Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարգում ենք եկեղեցու դիրքորոշումը, բայց համակարծիք չենք. կրթության կազմակերպումը պետության գործն է». Ժաննա Անդրեասյան

Դեկտեմբեր 27,2023 14:46

«Ես որևէ դիրքորոշում և կարծիք երբևէ չեմ արտահայտում եկեղեցու մասին, որովհետև, առաջին հերթին, կարծում եմ, որ բոլորովին դրա անհրաժեշտությունը չկա», – այսօր կայացած ասուլիսում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, որ Հայ եկեղեցին դեմ է արտահայտվել «Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագրքին  եւ կոչ են արել հետ կանչել այն դպրոցներից:

«Եկեղեցին ունի իր դիրքորոշումը, դա նոր չէ: Ես բազմիցս նախարարության դիրքորոշումը հայտնել եմ, մենք հարգում ենք եկեղեցու դիրքորոշումը, բայց համակարծիք չենք ու համամիտ չենք, կրթության կազմակերպումը պետության գործն է: Պետությունը հաշվի է առնում մասնագիտական կարծիքները և կազմակերպում մանկավարժական այն մոտեցմամբ, որը տալիս է արդյունք, մնացյալ ամենը, իհարկե լսվում է, հաշվի առնվում, բայց բոլորովին պարտադիր չի, որ դա ազդի պետական քաղաքականության վրա: Եկեղեցին գրավոր նամակ է ուղարկել, գրավոր նամակը, ինչպես մյուս բոլոր դիտարկումները, որոնք պիտի արտացոլվեն իմ նշած փաստաթղթում, կլինեն այդտեղ», – ասաց Ժաննա Անդրեասյանը:

Նրա դիտարկմամբ, դասագրքերի վերաբերյալ մասնագետների կարծիքները կներառվեն դասագրքում, որոնք որ կլինեն ճիշտ:

Անդրադառնալով այդ դասագրքերի առիթով ուսուցիչների դժգոհություններին էլ, Ժաննա Անդրեասյանն ասաց՝ էմոցիաները երբեմն խանգարում են, որ մենք տեսնենք իրական աշխատանքային գործընթացը, որը հետեւյալն է՝ կան նոր դասագրքեր, դրանք անցնում են փորձարկում, որի ընթացքում ի հայտ է գալիս փոփոխությունների կարիք:

«Հայոց պատմություն» դասագրքի մասով՝ նախարարությունը զբաղվել է հենց սկզբից և զբաղվել է դեռևս մինչ այն պահը, երբ հարցերը սկսեցին հնչել հանրային տիրույթում: Մենք հենց սկզբից, հասկանալով, որ բոլոր դասագրքերը առաջին անգամ են մուտք գործում դպրոցներ, հեղինակների հետ աշխատանքի պայմանավորվածություն ունեցել ենք, որ պետք է անընդհատ կապի մեջ լինեն, և հավաքագրեն բոլոր այն խնդիրները, որ բարձրանում են, դրանք մեզ ներկայացնեն, և անհրաժեշտ լրամշակումների ծավալը, որ կա, որոնք պետք է 2-րդ կիսամյակին արված լինեն: Բոլոր նոր 30 դասագրքերի մասով այդ աշխատանքն արվել է: Ինչ վերաբերում է «Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագրքին, քանի որ հանրային որոշակի հնչեղություն ստացավ և կային նաև մասնագետներ, որոնք ոչ հանրային դիմել են հենց սկզբից նախարարություն և եկել են, ներկայացրել իրենց մասնագիտական դիտարկումները, հիմա սպասում ենք հեղինակների կողմից ամբողջական անդրադարձի: Այսինքն՝ լինելու է մի աղյուսակ, որտեղ լինելու են դասագրքի վերաբերյալ հնչած բոլոր դիտարկումները, հեղինակի արձագանքը դրան՝ ընդունել է, թե չի ընդունել, և հիմնավորումը՝ ինչու է ընդունել և ինչու չի ընդունել: Հիմնավորումները պետք է լինեն փաստարկված և մասնագիտական դաշտում: Այնուհետեւ պայմանավորվել ենք, որ այդ ամփոփաթերթը հասանելի կլինի բոլորին, որոնք դիտարկումներ են ներկայացել, որպեսզի իրենք տեսնենք, թե հեղինակն ինչպես է արձագանքել, և նախարարությունն այդ ամբողջական փաստաթուղթը կուղարկի երրորդ անկախ կարծիքի, որպեսզի որպես նախարարություն ունենանք մասնագիտական վերջնական եզրակացություն արվելիք փոփոխությունների և դրանց նպատակահարմարության մասին»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031