Լրահոս
Օրվա լրահոսը

Այ, եթե Փաշինյանը պատասխանի, պարզ կդառնա՝ մենք ունենք իրավիճակային «կռուտի՞տ», թե՞ որոշակի դասերի արդյունքում դիրքորոշում է փոխվել. Ստյոպա Սաֆարյան

Դեկտեմբեր 27,2023 15:36

Այսուհետեւ ԱԱԾ տնօրենին եւ տեղակալներին ոչ թե նախագահն է նշանակելու, այլ` վարչապետը: Այս փոփոխությունը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանի համար արդարացված փոփոխություն է:

«Իհարկե, եթե մենք այլ մարտահրավերների վիճակում լինեինք, ես կատեգորիկ դեմ կլինեի այդ փոփոխությանը: Որովհետեւ այդ գործառույթը նախագահին թողնելը նաեւ նախագահի ինստիտուտն է ինչ-որ առումով ամրացնում եւ նրան դարձնում խաղացող երկրի որոշումների կայացման մակարդակում: Բայց ունենալ նախագահ, որը Սահմանադրությամբ առաջնային պատասխանատուն չէ կառավարման հարցերում ու նշանակումները տալ նախագահին, յուրաքանչյուր վարչապետի համար պատասխանատվությունից փախուստի հնարավորություն է ստեղծում: Այդ առանցքային ոլորտում ձախողելու դեպքում կարող է հանգիստ ասել՝ դե, ես ինչ անեմ, նշանակողը նախագահն է, իմ ասած մարդուն չնշանակեց, իր թեկնածուին նշանակեց: Քանի դեռ ժողովրդավարության համար չունենք, խոշոր առումով, լուրջ մարտահրավերներ, ինչպես նախկինում, հիմա ընտրություններ չեն կեղծվում, խոսքի ազատության սահմանափակումներ չկան, հիմա ավելի վատ վիճակում է կառավարման համար պատասխանատվության հարցը: Պատերազմից հետո ստեղծված իրավիճակը լավագույն վիճակն է՝ մեկը մեկի վրա է գցում մեղքն ու պատասխանատվության բեռը, թողնես` բոլորը ճիշտ են արել… այս ժամանակահատվածում ավելի ճիշտ է լուծել պատասխանատվության հարցը, որ վարչապետը չփախչի պատասխանատվությունից», – մեզ հետ զրույցում ասաց Սաֆարյանը:

Դեռ 2018թ.-ին վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ սուպերվարչապետական համակարգը պետք է գոյություն չունենա: Այն ժամանակ վարչապետի թեկնածուն համոզված էր՝ չափից ավելի լիազորություններ են կենտրոնացված վարչապետի ձեռքում, և ընդհակառակը՝ այլ պետական ինստիտուտներից ամոթի աստիճան վերցված են լիազորություններ… Մասնավորապես, երբ նախագահի ինստիտուտից, ըստ էության, վերցվել են բոլոր հնարավոր գործառույթները և նրան վերապահել օֆիսային աշխատողի կարգավիճակ, դա ուղղակի խփում է Հայաստանի Հանրապետության պետության հեղինակությանը»:

«Այդ հարցին պիտի պատասխանի վարչապետը, բացատրի՝ ինչու էր նախկինում այդ հարցին այդպես նայում, հիմա այսպես նայում: Մեզ համար էլ է կարեւոր իր տեսակետների փոփոխությունը, ինչն ակնհայտ է: Իսկ ինչու է կարեւոր, որ հասկանանք՝ պարոն Փաշինյանը նախկինում այլ դիտանկյունի՞ց էր նայում խնդիրներին, կամ այդքան խորը չէ՞ր պատկերացնում առաջնահերթություններն ու խնդիրները, թե՞ հիմա իրավիճակային տեսանկյունից մեկ այլ հիմնավորում է գտնվել: Այ, եթե ինքը պատասխանի ու անդրադառնա իր դիրքորոշման փոփոխության շարժառիթներին, շատ ավելի կարեւոր հարցի պատասխան կունենանք. պարզ կդառնա՝ մենք ունենք իրավիճակային «կռուտի՞տ», թե՞ որոշակի դասերի, իրադարձությունների արդյունքում դիրքորոշում է փոխվել», – Փաշինյանի դիրքորոշումների փոփոխությանն անդրադառնալով՝ ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031