–ին Սանկտ Պետերբուրգում կայացած նիստի արդյունքները:
ԵՏՀ կոլեգիայի նախագահի պաշտոնը հերթով զբաղեցնում են ԵԱՏՄ հինգ երկրներից յուրաքանչյուրի ներկայացուցիչները՝ 4 տարին մեկ փոխարինելով միմյանց։ Բելառուսի ներկայացուցիչ Միխայիլ Մյասնիկովիչն այդ պաշտոնը ստանձնել է 2020 թ. փետրվարի 1–ին՝ փոխարինելով Տիգրան Սարգսյանին Հայաստանից։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, 2024 թ. փետրվարի 1–ից Մյասնիկովիչին կփոխարինի Ղազախստանի ներկայացուցիչ Բակիտժան Սագինտաևը, որն այժմ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարն է։
ԵՏՀ կոլեգիայում Հայաստանի ներկայացուցիչներից մեկին՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանին, կփոխարինի Գոհար Բարսեղյանը, որն արդեն մի քանի տարի է` գլխավորում է ինտեգրման զարգացման դեպարտամենտը: Վարոս Սիմոնյանը կշարունակի ԵՏՀ–ում մնալ ներքին շուկաների և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար։
Ռուսաստանի ներկայացուցիչները չեն փոխվի. Սերգեյ Գլազևը կմնա ինտեգրման և մակրոտնտեսության նախարար, իսկ Անդրեյ Սլեպնյովը՝ առևտրի նախարար:
Կարդացեք նաև
Ղազախստանի ներկայացուցիչ Սագինտաևի փոխարեն էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար կդառնա Բախիտ Սուլթանովը, որը մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարարն է։ Սուլթանովի փոխարեն պաշտոնը կստանձնի Բելառուսի ներկայացուցիչ Մաքսիմ Երմոլովիչը։
Տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոյին (Բելառուս) կփոխարինի նրա հայրենակից Վալենտին Տատարիցկին:
Ղրղզստանի ներկայացուցիչները ևս չեն փոխվի. Էլդար Ալիշերովը կշարունակի զբաղեցնել մաքսային համագործակցության նախարարի, իսկ Արզբեկ Կոժոշևը՝ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը: