Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը նախընտրեց հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, քան՝ աղքատ, ժողովրդավարական Հայաստանի․ «Էկոնոմիստ»

Դեկտեմբեր 27,2023 11:02

«Ազատություն» ռադիոկայանը գրում է.

Ինչ է սպասվում հաջորդ տարի. բրիտանական հեղինակավոր «Էկոնոմիստ»-ը առանձնացրել է 2024-ին կայանալիք կարևորագույն իրադարձություններն ու հնարավոր վտանգները, որ այս կամ այն կերպ կփոխեն կյանքը մոլորակի վրա։

1. Նախ՝ ընտրություններ։ Աշխարհի վրա ապրող մարդկանց կեսից ավելին 2024-ին կգնա համապետական քվեարկության. հաջորդ տարի ընտրություններ են նախատեսված ավելի քան յեթ տասնյակ երկրներում, որտեղ, ընդհանուր առմամբ, ավելի քան 4.2 միլիարդ մարդ է ապրում։

Թեև այս ցուցանիշներն առաջին հայացքից վկայում են ընտրության իրավունքի ու ժողովրդավարության հաղթանակի մասին, իրականում պատկերը ճիշտ հակառակն է, գրում է «Էկոնոմիստ»-ը՝ մանրամասնելով՝ «բազմաթիվ քվեարկություններ կամրապնդեն ոչ ազատական առաջնորդների դիրքերը, մյուսները՝ հաղթանակ կպարգևեն կոռումպացված ու ոչ հմուտ կառավարիչներին»։

Ամենակարևոր մրցապայքարը, անշուշտ, Ամերիկայում է, որն իր ազդեցությունը կթողնի ողջ աշխարհի վրա։

«Ի՞նչ կլինի, եթե Դոնալդ Թրամփը հաղթի, ինչի հավանականությունը տագնապալի աճում է»,- հարցնում է «Էկոնոմիստ»-ը, կանխատեսելով․- «Թրամփի հնարավոր հաղթանակի դեպքում Ամերիկան կարող է դառնալ մեկուսացման միտումներով խաղաղալիք-ատրճանակ, ռուս-ուկրաինական պատերազմն էլ կարող է հանգուցալուծվել Ուկրաինայի հաշվին»։

Մի շարք այլ երկրներում, մինչդեռ, քվերակությունների արդյունքը վաղուց է կանխորոշված․ Բելառուսում կամ Ռուանդակում, օրինակ, միակ հարցն այն է, թե գործող առաջնորդը 100 տոկոսից որքան կկորցնի։

Ռուսաստանի նախագահը, որ վերացրել էր վերստին առաջադրվելու արգելքը, կրկին անկասկած կհաղթի, գրում է «Էկոնոմիստ»-ը՝ ընդգծելով՝ Պուտինի ապագան այսօր կախված է ավելի շատ ամերիկացի, քան ռուսաստանցի ընտրողներից։

2. Հաջորդը պատերազմներն են։ Ուկրաինական հակամարտությունը, ըստ «Էկոնոմիստ»-ի, կշարունակվի։ «Ակնհայտ է, որ 2023-ի երկար սպասված հակահարձակումը ձախողվեց, չնայած Ռուսաստանը մեծաթիվ կորուստներ կրեց, բայց շարունակում է օկուպացիայի տակ պահել Ուկրաինայի տարածքի մոտ 18 տոկոսը. կեսը՝ 2014-ին՝ Ղրիմի բռնակցմամբ, մյուս մասն էլ՝ 2022-ից սկսված ներխուժմամբ։

«Պուտինը ուզում է հյուծել Արևմուտքի ներուժն ու նյարդերը», – եզրակացնում է բրիտանական հեղինակավոր պարբերականը՝ հավելելով՝ «լավատեսները կարծում են, որ այս պատերազմը կքայքայի Ռուսաստանի քաղաքական համակարգը, հոռետեսները, մինչդեռ զգուշացնում են՝ Պուտինը դեռ երկար կարող է շարունակել իր այս քաղաքականությունը»։

3. Հարավային Կովկաս։ Ուկրաինական չդադարող հակամարտության ֆոնին «Էկոնոմիստ»-ը փոփոխություններ է կանխատեսում նաև Հարավային Կովկասում՝ արձանագրելով՝ «Ղարաբաղի կարճատև պատերազմն ու անկումը մի դրվագն էր միայն այն մեծ տեղաշարժի, որ փոխել է ուժերի հավասարակշռությունը նախկին Խորհրդային միությունում ու աշխարհում, և որը կշարունակվի նաև հաջորդ տարի»։

«2020 -ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արտոնեց Ադրբեջանին և Թուրքիային՝ հետ վերցնել Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքները։ Միաժամանակ, սեփական՝ խաղաղապահ զորքը տեղակայեց Լեռնային Ղարաբաղում, իբրև թե հայերին պաշտպանելու, իսկ իրականում՝սեփական ազդեցությունը պահպանելու համար: Բայց, երբ եկավ Ուկրաինայի դեմ պատերազմելու ժամանակը, Պուտինը նախընտրեց հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, քան՝ աղքատ, ժողովրդավարական Հայաստանի, և թույլ տվեց Ադրբեջանին մաքրել Լեռնային Ղարաբաղը հայերից, որոնք հույս էին դրել Մոսկվայի պաշտպանության վրա»։

«Արցախահայերին դավաճանելուց բացի Ռուսաստանը հույս ունի նաև շահարկել նրանց գաղթը՝ Հայաստանում վարչակարգի փոփոխություն հրահրելու համար: Պուտինը նաև հույս ունի պահպանել տեղում ազդեցությունը՝ վերահսկելով Թուրքիան Ադրբեջանի հետ կապող միջանցքը, որը կարող է անցնել Հայաստանով»։

Հեղինակավոր պարբերականը միաժամանակ նկատում է, որ այժմ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ձեռքն են վերցրել բոլոր խաղաքարտերը և չեն պատրաստվում անհարկի զիջումներ անել Մոսկվային։ Մյուս կողմից, Թուրքիան ու Ադրբեջանը նաև չեն ցանկանում Արևմուտքի կողմն անցնել: «Անկարան ու Բաքուն ցանկանում են իրենց սեփական ուժային հենակետը ստեղծել Կովկասում»,- գրում է «Էկոնոմիստ»-ը՝ հավելելով․ – «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետևանքներից մեկը միջին քաշային պետությունների, օրինակ, Թուրքիայի վերելքն է, մյուսը՝ Կրեմլի ազդեցության թուլացումը հետխորհրդային աշխարհում»։

4. Մերձավոր Արևելք։ Մյուս տարածաշրջանը, որ կմնա ուշադրության կենտրոնում հաջորդ տարի, Մերձավոր Արևելքն է։ «Համաս»-ի հոկտեմբերյան հարձակումը և Իսրայելի պատասխան գործողությունները ի ցույց դրեցին, որ աշխարհը չի կարող այլևս չտեսնելու տալ պաղեստինցիների դժվարին դրությունը»,- գրում է «Էկոնոմիստ»-ը՝ հավելելով՝ «հստակ է, որ այս պատերազմը փոխելու է պաղեստինցիների կյանքը»։ Թե ինչպես, դծվար է կանխատեսել, բայց կա մի քանի կարևոր գործոն, որից էլ կախված կլինի վերջնական արդյունքը։

Նախ՝ ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում Իսրայելը կավարտի պատերազմը։ Բանակն ասում է՝ զենքերը վայր կդնի, երբ «Համաս»-ն այլևս չլինի, բայց ահաբեկչական այդ խմբավորումը տասնյակ հազարավոր զինյալներ ու ավելի շատ աջակիցներ ունի, ինչը նշանակում է, որ Իսրայելը կարող է մխրճվել տևական պարտիզանական պատերազմի մեջ, Գազայի բնակիչներն էլ՝շարունակական տեղահանման։

Երկրորդ կարևոր գործոնը՝ ի՞նչ է լինելու պատերազմի ավարտից հետո, ո՞վ է վերահսկելու Գազայի հատվածը և ո՞ւմ օգնությամբ։

Երրորդը՝ ի՞նչ դեր է խաղալու ապագայում Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասը, որի վարչակազմը կոռումպացված է, բայց դիրքորոշումներով՝«Համաս»-ից առավել չափավոր։

«Լավատեսները հույս ունեն, որ արյունալի 2023-ը կարող է նաև դրական կողմ ունենալ, և ամրապնդել Պաղեստինի ազգային վարչությունը՝ ստիպելով Իսրայելին գնալ խաղաղության բանակցությունների։ Բայց այս օրերին լավատեսության հիմքեր դժվար է գտնել»,- արձանագրում է հեղինակավոր պատբերականի խմբագրականը։

2024-ի հնարավոր վտանգներն ու սպառնալիքները

Ընդհանուր առմամբ, ըստ «Էկոնոմիստ»-ի, 2024 ը խոստանում է դառնալ 1945 թվականից հետո ամենավճռորոշ տարին աշխարհակարգի համար։

Արևմուտքի մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում 19-րդ դարից ի վեր առաջին անգամ նվազել է մինչև 50 տոկոս։ Հնդկաստանի և Թուրքիայի պես պետությունները կարծում են, որ երկրորդ համաշխարհայինից հետո ստեղծված ինստիտուտներն այլևս չեն արտացոլում իրենց մտահոգությունները: Չինաստանն ու Ռուսաստանը ցանկանում են ավելի հեռուն գնալ և տապալել այս համակարգը։ Թեև Ամերիկայի տնտեսությունը դեռևս մնում է գերակայող, բայց նրա միաբևեռ առաջնորդությունն այլևս չկա, Եվրոպայում և Ճապոնիայում դաշնակիցները հարաբերական տնտեսական անկման մեջ են, մինչ Հանրապետական կուսակցությունում հակված են գնալ Ամերիկայի մեկուսացման:

Աշխարհով մեկ նոր՝ անորոշության միտում է սկսվել, և եթե 90-ականներին շատ երկրներ ձգտում էին դեպի ազատություն, շուկայական տնտեսություն ու կանոնների վրա հիմնված գլոբալիզացիա, ապա հիմա սկսվել է պոպուլիզմի ու մեկուսացող տնտեսությունների անվերահսկելի շրջափուլ։ Արդյունքում, 2024-ին ուրվագծվում է երեք հիմնական վտանգ.

Նախ, ստեղծվել է անպատժելիության աճող դաշտ, որտեղ ո՛չ գլոբալ ուժերը, ո՛չ գլոբալ ինստիտուտները չեն գործում, գրում է «Էկոնոմիստ»-ը՝ մանրամասնելով՝ Ադրբեջանը հենց նոր պատերազմեց Հայաստանի դեմ, դիմեց նաև էթնիկ զտումների՝ այդպես էլ մնալով անպատիժ։ Իրանի աջակիցները բարգավաճում են Մերձավոր Արևելքի ձախողված պետություններում, և չի բացառվում, որ 2024 թվականին այս անպատժելիության գոտին ընդլայնվի նաև Աֆրիկայում և Ռուսաստանի ծայրերում։

Երկրորդ՝ ամրապնդվում է Չինաստանի, Իրանի ու Ռուսաստանի անհանգստացնող եռյակը, որոնք ավելի քիչ ընդհանրություններ ունեն, քան արևտյան երկրները, բայց մեկ հարցում են համակարծիք՝ ուզում են սասանել Ամերիկայի առաջնորդությունը և խուսափել գործող կամ հնարավոր պատժամիջոցներից։ 2024-ին աշխարհը կիմանա՝ մինչև ուր կարող է գնալ այս եռյակը, կանխատեսում է «Էկոնոմիստ»-ը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031