Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյան․ «Մենք, իրոք, ունենք խաղաղության հնարավորություն, չնայած բազմաթիվ խոչընդոտներին, չնայած նույնիսկ ԼՂ հայ բնակչության բռնի տեղահանությանը»

Դեկտեմբեր 27,2023 18:33

Մեկ անգամ չէ, որ հանրահռչակել ենք ՀՀ վճռականությունը բարեխղճորեն եւ կառուցողական կերպով ներգրավված լինել Ադրբեջանի հետ բանակցություններում, որոնց նպատակը հարաբերությունների կարգավորումն ու խաղաղության հաստատումն է։ Այս մասին այսօր Երեւանում կայացած Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք մեկ անգամ չէ, որ վերահաստատել ենք մեր նվիրվածությունը խաղաղության գործընթացին եւ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատմանը։ Մենք Ադրբեջանի հետ մի քանի ուղղություններով, փուլերով բանակցություններ ենք ունեցել եւ կոնկրետ պայմանագրի նախագծի վրա ենք աշխատում։ Մի քանի օր առաջ Ադրբեջանից ստացանք հերթական առաջարկները, կուսումնասիրենք ու կարձագանքենք, կներկայացնենք մեր առաջարկները»,-ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով՝ շատերը պնդում են, որ կա հնարավորությունների իրական պատուհան այս գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար․ «Ես պետք է  համաձայնվեմ այս պնդումներին։ Մենք, իրոք, ունենք խաղաղության հնարավորություն, չնայած բազմաթիվ խոչընդոտներին եւ բարդություններին, չնայած նույնիսկ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանությանը, ատելության խոսքին, ագրեսիվ հռետորաբանությանը։ Մենք տեսնում ենք այդ հնարավորությունը։ Մենք, որպես կառավարություն, ամեն ինչ անում ենք, որպեսզի այս գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին։ Ափսոս, ակնհայտորեն, որեւէ պետություն  միայնակ դժվար թե կարողանա խաղաղության պայմանագիր կնքել, եւ մեր  կարողությանը  զուգահեռ մենք կարիք ունենք նաեւ Ադրբեջանի կառուցողական մոտեցմանը»։

ՀՀ ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ Ադրբեջանն այդ կառուցողական մոտեցումը կդրսեւորի․« Մենք  տեսնում ենք ե՛ւ դրական ազդակներ, օրինակ վերջին շփումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունը՝ հայ ռազմագերիների եւ պահվող անձանց ազատ արձակումը Բաքվից, եւ մյուս կողմից էլ տեսնում ենք  բացասական ազդակներ՝ պարբերաբար հնչող ագրեսիվ կոչերն Ադրբեջանից եւ  բանակցություններում բարձրաստիճան հանդիպումներից խուսափելը»։

Միրզոյանը հույս հայտնեց, որ կառուցողականությունը կհաղթի եւ առաջիկայում կունենանք երկարատեւ խաղաղության պայմանագիր։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031