«Եթե «Հանրապետություն» կուսակցությունն այս դահլիճում ՔՊ-ի աջ ձեռքն է, ապա «Հանրային ձայնը» ձախ ձեռքն է։ Մնում է հասկանալ՝ ՔՊ-ն աջլիկ է, թե՞ ձախլիկ»,- քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» խմբակցությունը «Հանրային ձայնին» կոչ էր արել բոյկոտել այսօրվա նիստը, որպեսզի տեղական տուրքերի եւ վճարների բարձրացման մասին հարցի քննարկումն ու առհասարակ նիստը տապալվի, սակայն «Հանրային ձայնը» չմիացավ բոյկոտին։
Հայկ Մարությանն ասաց, որն «Հանրային ձայնը» համագործակցեց իշխանության հետ, եւ ՔՊ թեկնածուին դարձրեցին քաղաքապետ։ «Թե ինչ շահ ունեին իրենք, ես իրոք չգիտեմ, անձնական շահը մաքուր այնտեղ է»,- ասաց նա։
Անդրադառնալով «Հանրային ձայնի»՝ իրենց արած առաջարկին, որն արվել էր ընտրություններից հետո, Մարությանն ասաց, «Իրենց խմբակցության 7 անդամներից մեկն այս պահին անազատության մեջ է, մեղադրվում է շատ լուրջ հանցագործությունների մեջ եւ մեկն էլ չի ուզում գալ Հայաստան, երեւի ինչ-որ խնդիրներ ունի իրավապահ մարմինների հետ։ Համենայնդեպս, իրենք անգամ 7 ձայն էլ չունեն, 5 ձայն ունեն։ Այսինքն՝ եթե մենք համաձայն լինեին իրենց անհավանական պահանջների հետ, իրենք ուղղակի չէին կարող ապահովել քվե, որպեսզի ընդդիմության թեկնածուն դառնար քաղաքապետ»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ