«Կարեւորում ենք Արցախի սուբ-էթնոսի, պատմամշակութային առանձնահատկությունների պահպանումը: Մենք կարծում ենք, որ պատմական հայրենիք մենք դեռ վերադառնալու ենք, եւ դրանք զուտ խոսքեր չեն, ուստի կարեւոր է այդ կապիտալի պահպանումը: Պետք է պահպանել եւ ուժեղացնել Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը, ինչը, կարծես, օրակարգից դուրս է եկել եւ սուբյեկտայնության հատկանիշները: Պետք է բարձրացնենք եւ պաշտպանենք արցախահայության՝ հայրենի հողում անվտանգ ապրելու եւ գույքային, հոգեւոր ժառանգության ու այլ իրավունքները»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց «Արդարություն եւ վերադարձ» ազգային եւ մշակութային արժեքների պահպանման հասարակական կազմակերպության համահիմնադիր, Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Նոր հիմնադրվող հասարակական կազմակերպության նպատակը ազգասիրական, հայրենասիրական, բարեգործական ծրագրերի իրականացումն է ՀՀ-ում եւ հայկական Սփյուռքում:
«Մենք սկսել ենք ապրել մի ժամանակաշրջանում, որտեղ գին ունի ամեն բան, բայց արժեքները փոխվել են»,- ասաց Մետաքսե Հակոբյանը՝ հավելելով, որ կարեւորում են ինքնիշխան, իրական ժողովրդավարական, սոցիալական, իրավական եւ ազգային պետության կայացումը, որպեսզի կուլ չգնանք եւ կարողանանք ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք կապը:
Կարդացեք նաև
Բանախոսի համոզմամբ, ՀՀ-ի եւ հայկական Սփյուռքի միջեւ կապերը նույնպես ամրապնդման կարիք ունեն, քանի որ Արցախի ամբողջական հանձնումից հետո Սփյուռքի մեր հայրենակիցները, կարծես, կրկնակի անպաշտպան վիճակում են հայտնվել. «Սփյուռքն այսօր մեր օգնության կարիքն ունի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ