Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոսում էին Արցախի ինքնորոշման, Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիայի մասին, բայց ընտրություններից հետո մոռացան Արցախ բառը»․ Հայկ Մարության

Դեկտեմբեր 26,2023 20:44

«Մի քիչ էլ պետք է դիմանանք բոլորս, եւ կարծում եմ՝ շատ մեծ փոփոխություններ պետք է լինեն ոչ միայն քաղաքում, այլ նաեւ մեր երկրում»,- քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա նշեց, որ ավագանու նիստում իր ելույթը կիսատ մնաց, ուզում է շարունակել լրագրողների հետ զրույցի ժամանակ։

«Ելույթս ավագանու անդամների համար չէր, երեւանցիների համար էր։ Մենք կանգ առանք ճոխ ծախսերի վրա, որոնք բացարձակ անհիմն են։ Կարծես իրենք հասկացան,  ես հասնում եմ ամենակարեւոր կետին, մի փոքր խառնվեցին իրար։ Եկեք անդրադառնանք գործող իշխանության իրականացրած այսպես կոչված ռեֆորմներին։ Դրանցից ամենակարեւորը կարմիր գծերի վճարի կտրուկ թանկացումն է։ Տարեկան 160 հազար դրամ վճար՝ գործող 12 հազար դրամի փոխարեն։ Միանգամից ասեմ՝ այնպես չէ, որ սկզբունքորեն դեմ ենք կայանման վարձի թանկացման հարցին։ Բայց մենք ասել ենք՝ այն ժամանակ, երբ քաղաքի տրանսպորտային թանկացման հարցը բավարար չափով լուծված կլինի, կարելի կլինի քննարկել կայանման վարձի բարձրացման հարցը։ Հիմա հարց եմ տալիս մեզ բոլորիս՝ տրանսպորտի հարցը լուծվա՞ծ է։ Այո, մի քանի ավտոբուս ենք բերել, դրանցից մեծ մասը մեր օրոք է բերվել, բայց արդյոք այսօր տրանսպորտի հարցը լուծվա՞ծ է։ Արդյոք մենք ունե՞նք այն հանրային տրանսպորտը՝ բավարար շարժակազմ, որպեսզի մարդիկ այսօր տարեկան 160 հազար դրամ չմուծեն, մեքենան կանգնեցնեն տանը եւ տրանսպորտով հասնեն աշխատանքի վայր եւ իրենց տուն։ Պատասխանը միանշանակ է՝ այսօր հանրային տրանսպորտի վիճակը հեռու է բավարար լինելուց։ Եվ մենք հենց դա էինք ասում թե մեր կառավարման ժամանակ, թե դրանից առաջ»,- նշեց Մարությանը։

Նա ասաց, որ այս թանկացման արդյունքում հոսքերը չեն կրճատվի, պարզապես հարուստները կշարունակեն կայանել կարմիր գծերի վրա, իսկ միջին երեւանցու վիճակը կվատանա։ Փոխարենը,  Երեւանի բյուջեի մուտքերը կավելանան, ՔՊ-ականները հնարավորություն կունենան մյուս տարի ավելի ճոխ «սալյուտ» խփել։ Նա նաեւ հարցադրում արեց, թե ինչպե՞ս ստացվեց, որ իշխանությունները կարմիր գծերի թանկացման որոշումն ընդունեցին ընտրություններից անմիջապես հետո։ «Ինչո՞ւ ընտրությունների շրջանում դրա մասին չէին խոսում, երկու ամիս առաջ էին ընտրությունները։ Պարզ է, չէ՞, թե ինչու, նույն պատճառով, որով 2021 թվականի ընտրություններից առաջ չէին խոսում Արցախի հարցում սպասվող ողբերգական զարգացումների մասին։ Խոսում էին Արցախի ինքնորոշման, Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիայի մասին, նույնիսկ իրենց նախընտրական ծրագրում էին մտցրել կետերը։ Ի՞նչ եղավ 2021 թվականի ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց՝ մոռացան ինքնորոշում բառը, այսօր արդեն մոռացան Արցախ բառը։ Նույն պոպուլիզմն ու խաբեությունը հիմա է»,- ընդգծեց Հայկ Մարությանը։ Ըստ նրա՝ եթե իշխանություններն ընտրություններից առաջ խոսեին թանկացումների մասին, նույնիսկ «Հանրային ձայնը» նրանց չէր օգնի քաղաքապետ ընտրելու հարցում։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031