Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Շահրամանյանի հայտարարության շուրջ առաջացած աղմուկը ցույց է տալիս՝ Արցախը կա, գոյություն ունի. Դավիթ Գալստյան

Դեկտեմբեր 27,2023 19:01

«Այն աղմուկը, որը բարձրացավ, դա խոսում է այն մասին, որ Արցախը կա, գոյություն ունի, իր պետական ինստիտուտների գործունեությունը հենց խոսում է նրա մասին, որ Արցախի հարցը փակված չէ եւ յուրաքանչյուր հայի պարտականությունն է՝ Արցախի հարցը պահել բաց, այնքան ժամանակ, մինչեւ Արցախը կվերադարձվի հայերին»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց «Արդարություն եւ վերադարձ» ազգային եւ մշակութային արժեքների պահպանման հասարակական կազմակերպության համահիմնադիր, Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ պատասխանելով Հայաստանի իշխանական դաշտում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հայտարարությանը հետեւած աղմուկին:

Հիշեցնենք, դեկտեմբերի 22-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հանդիպել էր Արցախի կառավարության անդամներին, այդ հանդիպման ժամանակ նա հայտարարել էր, որ իրավական հարթությունում գոյություն չունի Արցախի լուծարումը փաստող փաստաթուղթ: Դրան հետեւեցին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հայտարարություններն այն մասին, որ Արցախի պետական ինստիտուտների գործունեությունը սպառնալիք է ՀՀ-ի համար:

Դավիթ Գալստյանը հայտարարում է՝ պետք է ուժ գտնենք մեր մեջ մեր սերունդների սկսած պայքարը շարունակելու եւ սերունդներին հայկական Արցախ ժառանգելու:

Անդրադառնալով իշխանական այն թեզերին, որ Արցախի մասին հիշատակումները Ադրբեջանը կարող է օգտագործել՝ ՀՀ-ի վրա հարձակվելու համար, հասարակական կազմակերպության համահիմնադիր, «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանն էլ ասաց, որ դա կեղծ թեզ է եւ 30 տարի, մենք գործնականում, դրա հակառակն ենք ունեցել՝ Արցախը եղել է ՀՀ-ի անվտանգության երաշխավորը, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանն է եղել Արցախի անվտանգության երաշխավորը. չի կարող լինել ուժեղ Հայաստան՝ առանց Արցախի եւ երբ ՀՀ-ն հրաժարվեց Արցախից, Արցախը կործանվեց: Նա նաեւ կարծում է, որ մեր լռությունը վնասում է մեր այն հայրենակիցներին, որոնք Բաքվի բանտերում են եւ ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, այլ նրանց, ում մասին Ադրբեջանն էլ չի էլ խոսում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031