Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշցի Հովսեփը որոշել է հայրենի գյուղում զարգացնել շերամապահությունը՝ նորարարական գաղափարներով

Դեկտեմբեր 27,2023 11:30

ՀՀ Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ Հովսեփ Գյուրջինյանը որոշել է հայրենի գյուղում զարգացնել շերամապահությունը։ 29-ամյա շերամապահի նպատակն է ավանդական շերամապահությունն իրականացնել նորարարական գաղափարներով։

Վարկային մասնագետ Հովսեփը ԵՄ LEADER համայնքային զարգացման մեթոդաբանությամբ Հայաստանում ստեղծված ութ տեղական ակտիվ խմբերից (ՏԱԽ) մեկի՝ «ԾԻԼԻ ԾՈՎ» ՏԱԽ-ի դրամաշնորհառուներից և նոր անդամներից է։ Դրամաշնորհի միջոցով իրականացնում է Silky Tavush կամ Մետաքսե Տավուշ ծրագիրը։ Այն հնարավորություն կտա Հովսեփին թթենիների այգի հիմնել, քանի որ շերամապահության համար հարկավոր է սնունդ՝ թթենու տերևներ եւ ճյուղեր։ Շերամորդը սնվում է միայն թթենու տերևներով։

Aravot.am-ի հետ զրույցում Հովսեփը պատմեց՝ տարածաշրջանում թթենիները քիչ են, ուստի որոշել է թթենու այգի հիմնել․ «Թթենին շերամորդի սնունդն է։ Մենք որոշել ենք ծրագրով մոտ 1000 թթենի տնկել։ Արդեն 800 ծառ տնկել ենք, 200-ն էլ կտնկենք։ Դա կկատարվի կաթիլային ոռոգմամբ, որպեսզի ավելի արդյունավետ լինի․ թթենու տերևներն ավելի մեծ լինեն»։ Շերամապահը վստահեցրեց՝ նաև ստեղծվելու են բազմաթիվ աշխատատեղեր․ Արցախից բռնի տեղահանված մեր մի քանի հայրենակիցներ այժմ էլ աշխատում են ծրագրում։ Իսկ գարնանը, երբ շերամապահությունը սկսվի, ունենալու են արդեն վեց աշխատատեղ։ Ծրագրով նաև բնապահպանական խնդիր է լուծվում։

Հովսեփը պատմեց՝ մինչ շերամապահությամբ զբաղվելը ուսումնասիրել է մասնագիտական գրականություն, լսել ժամանակին շերամապահությամբ զբաղված համագյուղացիների խորհուրդները։ Այնուհետև ներմուծել է գրենաները (շերամի թիթեռի ձու, որից ստացվում է թրթուր, ապա բոժոժ, մետաքսահումք,-հեղ․), հետո ստացել է բերքը, որը հիմնականում իրացրել է Հայաստանում՝ որպես կոսմետիկայի հումք։ Տավուշցի շերամապահն ասաց՝ առաջին փորձից իրեն հաջողվել է մեկ տուփ գրենայից ստանալ մոտ 70 կգ ամենաբարձր որակի մետաքս։ Ոգևորվել է և որոշել ընդլայնել իր գործը։

Հայաստանում կայուն զարգացմանը և գյուղական համայնքների բնակիչների կենսամակարդակի բարելավմանն ուղղված ԵՄ LEADER մեթոդաբանությունը ԵՄ ֆինանսավորմամբ տեղայնացվել է Լոռու և Տավուշի մարզերում՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից ու Շիրակի մարզում՝ Ավստրիական զարգացման գործակալության կողմից: LEADER մեթոդաբանությունն իրականացվում է ՏԱԽ-երի միջոցով, որոնք, առաջնորդվելով գործընկերության և նորարարության մոդելով, համախմբում են տեղական իշխանությունների, տեղական բիզնեսների և տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ ապահովելու շոշափելի արդյունքներ և նպաստելու տեղական զարգացմանը։ Տավուշում, Լոռիում և Շիրակում այժմ գործում են ութ ՏԱԽ-եր, որոնք մասնակցային գործընթացի միջոցով հաստատված առաջնահերթություններին համապատասխան օժանդակում են զարգացման ծրագրերի իրականացմանն իրենց տարածքներում։

Հովսեփը մեզ հետ զրույցում պատմեց՝ ԾԻԼԻ ԾՈՎ ՏԱԽ-ի շրջանակներում մասնակցել է խորհրդատվությունների, դասընթացների, ունեցել փորձի փոխանակման հնարավորություն Վրաստանում։ «Բի Էս Սի» խորհրդատվական ընկերության դասընթացների շնորհիվ էլ հմտություններ են ստացել, թե ինչպես բիզնես գաղափարը հանձնել թղթին, պատշաճ բիզնես պլան ներկայացնել։

Aravot.am-ի դիտարկմանը՝ LEADER գաղափարախոսությունը տարբեր եվրոպական երկրներում տասնյակ տարիներ ընդունված և զարգացած մոտեցում է, որի հիմքում համայնքների բնակիչների կյանքի բարելավումն է, համայնքային զարգացումը և հարցին՝ ձեր համայնքին այս ծրագիրն ի՞նչ կտա, ինչպիսի՞ զարգացում եք ապահովելու, Հովսեփ Գյուրջինյանը պատասխանեց․ «Առաջին հերթին նպաստելու է աշխատատեղերի ավելացմանը, համայնքում կզարգանա նաև տուրիզմը։ Այժմ էլ մեծ հետաքրքրություն կա զբոսաշրջիկների կողմից։ Նախատեսում ենք նաև դասընթացներ շերամապահությամբ հետաքրքրված մարդկանց համար»։ Հովսեփն ասաց՝ ուրախ կլինեն նաև համագործակցել ցանկացողների հետ, ներկայացնել իրենց փորձը։ Ստեղծելու են նաև անկյուն, որտեղ լինելու են փորձացուցադրական, գիտական, կոսմետիկայի թեմայով դասընթացներ։

Հովսեփը վստահ է՝ LEADER ծրագրի շրջանակում ոչ միայն իր, այլև մյուս դրամաշնորհառուների օրինակը վարակիչ կլինի, որովհետև շատերը, տեսնելով իրենց փորձը, գուցե ոգեշնչվեն և ցանկանան այդ փորձն իրենք էլ կիրառել։ Ըստ նրա՝ LEADER ծրագրի շրջանակում ԾԻԼԻ ԾՈՎ տեղական ակտիվ խմբի գործունեությանը զուգահեռ համայնքում արտագաղթի նվազման միտում կա․ «Այս գաղափարը նոր է և, իհարկե, հույս է ներշնչում, որովհետև այն միտված է տարածաշրջանի զարգացմանը թե′ զբոսաշրջության, թե′ գյուղատնտեսության, թե′ բիզնեսի ոլորտում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031