Լրահոս
Օրվա լրահոսը

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության հայտարարությունը Ագուլիսի կոտորածի և հայաթափման 104-ամյակի կապակցությամբ

Դեկտեմբեր 26,2023 20:55

ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել Ագուլիսի կոտորածի և հայաթափման 104-ամյակի կապակցությամբ։

«Օրերս լրացավ Նախիջևանի Վերին և Ներքին Ագուլիս հայկական գյուղերի կոտորածի ու հայաթափման 104 ամյակը։

1919թ․ Վերին և Ներքին Ագուլիս գյուղերը, ինչպես Նախիջևանի մյուս հայկական բնակավայրերը հայտնվել էին ադրբեջանական զորքերի թիրախում։ Ագուլիսում տեղի ունեցած հայկական սպանդի նույնիսկ ամենահպանցիկ ուսումնասիրությունը թույլ է տալիս մի շարք հիմնավոր հետևություններ կատարել։

1919թ․ զենքի սպառնալիքի տակ Ագուլիսներն ընդունեցին ադրբեջանական հպատակություն։ Սակայն դեկտեմբերի 19-ին սկսվեց Ներքին Ագուլիսի կոտորածը, որին զոհ գնացին 400 խաղաղ բնակիչներ, մյուսները մազապուրծ ապաստան գտան Վերին Ագուլիսում։ Վերին Ագուլիսում Էդիֆ բեյ անունով պաշտոնյան ապահովության խոստում տվեց ագուլեցիներին՝ հավատացնելով, թե «միայն իր դիակի վրայով իրենց զորքերը կմտնեն գյուղ»։

Սակայն հաշված օրեր անց թուրք-ադրբեջանական հրոսակախմբերը ներխուժեցին Ագուլիս և երկու օր շարունակ սպանդի ու կոտորածի ենթարկեցին ամբողջ բնակչությանը։ Ագուլիսը ամբողջությամբ կողոպտվեց, թալանվեց և ավերվեց։ Երկու Ագուլիսներում սպանված հայերի թիվը ավելի քան 1400 է։ Նախիջևանի հայկականության երկու օրրանները՝ Վերին և Ներքին Ագուլիս գյուղերը դադարեցին գոյություն ունենալ։

Սա պատմական այն դառը ճշմարտությունն է, որի հետ առերեսումն է խնդիրների լուծման միակ ճանապարհը։ Ավելի քան մեկ հարյուրամյակ առաջ տեղի ունեցած այս դրվագը հստակորեն բնութագրում է ադրբեջանական «անվտանգության երաշխիքները»՝ կոտորածի ու թալանի մշտական սպառնալիքը, ինչն անհնար է դարձնում համակեցության ցանկացած տեսլական։

Սա ևս մեկ անգամ գալիս է փաստելու թե՛ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի ավելի քան կես միլիոն հայության վերադարձի, թե՛ Լեռնային Ղարաբաղից փախստականների վերադարձի խնդրում միջազգային երաշխիքների առկայության անհրաժեշտությունը։ Ցավոք սրտի, հայ-ադրբեջանական հակամարտության և ոչ մի դրվագում Ադրբեջանը չի ցուցաբերել իրական կառուցողականություն և հավատարմություն ստանձնած պարտավորություններին։ Էֆենդի բեյի խոստումից մինչև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տակ դրված ալիևյան ստորագրություն միևնույն տրամաբանությունն է՝ ուժի կիրառումն ու անպատժելիության գիտակցումը։ Ադրբեջանական պետական համակարգը մի հավաքական «Էֆենդի բեյ» է՝ հանցավոր ռասիզմի և հայատյացության մի կատարյալ մարմնացում, որը ինքնին սպառնալիք է ինչպես հայությանը, այնպես էլ ողջ տարածաշրջանի խաղաղեցմանն ու ժողովրդավարացմանը։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը, վերակոչելով և վերարժևորելով պատմական անցյալը, կրկին կոչ է անում միջազգային հանրությանը, իրավապաշտպան կառույցներին, ազդեցիկ երկրներին՝ արձանագրել շարունակաբար տեղի ունեցող ցեղասպանական իրողությունները և համապատասխան արձագանք տալ՝ հակառակ պարագայում ադրբեջանական «էֆենդիբեյությունը» կկործանի խաղաղեցման բոլոր ջանքերը՝ հանգեցնելով նորանոր ողբերգությունների»,- ասված է հայտարարության մեջ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031