Լրահոս
Օրվա լրահոսը

«Նկատեցի՞ք, որ հենց ընտրություններն ավարտվեցին, Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, ոնց որ սպասեին»․ Հայկ Մարության

Դեկտեմբեր 26,2023 21:35

«Հենց հիմա եթե ընտրություններ լինեն, իշխանությունը շատ ավելի քիչ ձայներ կհավաքի»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի նախկին քաղաքապետ, ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը։

«Նկատեցի՞ք, որ հենց ընտրություններն ավարտվեցին, Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։ Ինձ համար սա շատ տարօրինակ է առնվազն, ոնց որ սպասեին։ Երկրորդ, բնականաբար, թե երեւանցիները, եւ Հայաստանի ժողովուրդը տեսան իշխանությունների գործողություններն այս կամ այն կրիզիսային իրավիճակներում եւ ամենադժվար իրավիճակներում։ Էլ չեմ խոսում այն մասին, ինչ տեղի է ունենում հիմա։ Այնպես որ, սիրելի երեւանցիներ, ձեր՝ ընտրության չգալը, կարծում եմ, բավական թանկ է նստելու ձեզ համար։ Ցավում եմ, որ այդպես է»,- ասաց նա։

Հայկ Մարությանը, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ չկարողացավ ընտրություններում 50+ ձայն ստանալ, ասաց․ «Այստեղ ամենալուրջ խնդիրը եղավ մասնակցությունը։ Մարդիկ չուզեցին գալ մասնակցել ընտրություններին։ Քաղաքականությամբ չզբաղվող, ավելի հանգիստ ու կողքից նայող մարդիկ չեն գալիս ընտրություններին, իսկ իրենց կարծիքը կարեւոր է մեզ համար, իրենք մեծամասնություն են։ Այս պահին, երբ մենք ասում ենք՝ փոքրամասնությունների իշխանություն, դա հենց այնպես չէ, այսինքն՝ ամբողջ քաղաքի ընտրողների 28 տոկոսն է եկել, եւ այդ 28 տոկոսի 32 տոկոսը ձայնը տվել է ՔՊ-ին։ Այսինքն՝ Երեւան քաղաքի ընտրողների 8-9 տոկոսն է ձայնը տվել իշխանությանը, սա լուրջ խնդիր է։ Իշխանության համար սա կատաստրոֆա է, իսկ մեզ բոլորիս համար սա լուրջ խնդիր է»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031