Արդյո՞ք Ադրբեջանը պատրաստակամություն հայտնել է Հայաստանի պնդած երեք սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիրը ստորագրել, եւ սահմանազատման համար 1975 թվականի կամ ամենաթարմ քարտեզների մասին հիշատակում կարո՞ղ է լինել պայմանագրում։ Այսօր Իրանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին ի պատասխան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց՝ դրանք միջազգային իրավունքին համահունչ, ակնհայտ արդար եւ ընդունված, նույնիսկ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկած հանրահայտ սկզբունքներ են։
«Երեք սկզբունքները՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, սահմանների անձեռնմխելիություն։ Տնտեսական ենթակառուցվածքների մասին խոսելիս՝ խոսում ենք կրկին ինքնիշխանության, իրավազորության մասին։ Սրանք լեգիտիմ ընդունված սկզբունքներ են ողջ աշխարհում»,-ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ պետք է առաջնորդվել հրապարակավ հաստատված պայմանավորվածություններով, քանի որ նույնիսկ լինում են պայմանավորվածություններ, որոնք շոշափելի արդյունքի չեն վերածվում։
Այդուհանդերձ, ըստ Միրզոյանի, խաղաղության պայմանագրի իրական հնարավորություն կա, բայց դա կախված է մի շարք գործոններից, այդ թվում՝ Ադրբեջանի կառուցողականությունից։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է քարտեզներին, ապա Միրզոյանն ասաց․«Մեզ համար չափազանց կարեւոր է, որ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը կանխատեսելի լինի, դրա սկզբունքներն ու հիմքերը ամրագրվեն խաղաղության պայմանագրում։ Մեզ համար քարտեզների հիշատակումն այդպիսի մի դրսեւորում է՝ վստահ լինել, որ կանխատեսելիություն է ապահովում»։
Միրզոյանն ասաց, որ խաղաղության պայմանագրի վերջնական տեքստ չկա, հետեւաբար չի կարող ասել՝ այնտեղ ինչ կլինի բանակցության արդյունքում․«Այս պահին մենք քննարկում ենք քարտեզների ընդգրկման հնարավորությունը՝ որպես այդպիսին սահմանազատման սկզբունք ամրագրելու, սահմանազատման համար կանխատեսելիություն ապահովելու փորձի դրսեւորում»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ