Լրահոս
Օրվա լրահոսը

Անմակարդակ ընտրություններ եւ որոշակի հույսեր

Դեկտեմբեր 27,2023 12:15

(Հոդվածը գրվել էր ս․թ․ սեպտեմբերի 18-ին։ Հաջորդ օրը, սեպտեմբերի 19-ին, այն պետք է ուղարկեի հրապարակման, երբ սկսվեց Արցախի ողբերգությունը։)

Փորձենք վերլուծել Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները։

Ընտրություններն անցան աննախադեպ վարչական ռեսուրսի կիրառմամբ՝ դպրոցներին, մանկապարտեզներին, այլ պետական, մարզային հիմնարկների աշխատողներին հրահանգելով և ահաբեկելով,  մարզերից մարդկանց հանրահավաքի քշելով, տարբեր հասցեներում տասնյակ մարդկանց գրանցելով,  ողջ իշխանական վերնախավին մասնակից դարձնելով։

Արդյունքում, ՔՊ կոչվող իշխող կուսակցությունը հավաքեց ավելի քան 75 000 ձայն՝ 32․ 57%։ Եթե նույնիսկ այդ թվից հանենք վարչական ռեսուրսը, օրինակ՝ կեսը, ապա միևնույնն է, ավելի քան 30 000 մարդ ձայն է տվել պատերազմ հրահրած, հազարավոր զոհեր տված, տարածքներ հանձնած, Արցախն ուրացած դավաճանական խմբակին։ Բայց․․․ բայց նաև Հայաստանի  պատմության մեջ առաջին անգամ, իշխանությունը չհավաքեց 50 տոկոսից ավելի ձայն։

Երկրորդ խայտառակությունը համարում եմ  ոչ անհայտ Վարդան Ղուկասյանի (Դոգ) «Հանրային ձայն» կուսակցության հավաքած  ավելի քան 22 000 ձայները՝ 9․68%-ը։ Փաստորեն, հազարավոր երևանցիներ այլընտրանքը տեսնում են  անմակարդակ, հայհոյախառն բառապաշարով, մեկ այլ պոպուլիստի մեջ։

Երրորդ խայտառակությունը «Հանրապետություն» և «Ազգային առաջընթաց» կուսակցությունների ստացած հազարավոր ձայներն են, որով էլ նրանք հաղթահարեցին անցողիկ շեմը։ Եվ այս  երկու, ինչպես նաև «Լուսավոր Հայաստան» և «Եվրոպական»  կոչվող կուսակցություններին  ձայն տալը նույնն է, ինչ ձայն տալ դավաճան քպ-ին։

Մտահոգիչ է նաև պաշտոնական տվյալներով շուրջ 70% երևանցիների անտարբերությունը երկրի ճակատագրի հանդեպ։ Եթե չլիներ վարչական ռեսուրսի կիրառումը, ապա ՔՊ-ի ձայները առնվազն կիսով չափ կպակասեին և մասնակցությունը կլիներ 15-20%: Դեռ սա Երևանն է, համեմատաբար առավել քաղաքական մտածողությամբ քաղաքացիներով։

Ամեն դեպքում, փորձենք լինել լավատես։ Այս տեսակետից կա երկու մխիթարիչ գործոն։ Առաջինն այն է, որ չնայած ահռելի կեղծարարություններին, վարչապետ կոչեցյալն իրականում, չհավաքեց երևանցիների նույնիսկ 10% ձայն։ Սա նշանակում է, որ ընդդիմության գրագետ գործողությունների դեպքում, վարչապետ կոչեցյալի իշխանությանը հաշված օրեր են մնացել։

Հաջորդը, «Մայր Հայաստան» դաշինքի համեմատական հաջողությունն է՝ ավելի քան 35 000 ձայն կամ 15․43%: 35 000 երևանցի անտարբեր չի իր երկրի ապագայով և ձայն է տալիս գրագետ, Արցախի և Հայաստանի  ճակատագրով անհանգստացած քաղաքական ուժին։

Եթե  համարենք, որ այդ 35 000-ը համեմատական փոքրամասնություն է կազմում, ապա հիշենք, որ Հայաստանում ճակատագրական պահերին հենց փոքրամասնությունն է վերցրել պատասխանատվությունը և հաղթել։ Այդպես է եղել 1918թ․ Սարդարապատում, 1920-21թթ․ Սյունիքում։

Այնպես որ, կարծում եմ, որ 35 000-ը լուրջ թիվ է պայքարը շարունակելու և հաղթական ավարտին հասցնելու համար։ Դրա համար պետք է մոբիլիզացնել ողջ ընդդիմադիր ուժերին, ընտրությունները բոյկոտած քաղաքացիներին և ցուցաբերել վճռականություն։

Հ․Գ․ Ինչպես վերը նշեցի, հոդվածը գրվել էր սեպտեմբերի 18-ին։ Երեկ Երևանի ավագանու նիստն ապացուցեց «Հանրային դոգ»-ի իրական դեմքը։ Ցավոք, մի հարցում սխալվեցի՝ «Մայր Հայաստանն» այդպես էլ մնաց պարզ փոքրամասնություն, չկարողանալով մոբիլիզացնել ողջ ընդդիմությանը։

Ավետիք Իշխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարգելի պարոն Իշխանյան

    Ես կասեի, առանձնահատուկ մտահոգիչ է շուրջ 70% երևանցիների անտարբերությունը երկրի ճակատագրի հանդեպ։

    Անտարբերությունը ոսկու գին ունի ընտրությունները օրինական ձևով կեղծելու, երկիրները խաղաղ ձևով կլանելու սխեմաներում: Կան նաև այլ արմատական մարդկային թուլություններ, որոնք խելացիորեն շահարկվում են. վախը, ատելությունը ուրիշի հաջողության հանդեպ… Անտարբերությունն է հնարավոր դարձնում ռեսուրսների և “օրինականա-նման” սխեմաների օգտագործումը:
    Օրինակ սխեմաներից. Արգենտինայի նախագահ է ընտրվել «անմակարդակ, հայհոյախառն բառապաշարով պոպուլիստ»: 2024-ին լինելու են նմանօրինակ ընտրություններ Մեքսիկայում… Ադրբջնում, Ռուսաստանում:

    «Ամեն դեպքում, փորձենք լինել լավատես։» Վախենամ, մեծ վտանգը հենց սրանում է, որ չհաղանակած ընտրուտյուններից հետո անում ենք լավատեսական կանխատեսումներ ու արժանանում ավելի մեծ թվի անտարբերության (70% -> 80%): Չի լինելու հաղթանակ արտահերթ ընտրություններում: Հիմա ուժի դարաշրջան է: Ժամանակակից ընտրությունները ամենուրեք ուղղորդված են:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031