«Գոյ» թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը փոխարինվել է, որովհետեւ չի իրականացրել կառավարության որոշմամբ սահմանված պահանջները, այսինքն` չի իրականացրել իր պարտականությունները. այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն՝ անդրադառնալով թատրոնի փակմանը:
«Դա եղել է պատճառ, որ իրեն փոխարինենք եւ այնտեղ ունենանք մարդ, որը ավարտին կհասցնի գործընթացը: Աշխատակիցներին հիմնականում հետաքրքրել է իրենց ստեղծագործական եւ մասնագիտական աշխատանքի շարունակությունը, փոխնախարարը պարզաբանել է, որ ի սկզբանե էլ չկար հարց իրենց աշխատանքի շարունակության մասին: Իրենք շարունակելու են իրենց աշխատանքը: Խոսքն այստեղ աշխատանքի ձեւաչափի մասին է: Հնչել են հարցեր խաղացանկի վերաբերյալ: Ես կարծում եմ՝ ավելի քան պարզ ասացի, որ մենք հակառակը, գնում ենք մշակութային հաստատությունների ինքնավարության մեծացման եւ իրենք իրենց խաղացանկը, իրենց ներկայացումները խաղալու են Սունդուկյան թատրոնի բեմերում»,- մանրամասնեց Ժաննա Անդրեասյանը:
Նա նաեւ հավելեց, որ որեւէ նորություն այս գործընթացում չկա, իրենք գարնանից խոսում էին այն մասին, որ «Գոյ» թատրոնի գոյությունը որպես առանձին ՊՈԱԿ չեն պատկերացնում. պատկերացնում ենք առանձին ստեղծագործական միավոր Սունդուկյանի անվան թատրոնի կազմում. «Կառավարության համապատասխան որոշումներն ընդունված են, ժամանակավոր պաշտոնակատարը որեւէ բան հետին ամսաթվով չպետք է ստորագրեր, սա նույնպես տարրական իրավական չիմացության հետեւանք է, որ պարտադիր փաստաթղթերի փաթեթում է նաեւ, այսպես կոչված, փոխանցման ակտը, որը ստորագրվում է կոնկրետ ամսաթվով եւ կոնկրետ ժամկետում: Խոսքը վերաբերել է փոխանցման ակտի ստորագրմանը, որը ընթացակարգերով կարգավորված է: Ամեն ինչ տեղի է ունեցել օրենսդրության համապատասխան»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ թատրոնը տեւական ժամանակ է դատական քաշքշուկների մեջ է, «Գոյը» դեմ է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ միավորմանը եւ այդ որոշումն ապօրինի է համարում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ