Նոր Տարվան ընդառաջ՝ դեկտեմբերի 29-ին, Գյումրու ավագանին արտահերթ նիստ կգումարի, որի օրակարգում քաղաքի գլխավոր փաստաթուղթը՝ բյուջեի նախագիծը քննարկելուց բացի, ավագանին կկատարի փոխքաղաքապետի ընտրություն։
Թեկնածուն «Բալասանյան դաշինք» խմբակցության անդամ Լուսինե Սանոյանն է՝ Գյումրու նախկին փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի դուստրն է, Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի հարազատ քրոջ դուստրը։
Լուսինե Սանոյանը մեծ ճանապարհ անցած, հարուստ կենսագրություն ունեցող անձ է․ նա գիտությունների թեկնածու է, անգլերենի մասնագետ, ինչպես մանկավարժական, այնպես էլ կառավարչական մեծ փորձ ունի․ աշխատել է ինչպես տեղի, այնպես էլ միջազգային կառույցներում, օրինակ՝ 2002-2005 թվականներին աշխատել է ԱՄՆՄԶԳ «Ուրբան ինստիտուտ» հայաստանյան մասնաճյուղի Գյումրի գրասենյակում՝ որպես ֆինանսական ղեկավարի օգնական։
Ինչպես ծանոթանում ենք Լուսինե Սանոյանի կենսագրությունից, նա 2012 թվականից մինչև օրս զբաղեցնում է «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ-ի փոխտնօրենի պաշտոնը։
Կարդացեք նաև
Նա աչքի է ընկնում իր համեստությամբ, զուսպ, հավասարակշիռ բնավորությամբ ու քաղաքացիների հետ շփման բարձր կուլտուրայով։
Հիշեցնենք, որ ՔՊ-ն միակողմանի խզել էր «Բալասանյան դաշինքի» հետ ստորագրած հուշագիրը՝ պնդելով, որ քաղաքը ստվերային կառավարիչն է գլխավորում։ Արդյունքում Գյումրու համայնքապետարանի ՔՊ-ական բոլոր պաշտոնյաները, այդ թվում երկու փոխքաղաքապետերը՝ Արթուր Պապիկյանը (ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ազգականն է, խմբ․) ու Վահագն Մկրտչյանը (վարչապետ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է, խմբ․) հրաժարականի դիմումներ էին ներկայացրել։
Ներկայացնում ենք Լուսինե Սանոյանի կենսագրությունը, որը տեղադրված է Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայքում՝
Ծնվել է 1976 թվականի փետրվարի 6-ին Լենինականում:
Կրթություն՝ 1993 թ. գերազանցությամբ՝ «Ոսկե» մեդալով, ավարտել է Գյումրու Ակադեմիական վարժարանը:
1998 թ. գերազանցության դիպլոմով ավարտել է ԳՊՄԻ-ին:
2013 թ. ավարտել է Երևանի Պետական Համալսարանի ռոմանո-գերմանական ֆակուլտետի ասպիրանտուրայի բաժինը և ԲՈՀ-ի ԵՊՀ-ի գերմանական լեզուներ մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2014 թ. ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի կանանց ձեռներեցության զարգացման դասընթացները և, ներկայացնելով պրոյեկտ, ստացել է դիպլոմ։
2016 թ. Լոնդոնի Դոքլանդ ակադեմիայում ուսումնասիրել է «Տուրիզմ և Շրջագայություն» առարկան։
2021 թ. մասնացել է Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE, www.cipe.org) կողմից աջակցվող «ԵՎՐԱՍԻԱ. ՁԵՎԱՎՈՐԵԼ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՄԱՐ, 2-ՐԴ ՓՈՒԼ» ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացին։
Հրապարակումներ՝ մի շարք գիտական հոդվածների հեղինակ:
Օտար լեզուներ՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն:
Պարգևներ և կոչումներ`
1998 թ. գերազանցության «Ոսկե» մեդալ։
2005թ. ԲՀԳՄԱ- ի պատվավոր դոկտոր։
2013թ ԲՈՀ-ի ԵՊՀ-ի գերմանական լեզուներ մասնագիտական խորհրդի որոշմամբ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Մասնակցել է մի շարք միջազգային կոնֆերանսների և ստացել պարգևներ և շնորհակալագրեր։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2016 թ․-ից մինչ օրս Գյումրի համայնքի ավագանու անդամ:
2012 թ․-ից մինչ օրս «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ-ի փոխտնօրեն։
2019-2020թթ․ համատեղության կարգով «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում օտար լեզվի հրավիրված մասնագետ։
2017 – 2018 թթ․ համատեղության կարգով ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի անգլերեն լեզվի դասախոս։ 2006-2012 թթ- «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ-ի միջազգային կապերի վարչության աշխատակից, այնուհետ՝ պետ։
2006 – 2014 թթ. համատեղության կարգով «ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարանում» որպես օտար լեզվի ուսուցչուհի։
2002 – 2005 թթ.- ԱՄՆՄԶԳ «Ուրբան ինստիտուտ» հայաստանյան մասնաճյուղի Գյումրի գրասենյակում որպես ֆինանսական ղեկավարի օգնական։
2000 թ. նոյեմբեր – 2002թ. համատեղության կարգով «Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամ»-ի Գյումրի մասնաճյուղի գրասենյակում որպես փոխառությունների գործակալ։
2000 թ. հուլիս-հոկտեմբեր «Կաթոլիկ Օգնության Ծառայություն» հայաստանյան մասնաճյուղում փոխառությունների գործակալ։
1999-2000 թթ. կամավորական սկզբունքով «Կաթոլիկ Օգնության Ծառայություն» հայաստանյան մասնաճյուղում անգլերեն լեզվի ուսուցիչ։
1999-2006 թթ. – Գյումրու Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի անգլերեն լեզվի ամբիոնի դասախոս։
1999-2001 թթ.- «Պրոգրես» համալսարանում անգլերեն լեզվի դասախոս։
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ